Saturday, April 27, 2024
ՀիվանդություններՆորություններ

Առողջական ինչ խնդիրներով կարող է պայմանավորված լինել քաշի կտրուկ կորուստը

Գոյություն ունեն ներզատական համակարգի որոշ հիվանդություններ, որոնց դեպքում մարդը կարող է անսպասելի նիհարել։ Այս մասին gazeta.ru-ի հետ զրույցում ասել է ներզատաբան, սննդաբան Օքսանա Միխալևան։

«Հաճախ քաշի կտրուկ կորուստ է տեղի է ունենում 1-ին տիպի շաքարային դիաբետի ժամանակ, որը զարգանում է երեխաների և երիտասարդների մոտ, բայց երբեմն այն կարող է նկատվել նաև 2-րդ տիպի շաքարային դիաբետի դեպքում: Դա պայմանավորված է մեզի հետ ջրի և գլյուկոզայի կորստով և օրգանիզմի ջրազրկմամբ։ Հեղուկի կորուստը հանգեցնում է ծարավի, մարդն սկսում է ավելի շատ հեղուկ խմել, բայց դա չի փոխհատուցում ջրի կորուստը, և տեղի է ունենում մարմնի զանգվածի նվազում 5, 7 կամ նույնիսկ 10 կգ-ով ընդամենը մեկ-երկու ամսում», – բացատրել է մասնագետը՝ ընդգծելով, որ շաքարային դիաբետով պայմանավորված քաշի կորստի դեպքում նկատվում են որոշ առանձնահատկություններ, որոնցից են ծարավի զգացումը, բերանի խոռոչի չորությունն ու թուլությունը:

Բացի այդ, ինչպես նշել է ներզատաբանը, քաշի կտրուկ կորուստը կարող է խոսել նաև թիրեոտոքսիկոզի մասին։

«Սա հիվանդություն է, որի դեպքում նկատվում է վահանագեղձի հորմոնների արտադրության կտրուկ աճ, ինչի հետևանքով նյութափոխանակության ակտիվացման պատճառով մի քանի անգամ շատ էներգիա է սպառվում նույնիսկ բավական մեծ ախորժակի դեպքում», – նշել է նա։

Բժշկի խոսքով՝ թիրեոտոքսիկոզի դեպքում կարող է նկատվել մարմնի ու ձեռքերի դող, սրտխփոց, շոգի զգացում, աչքերի ցավ ու այրոց, ինչպես նաև քնի խանգարումներ։

Շաքարային դիաբետից ու թիրեոտոքսիկոզից բացի, քաշի նվազումը կարող է պայմանավորված լինել նաև մակերիկամային անբավարարությամբ։

«Քաշի կորուստն այնքան կտրուկ չէ, որքան շաքարային դիաբետի դեպքում, բայց կարող է զգալի լինել: Այս խնդրին բնորոշ է նաև մաշկի դիֆուզային պիգմենտացիան, որի դեպքում մաշկը արևայրուքին բնորոշ բրոնզագույն երանգ է ստանում։ Պիգմենտացիան հատկապես շատ է արտահայտված մաշկի ծալքերի հատվածներում», – հայտնել է բժիշկը՝ հավելելով, որ այս հիվանդության դեպքում նկատվում է նաև մկանային թուլություն ու զարկերակային ճնշման կտրուկ անկում, որը կարող է անգամ ուշագնացության հանգեցնել։

Նյութը ՝ tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook