Thursday, May 2, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի հղացման տոնը

Սուրբ Աստվածածնի հղության տոնն է

 Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի հղացման տոնը։ Սուրբ Աննայի՝ Սուրբ Աստվածածնով հղիությունը նկարագրված չէ Աստվածաշունչ մատյանում: Այն մեզ է փոխանցվել Եկեղեցու Սրբազան ավանդության շնորհիվ: Ուշադրության արժանի է այն փաստը, որ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի մայրը՝ Սուրբ Կույս Մարիամ Աստվածածինը ծնվել է ամուլ ծնողներից: Նրա ծնունդն ավետել է հրեշտակը։

 Սուրբ Կույսի ծնողները` Սուրբ Հովակիմն ու Սուրբ Աննան, երկար ժամանակ երեխա չէին ունենում, քանի որ վերջինս ամուլ էր: Մի օր, երբ Աննան իջնում է պարտեզ՝ աղոթելու, հանկարծ հայտնվում է Տիրոջ հրեշտակը և ավետում, որ ինքը զավակ է ունենալու, ում երանի են տալու բոլոր ազգերը: Աննան գոհություն է հայտնում Աստծուն, որ լսեց իր անդադրում աղոթքներն ու գթաց իրեն: Նա խոստանում է իր զավակին Աստծուն նվիրել: Նույն այս տեսիլքը երևում է նաև Սուրբ Հովակիմին` հայտնելով բարի լուրը: Սուրբ Կույսի հայրը նույնպես փառք է տալիս Բարձրյալին այդ մեծ շնորհին արժանացնելու համար: Բարեպաշտ ծնողների աղաչանքները լսելի են լինում և ծնվում է դուստր, ում անվանում են Մարիամ, այսինքն` լուսավորված:

 Սուրբ Աստվածածինը ընտրյալ զավակ էր: Սերում է քահանաների ու թագավորների տոհմից, քանզի Նա, Ով նրանից պիտի ծնվեր, Քահանա է ու Թագավոր:

 Սուրբ Աստվածածնի ծնողների հույսի աղբյուրը անսպառ հավատքն էր, մշտնջենական աղոթքն ու վստահությունն առ Տերը։

 Այսօր ընտանիքներ կան, որոնք զավակներ չունեն, և ինչպես Սուրբ Հովակիմն ու Սուրբ Աննան, աղոթում են, որ Աստված իրենց զավակ պարգևի։ Այդ ընտանիքներից գուցե նաև կան այնպիսիք, որ հեռանում, նեղանում են Աստծուց՝ հարցնելով՝ ինչո՞ւ չի պատասխանում իրենց արդար աղոթքներին, զավակ ունենալու իրենց խնդրանքներին։

 Դեկտեմբերի 9-ը՝ Աստծուց սպասված ավետիսը լսելու այս հրաշալի օրը, թող լինի նման մարդկանց և զավակ չունեցող բոլոր ընտանիների համար հույսով լցվելու ևս մեկ առիթ։ Հավատացե՛ք, աղոթե՛ք և սպասե՛ք հրաշքի, որը կթակի ձեր դուռը, երբ գա ժամանակը, քանի որ ինչպես Քրիստոս է ասել «չգիտեք ո՛չ օրը, ո՛չ էլ ժամը» (Մատթեոս 25։13)։

Qahana.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook