Saturday, April 27, 2024
ՆորություններԺամանց

Աշխարհը մարտի 27-ին տոնում է Թատրոնի միջազգային օրը

 «Թատրոնն աղոթքի վայր է, ծես»,-այսպես է թատրոնը բնութագրել անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանը, թատրոն, որի միջազգային օրն աշխարհը տոնում է մարտի 27-ին:

Թատրոնի միջազգային օրն առաջին անգամ նշվել է Ֆրանսիայում, ինչից հետո այն նշելու ավանդույթը տարածվել է ամբողջ աշխարհում: Այն տոնելու գաղափարը հաստատվել է Թատրոնի միջազգային ինստիտուտի որոշմամբ:

Համաձայն կանոնադրության՝  կազմակերպության գործունեությունն ուղղված է ազգերի միջև բարեկամության և խաղաղության ամրապնդմանը, ինչպես նաև աշխարհի բոլոր թատերական խմբերի միջև համագործակցության ընդլայնմանը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Արմեն Քուշկյանն ասում է՝ թատրոնն  իր կյանքն է: Նրա օրը սկսվում և ավարտվում է թատրոնով: Այլ կերպ իրեն պատկերացնել չի կարող: «Երբ տուն եմ գնում, կինս ասում է. «Տանն ես, վերջ, իջիր բեմից, որ հանգիստ շփվենք»: Դերասանների մեծ մասը թատրոնից բացի այլ տեղերում է աշխատում, որպեսզի կարողանա զբաղվել այն գործով, որն իրականում սիրում է: Եթե մնանք միայն թատրոնում, չենք կարողանա ապրել, իսկ ապրել պետք է: Հաճախ եմ ասում, որ հարգում եմ ու խոնարհվում եմ այն դերասանների առաջ, որոնք տաքսի են վարում, հարսանիքներ են վարում, որ կարողանան մտնել թատրոն ու ներկայացում խաղալ: Դա արվում է հանուն թատրոնի, որպեսզի մենք լինենք այնտեղ, որտեղ մեզ իրական ենք զգում»,-շեշտում է Քուշկյանը:

Շնորհավորելով թատրոնի միջազգային օրը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծում է. «Այս օրը մշակութային կյանքի, թատերասեր հանրության համար կարևոր իրադարձություն է՝ ևս մեկ անգամ ընդգծելու թատրոնի անփոխարինելի դերը բոլոր ժամանակներում։ Թատրոնն այն հայելին է, որում արտացոլվում է հասարակությունն իր վարքականոններով, կենցաղավարությամբ, բարոյահոգեբանական նկարագրով, արժեհամակարգով և գեղագիտական ընկալումներով։ Թատրոնը նաև այն ճանապարհներից մեկն է, որը հասարակությանը տանում է դեպի կատարելագործում, ինքնակրթում և հոգևոր ապաքինում»:

Հայաստանում Թատրոնի միջազգային օրվա ամենասպասված միջոցառումներից մեկը «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունն է, որն անցկացվելու է 23-րդ անգամ:

«Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը, որը հիմնադրել է 1996 թվականին ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը, ի մի է բերում նախորդ տարվա կատարված աշխատանքները:  Սկզբում մրցանակ է տրվել միայն «Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար» անվանակարգում, իսկ  1999 թվականից սկսած տարեցտարի անվանակարգերի թիվն ավելացել է:

Թե՛ թատրոնի բնագավառի ներկայացուցիչները, թե՛ թատերասերներն անհամբերությամբ են սպասում կարևոր իրադարձությանը:

x Close

Like Us On Facebook