Sunday, April 28, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Առողջական ինչ խնդիրներով կարող է պայմանավորված լինել լնդերի արյունահոսությունը

Լնդերի արյունահոսությունը բավական տարածված խնդիր է, որը մարդիկ հաճախ անտեսում են: Սակայն մասնագետները նախազգուշացնում են, որ այս խնդիրը կարող է լուրջ հետևանքներ ունենալ և հանգեցնել ատամների կորստի, ուստի այն ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել: Այս մասին  գրում է med.tert.am-ը:

Բացի այդ, լնդերի արյունահոսությունը կարող է պայմանավորված լինել առողջական տարբեր խնդիրներով, որոնք չբուժելը կարող է վտանգավոր լինել առողջության համար:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ամենատարածված պատճառները, որոնցով կարող է պայմանավորված լինել լնդերի արյունահոսությունը:

·         Լնդերի բորբոքում

Լնդերի արյունահոսության ամենատարածված պատճառը բորբոքումն է, որը սովորաբար պայմանավորված է լինում բերանի խոռոչի սխալ հիգիենայով: Այս խնդիրն ուղեկցվում է լնդերի կարմրածությամբ, այտուցվածությամբ ու ցավոտ զգացողություններով, իսկ չբուժելու դեպքում ժամանակի ընթացքում կարող է դառնալ ատամների թուլացման ու կորստի պատճառ:

 Բորբոքված լնդերը բուժելու համար հարկավոր է առաջին հերթին մաքրել ատամները ատամնաքարերից ու փառից՝ բորբոքման առաջացման պատճառից ազատվելու համար: Այս պրոցեդուրայից հետո նշանակվում է հատուկ թերապիա հակասեպտիկ ու հակաբորբոքային դեղամիջոցներով, ինչպես նաև հակաբորբոքային բաղադրիչներ պարունակող ատամի մածուկով:

·         Պարօդոնտոզ

Սա վտանգավոր համակարգային հիվանդություն է, որը մարդիկ հաճախ շփոթում են պարօդոնտիտի հետ: Սակայն հարկ է հիշել, որ պարօդոնտոզը կապված չէ լնդերի բորբոքման հետ, այլ բնորոշվում է լնդերի իջեցմամբ, ինչի հետևանքով ատամները սկսում են շարժվել, իսկ լնդերը երբեմն արյունահոսում են: Սա լուրջ հիվանդություն է, որը բուժելը բավական դժվար է:

·         Հորմոնալ խանգարումներ

Լնդերի արյունահոսություն կարող է նկատվել նաև հորմոնալ փոփոխությունների դեպքում: Օրինակ՝ հաճախ նման խնդիր է նկատվում հղիների մոտ: Սա վտանգավոր ախտանշան չէ, սակայն այն կարող է պայմանավորված լինել նաև գինգիվիտով, ուստի, այնուամենայնիվ, խորհուրդ է տրվում դիմել ատամնաբույժին և անհրաժեշտության դեպքում բուժման կուրս անցնել (հակաբորբոքային ու ամրապնդող թերապիա):

Բացի այդ, նման խնդիր կարող է ի հայտ գալ նաև դեռահասների մոտ, ինչը պայմանավորված է այդ տարիքում օրգանիզմում տեղի ունեցող հորմոնալ փոփոխություններով:

Սակայն հարկ է հիշել, որ հորմոնալ փոփոխությունները կարող են պայմանավորված լինել նաև լուրջ խանգարումներով, ուստի այս դեպքում լնդերի արյունահոսությունից ազատվելու համար հարկավոր է առաջին հերթին հորմոնալ թերապիա անցնել և ազատվել հիմնական հիվանդությունից:

·         Վիտամինների դեֆիցիտ

Լնդերի արյունահոսությունն ու ցավը կարող է վկայել նաև վիտամինների պակասի մասին: Նման դեպքերում պարզապես հարկավոր է ավելի շատ միրգ ու բանջարեղեն ուտել, ինչպես նաև վիտամինային հավելումներ ընդունել:

·         Քրոնիկական հիվանդություններ

Հաճախ այս ախտանշանը պայմանավորված է լինում որոշ քրոնիկական հիվանդություններով, որոնց շարքին են դասվում էնդոկրին (ներզատական) համակարգի հիվանդություններով, շաքարային դիաբետով, ՄԻԱՎ-ով, լեյկոզով կամ արյան մակարդելիության խանգարումներով: Այս դեպքում լնդերի արյունահոսությունը շատ կարևոր ախտանշան է, որը ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել:

·         Սխալ ընտրված հիգիենայի միջոցներ

Եթե արյունահոսությունը պայմանավորված չէ լնդերի բորբոքումով կամ որևէ այլ խնդրով,ապա դրա առաջացման պատճառ կարող է լինել սխալ ընտրված կոշտ խոզանակը կամ ատամները մաքրելու համար նախատեսված հատուկ թելը, որոնք վնասում են լնդերը: Նման դեպքերում պարզապես հարկավոր է փոխել խազանակն ու ավելի ուշադիր լինել ատամները մաքրելիս:

Նյութի աղբյուրը՝ krasota-medicina.ru

Leave a Reply

x Close

Like Us On Facebook