Thursday, May 2, 2024
ՆորություններԺամանց

Ապրել ծնողների հե՞տ, թե՞ առանձին

Ամուսնու մորը սկեսուր-մայրի՞կ ասել, թե՞ մամա։ Հարսը պիտի շուտ արթնանա, ամոթ է, որ սկեսուրն ու սկեսրայրն արթնանան, հարսը քնած լինի։ Նման և շատ այլ հարցեր են առաջանում ծնողների և հարսների միջև, որոնք ազդում են նաև ամուսին- կին հարաբերությունների վրա։ Սակայն, անգամ այս բոլոր հարցերին լուծում տալու դեպքում, միևնույնն է՝ «հարևանի հարսը միշտ էլ լավն ա»։

Դեռ հնուց հայկական ավանդական ընտանիքին բնորոշ է եղել, որ տղան ընտանիք կազմելուց հետո պետք է ծնողների հետ միևնույն հարկի տակ ապրի: Այսպես են մտածել մեր պապերը, ծնողները, սակայն ժամանակի հետ այս կարծրատիպը փոխվել է, ու հատկապես երիտասարդների շրջանում մեծ տարածում է գտել ծնողներից առանձին ապրելու ձգտումը: Այսօր ամեն երկրորդ ընտանիք ցանկանում է ինքնուրույն ապրել:

«Սկեսրայրիս մոտ երեխայիս անգամ չեմ սիրել, ամուսնուս կողքը չեմ նստել։ Այն ժամանակ ամեն ինչ շատ խիստ էր։ Սկեսրայրս առավոտյան հինգին էր աշխատանքի գնում, ու ես ստիպված նրանից շուտ պետք է արթնանայի։ Հիմա մտածում եմ, որ եթե տղաս ամուսնանա և ցանկանա առանձին ապրել, ապա ես ու ամուսինս չենք խոչընդոտի», – ասում է Զոյան, ով մոտ օրերս ամուսնացնելու է տղային։
«Խոսում են ամեն ինչի վրա», «ուզում են, որ միշտ իրենց կողքին նստենք», «չեն թողնում հեռուստացույցի ձայնը բարձրացնել», «ուզում են, որ ապրենք այնպես, ինչպես իրենք». ահա այն հիմնական պատճառաբանությունները, որոնք բերում են ծնողներից առանձին ապրել ցանկացող երիտասարդ զույգերը: Նրանք ուզում են ազատ ապրել, ինքնուրույն, ինքնահաստատվել։ Շատերը պատրաստ են անգամ վարձակալությամբ ապրել:
Լուսինեն ավելի քան տասը տարի ապրել է ամուսնու ծնողների հետ, բայց հիմա առանձին է ապրում. «Երկար ժամանակ եմ ապրել ամուսնուս ծնողների հետ: Իհարկե, շնորհակալ եմ Տիրոջը նրա ծնողների համար, բայց առանձին ապրելուց լավ բան չկա: Երբ միասին էինք ապրում, ամուսնուս մայրը հաշվի չէր առնում կարծիքս ու ասում էր՝ իմ տունն է, կանեմ այն, ինչ ուզում եմ», – հիշում է Լուսինեն:
Շատ ծնողներ կարծում են, թե իրենց «պահած ու մեծացրած» տղայի ընտրյալն իրավունք չունի իր կառուցած տանը որոշումներ կայացնել կամ՝ պահել-մեծացրել են, որ թողնեն՝ գնա՞:
Արմինեն երկու տղա ունի, որոնք դեռ չեն ամուսնացել, բայց իր համար հստակ որոշել է, որ միասին են ապրելու. «26 տարի իզո՞ւր եմ պահել-մեծացրել: Խոսք չի կարող լինել, միասին պիտի ապրենք», – ասում է նա:
«Տղամարդը, թողնելով իր հորն ու մորը, պետք է միանա իր կնոջը, և երկուսով պետք է լինեն մի մարմին» (Ծննդ. 2:24):
Հորն ու մորը թողնելու աստվածաշնչյան խոսքը թող չտխրեցնի ծնողներին, որովհետև դա չի նշանակում սիրելի ծնողներից հրաժարում, այլ ծնողական ընտանիքի հովանուց դուրս գալու և նոր ընտանիք ստեղծելու իրողություն:
Հիշենք, որ Աստված տասը պատվիրանների թվում հրահանգում է պատվել հորն ու մորը (Ելք 20:12), և Ս. Պողոս առաքյալն այս պատվիրանի մասին ասում է, որ Աստծո կողմից խոստումով տրված առաջին պատվիրանն է (Եփես. 6.2-3): Պատվիրանն այսպես է. «Պատվի՛ր քո հորն ու մորը, որպեսզի բարիք գտնես, երկար ապրես»: Ուրեմն, երկար ապրելու, երկրային երկար կյանք ունենալու գրավականներից մեկը ծնողներին պատվելն է:
Թողնել հորն ու մորը՝ նշանակում է նրանցից հոգեպես առանձին կյանք սկսել: Ընտանիքի մեջ ընտանիք չի կարող ձևավորվել և գոյատևել։ Շատ կարևոր է, որ ծնողներն ազատ թողնեն երեխաներին՝ ձևավորելու իրենց նոր ընտանիքը։ Եվ այս պարագայում սկզբունքային չէ՝ մեկ հարկի տա՞կ կապրեն, թե՞ ոչ։ Գուցե գործնականում առաձին ընտանիք ձևավորելու համար նպաստավոր պայման է առանձին ապրելը, բայց առավել կարևոր է, որ տղամարդն իր տեղում լինի։ Սխալ է մի հարթության վրա դնել ծնողին և կնոջը, ու դա էլ բավական չէ՝ կանգնել «բարդ» ընտրության առաջ՝ ծնո՞ղը, թե՞ կինը։ Աստվածային նախախնամությունը երբեք նման ընտրություն չի առաջարկում։
Տղամարդն ու կինը պսակի խորհրդով դառնում են մեկ մարմին, ոչ թե կողք կողքի, ոչ թե միասին, այլ մեկ չառանձնացվող ամբողջություն: Այնքան ամբողջական, որ մեկի գոյությունն առանց մյուսի նման է մարդու մարմնի՝ երևացող որևէ անդամի չլինելուն: Այստեղ ընտրության հարց չկա, այլ՝ պատասխանատվության։
Ընտանեկան հարցերը մշտապես առանձնանում են իրենց բարդությամբ: Երբ երկու երիտասարդներ ամուսնական ուխտ են կնքում, սկսվում է երկու աշխարհների միաձուլման ընթացք: Եվ սա հեշտ ընթացք չէ: Սակայն եթե ամուսնության մեջ Աստծո օրհնության կարևորությունը լինի, ընտանիքում ամեն բան իր տեղում կլինի:
Մարիամ Խաչատրյան http://qahana.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook