Thursday, May 2, 2024
ՆորություններԺամանց

Ազգային գրադարանը մեկ գրքում ամփոփել է գեղանկարիչ Վարդգես Սուրենյանցի կյանքն ու գործունեությունը

Հայաստանի ազգային գրադարանը հրատարակել է հայ ազգային պատմանկարչության հիմնադիր, մեծանուն գեղանկարիչ Վարդգես Սուրենյանցի կենսամատենագիտությունը։ Գիրքը կազմել է ՀԱԳ աշխատակից Աիդա Ադամյանը, խմբագրել՝ Դավիթ Մկր Սարգսյանը։ Այն հասանելի է էլեկտրոնային ձևաչափով։

aroxjblog.am-ի հաղորդմամբ՝ ներկայացվող կենսամատենագիտությունն առաջինն է իր տեսակի մեջ, որը նվիրված է Վարդգես Սուրենյանցի բացառիկ ստեղծագործական ժառանգությանը: Այն համակողմանի և ամբողջական ուղեցույց և բանալի է դեպի նրա զարմանահրաշ աշխարհը, և նախատեսված է արվեստագետների, արվեստասերների, պատմաբանների, ուսանողների, Սուրենյանցի բազմաժանր ու բազմաբնույթ ստեղծագործությամբ հետաքրքրվող ընթերցողների լայն շրջանակների համար:

Կենսամատենագիտության մեջ ամփոփված են հայ ազգային պատմանկարչության հիմնադիր, մեծանուն գեղանկարիչ, բեմանկարիչ, ճարտարապետ, գծանկարիչ, գրքի ձևավորող, արվեստի տեսաբան, պատմաբան, թարգմանիչ Վարդգես Սուրենյանցի կյանքն ու գործունեությունը ներկայացնող տպագիր նյութերը՝ գրքեր, հոդվածներ, արխիվային փաստաթղթեր և ոչ գրքային հրատարակություններ:

Ներկայացված է նաև նկարչի արխիվը, որը պահպանվում է Հայաստանի ազգային պատկերասրահում, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում և Հայաստանի ազգային արխիվում:

Տիրապետելով տասը լեզվի՝ Սուրենյանցն ուսումնասիրել է տարբեր ազգերի մշակույթները։ Ժամանակակիցների վկայությամբ` բազմակողմանի զարգացած այդ բացառիկ մտավորականը պարսկերեն Հաֆեզ ու Խայամ էր ասմունքում, անգլերենից թարգմանում էր Վիլյամ Շեքսպիր և Օսկար Ուայլդ, իտալերեն՝ զեկուցումներ կարդում, գերմաներեն գրում գրքերի առաջաբաններ, ռուսերենով կատակում իր բարեկամ Իլյա Ռեպինի հետ, հայոց լեզվի բոլոր բարբառներով զրուցում թուրքական ջարդերից փրկված գաղթականների հետ։

Սուրենյանցը Մյունխենում ուսումնասիրել է գծանկարչություն և գրաֆիկա, տպագրել է ծաղրանկարներ «Թռչող թերթիկներ» երգիծական թերթում: Մյունխենից վերադառնալուց հետո մասնակցել է դեպի Պարսկաստան կազմակերպված գիտարշավին։ Վարդգես Սուրենյանցն ապրել և ստեղծագործել է օտար երկնքի տակ, բայց իր ամբողջ էությամբ կապված է եղել հարազատ ժողովրդին, եղել նրա բախտակիցը, հույզերի ու խոհերի թարգմանը և այդ ամենն արտացոլել իր ստեղծագործություններում։

«Աշխարհիս ամեն կողմը ցրված են զորեղ նկարիչներ, որոնցից ամեն մեկն իր գտնված երկրում անուն է հանել և հռչակվել հայրենիքից դուրս, զորօրինակ Շահին, որ գտնվում է Փարիզում, Մախոխյան՝ Բեռլինում և շատ ուրիշներ։ Եվ ամեն անգամ, երբ իրար պատահում էինք միշտ լուրջ կերպով ցավակցում էինք, որ այդ կերպ անջատված ենք իրարուց և չենք կազմում մի ամփոփ ընկերություն. այդ գանգատը ես անձամբ հանգուցյալ Հովհաննես աղա Այվազովսկուց ևս լսել եմ»,-ասել է Սուրենյանցը:

Վարդգես Սուրենյանցի կյանքն ու ստեղծագործական ժառանգությունն ամբողջությամբ դեռևս չի դարձել համակողմանի հետազոտման, ուսումնասիրման առարկա:

Գրադարանը հույս ունի, որ կենսամատենագիտության լույս ընծայումից հետո շատ հայ արվեստագետներ կանդրադառնան նրա մասին եղած հարուստ գրականությանը և հայ մշակույթի Ոսկե ֆոնդը կհարստացնեն հանճարեղ հային նվիրված նորանոր ուսումնասիրություններով: Այդ հանձնառությունն իրականացնելու գործում իր անփոխարինելի դերակատարությունն, անշուշտ, կունենա ներկայիս մատենագիտական աշխատանքը:

«Սա տղան՝ ազգիս հպարտությունը դառնալու է». Այսպես է Սուրենյանցի մասին գրել ականավոր ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook