Sunday, April 28, 2024
Նորություններ

Անցում ֆինանսական միջազգային համակարգին

Առողջապահության նախարարությունը որդեգրել է ֆինանսական միջազգային համակարգին անցնելու քաղաքականություն։

«Դա հնարավորություն կընձեռի նույնականացնել հաշվետվողականության ձևերը, ինչպես նաև դրանք հասանելի և ընկալելի դարձնել միջազգային հարթակներում»,- ԱՆ ենթակայության պետական կազմակերպությունների հաշվապահների հետ հանդիպման ժամանակ ասել է աշխատակազմի ղեկավար Նելսոն Զուլոյանը։

ՀՀ ԱՆ աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Անի Հարությունյանը մանրամասնել է  նպատակին հասնելու քայլերը։ Այդ ճանապարհին հաշվապահների գիտելիքների ստուգման և վերապատրաստման ծրագրի շրջանակում ՀՀ ԱՆ ենթակայության պետական 30 կազմակերպության գլխավոր հաշվապահները, ցանկության դեպքում նաև այլ հաշվապահներ,  կանցնեն գիտելիքների նախնական ստուգում։  Թեստավորման արդյունքում գերազանց միավոր հավաքած հաշվապահները կազատվեն վերապատրաստման պարտավորությունից:

Անի Հարությունյանն ընդգծել է, որ անցողիկ միավոր հավաքած մասնակիցների ուսուցումն, ամենայն հավանականությամբ, կկազմակերպվի առանձին, փոքր խմբերով` պայմանավորված մասնակիցների գիտելիքների մակարդակով։

Դասընթացներին կուսուցանեն միջազգային որակավորում ունեցող դասախոսները։

Ծրագրի մասնակիցները կհզորացնեն իրենց գիտելիքներն ու հմտությունները հետևյալ ուղղություններով՝ ֆինանսական և կառավարչական հաշվառման հիմնական տարրեր, Աշխատանքային օրենսգիրք, 100% պետական մասնակցությամբ կազմակերպություններում հաշվապահական հաշվառման առանձնահատկություններ, շահաբաժինների հաշվարկ, Ֆինանսական հաշվառման միջազգային ստանդարտներ։

Բանախոսի խոսքով նշված թեմաների իմացությունը խիստ կարևոր է հաշվապահական հաշվառման պահանջվող մակարդակն ապահովելու համար։

Ընդ որում, դասընթացների համար վճարը պետք է կատարեն  կազմակերպությունները։

Աշխատանքին զուգընթաց երկամսյա դասընթացներին կհաջորդի գիտելիքների վերջնական ստուգումը։

Վերապատրաստումը հաջողությամբ անցնողները կստանան համապատասխան հավաստագիր։

«Մեր նպատակն է բարձրացնել ձեր գիտելիքներն ու մասնագիտական որակավորումը, որպեսզի վստահ լինենք, որ միջազգային հարթակում կարող եք նույն լեզվով խոսել»,-ասել է Անի Հարությունյանը։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook