Saturday, April 27, 2024
ՆորություններԺամանց

Շրջանառության մեջ են դրվում «Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակ» եւ «Պարույր Սեւակի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամները

2024 թվականի մարտի 25-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառ​ության մեջ է դնում «Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակ» և «Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամները:

Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամ

ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎ (Սարգիս Փարաջանյանց, 1924–1990 թթ.)՝ հայ անվանի կինոռեժիսոր, սցենարիստ, կոլաժի վարպետ, ՀԽՍՀ և ՈՒԽՍՀ ժողովրդական արտիստ (1990 թ.):

Ծնվել է Թիֆլիսում, որտեղ և ստացել է միջնակարգ կրթություն: 1945 թ. ընդունվել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտի (ՎԳԻԿ) ռեժիսորական ֆակուլտետը: 1952 թ-ից աշխատել է Կիևի Դովժենկոյի անվան կինոստուդիայում, որտեղ նկարահանել է իրեն համաշխարհային ճանաչում բերած «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը (1964 թ.): 

1969 թ. Հայֆիլմ կինոստուդիայում Փարաջանովը նկարահանում է «Նռան գույնը» («Սայաթ-Նովա») ֆիլմը, որը համարվում է կինոարվեստի գլուխգործոց։ Ֆիլմում նա իրագործում է նորարարական սեփական գաղափարները՝ բացահայտելով անտեսանելին ու ոգեղենը իր իսկ  ստեղծած առարկաների, սիմվոլների և ծեսերի միջոցով: Ժամանակի իշխանությունները չեն ընդունում ռեժիսորի այս և այլ ֆիլմերում դրսևորվող մոտեցումները, արգելում են  նկարահանումները և  ազատազրկում  նրան։ Սակայն Փարաջանովը չի դադարում գործել և իր ողջ ստեղծագործական ավյունն ուղղում է գծանկարների, կոլաժների, տիկնիկների, գլխարկների և արվեստի այլ գործերի ստեղծմանը։ 

Ֆիլմեր նկարահանելու հնարավորություն կրկին ստանալուց հետո ստեղծում է «Լեգենդ Սուրամի ամրոցի մասին» (1984 թ.) համաշխարհային ճանաչում ստացած ֆիլմը և 1987 թ. առաջին անգամ հրավիրվում է արտասահման` մասնակցելու Ռոտերդամի (Նիդեռլանդներ) կինոփառատոնին, որտեղ ֆիլմը ստանում է առաջին մրցանակը «Ամենանորարարական ֆիլմ» անվանակարգում։ 

Փարաջանովյան արվեստը այսօր էլ չի դադարում ոգևորել աշխարհի բազմաթիվ արվեստագետների և կինոգործիչների: 

Երևանում գործում է Սերգեյ Փարաջանովի թանգարանը (1991 թ-ից), որտեղ պահվում են նրա հազարից ավելի աշխատանքները: 

Դիմերես՝ դրվագ Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից, Փարաջանովի արձանը Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում (քանդակագործ՝ Ա. Շիրազ, 1999 թ.): 

Դարձերես՝ Սերգեյ Փարաջանովի դիմապատկերը, դրվագներ նրա «Խեցիով վարիացիա Պինտուրիկիոյի և Ռաֆայելի թեմաներով»․ 2-րդ տարբերակ` նվիրված է Վ. Ա. Կատանյանին (1989 թ.), «Լացող Ջոկոնդան» (1977 թ.), «Դանիել Օլբրիխսկու դիմանկարը» (1980 թ.) կոլաժներից:

Էսքիզների հեղինակներ՝ Հարություն Սամուելյան (դիմերես), Աննա Կուրղինյան (դարձերես): 

Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը10 000 դրամ
Մետաղը/հարգըոսկի 9000
Քաշը8,6 գ
Տրամագիծը22,0 մմ
Որակըպրուֆ
Դրամաշուրթըատամնավոր
Թողարկման քանակը300 հատ
Թողարկման տարեթիվը2024

Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամ

 ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ (Ղազարյան, 1924–1971 թթ.)՝ հայ ականավոր բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ, հասարակական գործիչ: 

1945 թ. ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը, այնուհետև՝ ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան  գրականության ինստիտուտի ասպիրանտուրան (1948 թ.), 1963–1971 թթ. եղել է ինստիտուտի գիտաշխատող։ 1951–1956 թթ. սովորել է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտում, որտեղ էլ 1957–1959 թթ. դասախոսել է գեղարվեստական թարգմանության ամբիոնում: 

1966–1971 թթ. եղել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարը:

«Սայաթ-Նովա» մենագրության համար գրողին շնորհվել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1969 թ.): 

Սևակի բանաստեղծությունները տպագրվել են 1942 թ-ից։ «Անմահները հրամայում են» (1948 թ.)՝  նրա հեղինակած անդրանիկ գրքույկն է: Հետագայում գրված գործերից առանձնանում է «Նորից քեզ հետ» (1957 թ.) ժողովածուն, որում ի հայտ են գալիս բանաստեղծի ստեղծագործական նոր որակներ։  

«Անլռելի զանգակատուն» քնարական-փիլիսոփայական պոեմը (1967 թ. արժանացել է Հայկական ԽՍՀ պետական մրցանակի) պատկերում է Կոմիտասի ճակատագիրը՝ մեկտեղված հայ ժողովրդի ճակատագրի հետ: Ժամանակակից մարդու բնույթն ու նրա ապրումները վերհանող խոհափիլիսոփայական ստեղծագործություններն ամփոփված են «Մարդը ափի մեջ» (1963 թ.) և «Եղիցի լույս» (1971 թ.) ժողովածուներում:

Սևակը կատարել է թարգմանություններ Ա. Միցկևիչի, Ա. Պուշկինի, Խ. Բոտևի, Մ. Լերմոնտովի, Յա. Կուպալայի, Յա. Ռայնիսի, Վ. Բրյուսովի, Ի. Աբաշիձեի, Է. Մեժելայտիսի  և այլոց գործերից:

Սևակի բանաստեղծությունները թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով: 

Նրա անունով անվանակոչվել են փողոցներ և դպրոցներ ՀՀ տարբեր բնակավայրերում, թաղամաս և փողոց՝ Երևանում, գյուղ՝ Արարատի մարզում: Բանաստեղծի ծննդավայր Զանգակատուն գյուղում 1981 թ-ից գործում է նրա տուն-թանգարանը:

Դիմերես՝ եկեղեցու զանգակատան պատկեր, «Մարդը ափի մեջ» գրքի շապիկը (նկարազարդող՝ Խ. Գյուլամիրյան, 1963 թ.): 

Դարձերես՝ Պարույր Սևակի դիմապատկերը, ստորագրությունը, փետրագրիչ՝ Սևակի «Հայաստան» (1950 թ.) բանաստեղծության ֆոնին:

Էսքիզների հեղինակ՝ Էդուարդ Կուրղինյան:

Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը10 000 դրամ
Մետաղը/հարգըոսկի 9000
Քաշը8,6 գ
Տրամագիծը22,0 մմ
Որակըպրուֆ
Դրամաշուրթըատամնավոր
Թողարկման քանակը300 հատ
Թողարկման տարեթիվը2024

Ծանուցում

Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաև դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով:
Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով և ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության և այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին:
Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով և չեն վերաթողարկվում:
Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է բանկի ներսում և բաց է բոլորի համար:

x Close

Like Us On Facebook