Sunday, April 28, 2024
Մանկան ԱնկյունՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Ականջի դակում. Քանի՞ տարեկանից դակել, ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ ոչ ճիշտ դակելուց

Շատերը չեն էլ պատկերացնում, որ ականջ ծակելը կարող է տհաճ բարդությունների հանգեցնել, իսկ երեխաների դեպքում՝ առողջական խնդիրներ առաջացնել: Նախկինում հենց տանն էին ծակում իրենց կամ իրենց երեխաների ականջները: Այսօր սակայն, կարծես մարդիկ ավելի ուշադիր և հետևողական են դարձել այդ հարցում և գերադասում ենք պրոցեսի իրականացումը վստահել մասնագետներին:

Aysor.am-ի հետ զորւյցում էսթեթ-կոսմետոլոգ Իրինա Բաբայանը նշեց. «Ինչպես գիտենք, ականջի վրա կան ռեֆլեքսոգեն շատ գոտիներ, որոնց հետ պետք է շատ զգույշ լինել: Ե՛վ երեխայի նյարդային համակարգը, զգացողության օրգանները, և՛ ամբողջ օրգանիզմն՝ առհասարակ, զարգանում են ակտիվորեն, և ցանկացած սխալ միջամտություն կարող է զարգացումն այլ ուղղությամբ տանել:

Օրինակ՝ անհաջող ծակած բլթակը կարող է առողջական լուրջ խնդիրներ առաջացնել երեխաների մոտ: Ինչպես գիտենք՝ բլթակի վրա կա տեսողության համար պատասխանատու կետ, որը սխալ դակելու կամ վնասելու դեպքում հնարավոր է վատացնել տեսողությունը:

Հնարավոր է սխալ դակելու դեպքում երեխայի սրտի աշխատանքի վրա բացասական ազդեցություն թողնել: Դրա համար շատ կարևոր է, որպեսզի ծնողը շատ երկար հետաքրքրվի, գտնի գրագետ ու պրոֆեսիոնալ մասնագետի, որպեսզի իրականացնի այդ կարևորագույն պրոցեդուրան»:

Մասնագետը կարևորում է ականջի դակման ժամանակ հոգեբանական մոտեցումը. «Առաջին բարձրագույն կրթությամբ՝ ուսուցչուհի եմ, տարիներ շարունակ հոգեբանական շատ դասընթացների եմ մասնակցել: Եվ այդ ամենն ինձ համար հիմք են հանդիսացել կոսմետոլոգիայի ոլորտում իմ մասնագիտական ճիշտ մոտեցման համար, երեխաների հետ ճիշտ աշխատելու համար, դրա համար էլ շատ ծնողներ են ինձ վստահում իրենց երեխաների ականջների դակումը, ինչի համար շատ ուրախ ու հպարտ եմ»:

Անդրադառնալով այն հարցին, թե քանի տարեկանից կարելի է դակել երեխաների ականջները, կոմսետոլոգը նշեց, որ բժիշկների և հոգեբանների կարծիքներն այդ հարցի վերաբերյալ շատ տարբեր են և հակասական. «Ըստ բժիշկների՝ երեխաների ականջները ցանկալի չէ դակել մինչև 3 տարին լրանալը: Սակայն  ես՝ որպես մասնագետ, ով շատ հետազոտութուններ, գրականություն է ընթերցել, ուզում եմ փաստել այն հանգամանքը, որ տարիքի հետ կապված լուրջ սահմանափակում չկա, քանի որ առողջությանը կոնկրետ վնաս հասնելու մասով որևէ հիմնավոր պնդում չկա: Միակ սահմանափակումը ոչ գրագետ մոտեցումն է, ոչ ստերիլ պայմաններում ականջը դակելը, ինչը կարող է բերել հետևանքների: Ես, օրինակ, դակում եմ 1 տարեկանից սկսած: Ինչո՞ւ՝ ոչ ավելի վաղ տարիքից, քանի որ այդ ժամանակ երեխայի բլթակը փոքր է, նուրբ է և անգամ դակման համար նախատեսված այդ փոքրիկ ականջողը կարող է բլթակի համար ծանրություն ներկայացնել: Բժիշկները  դեմ են մինչև 3 տարեկանների ականջները դակելուն՝ հիմնավորելով, որ հնարավոր է երեխան քաշքշի ականջը, ինչն էլ կարող է վարակի աղբյուր հանդիսանալ, անցքերը երեխայի աճին զուգընթաց կարող են տեղաշարժվել և ոչ էսթետիկ տեսք հաղորդեն ականջին: Բայց իրականում, եթե ճիշտ տեղում դակված լինի, անցքը երբեք չի տեղաշարժվի»:

Իսկ ահա հոգեբաններն էլ կարծում են, որ երեխայի ականջները պետք է դակել մինչև նրա գիտակից տարիքը, այսինքն՝ մինչև 1.5 տարեկանը, քանի որ այդ ժամանակ նրանք հոգեբանական տրավմայի չեն ենթարկվում՝ դակման պրոցեսից վախենալով. «Ինչ-որ չափով համամիտ եմ այդ մոտեցմանը, քանի որ երբ դակում ես ավելի վաղ տարիքում, երեխան այդ մի վայրկյանում հնարավոր է լաց լինի ու անմիջապես դադարի: Իսկ ավելի մեծ տարիքում երեխաները նույնիսկ մինչև դակելու պրոցեսը, հնարավոր է, հոգեբանական մեծ սթրեսի ենթարկվեն»:

Բաբայանի խոսքով՝ դակումից հետո ցանկալի չէ ոչինչ քսել ականջին. «Ես բոլոր ծնողներին հորդորում եմ պարզապես թողնել, որպեսզի ականջի անցքն ինքնուրույն վերականգնվի, եթե  որևէ խնդիր չի առաջացել: Միայն ցանկալի է 3 օր երեխայի գլուխը չթրջել և խնդիրներ առաջանալու դեպքում՝ թեթևակի բորբոքում, կարմրածություն, ոչ մի դեպքում չմշակել սպիրտային լուծույթով, այլ միայն միրամիստինով և ջրածնի պերոքսիդով: Եվ օղն էլ պետք է փոխել 2 ամսից ոչ շուտ: Ծնողներ կան, որոնք շտապում են իրենց  նախընտրած ականջօղը դնել, ժամանակից շուտ փոխում են, դրանից էլ առաջանում են խնդիրներ, քանի որ անցքը վերջնականապես վերականգնված չէ, և մետաղի փոփոխությունից հնարավոր է ալերգիկ ռեակցիա լինի, ինչն էլ վարակի աղբյուր դառնա»:

Մասնագետը նաև կարևորում է ականջդակիչների և ականջօղերի որակյալ լինելը. «Շուկայում առկա են բավականին  անորակ ականջդակիչներ, ու դա շատ վտանգավոր է: Երբեմն սկսնակ կոսմետոլոգները խնայում են գումար, մտածում են, որ դա այն պրոցեդուրան է, որը ոչ հաճախակի է լինում և կարելի է ցածրարժեք դակիչներով էլ աշխատել, բայց ականջի դակումը բժշկական միջամտություն է և լուրջ մոտեցում է պահանջում: Ես իմ աշակերտներին, ծանոթներին հորդորում եմ, որ չխնայեն գումար և որակյալ դակիչներ վերցնեն: Իսկ ականջօղերն էլ հիմնականում պետք է լինեն բժշկական պողպատից՝ ոսկեջրած և հակաալերգիկ»:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook