Thursday, May 2, 2024
Նորություններ

Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպումը կանցկացվի Հայաստանում

ՀՀ առողջապահության նախարարությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի և Արագ արձագանքման բժշկական թիմերի (EMT) քարտուղարության հետ ավարտել են նախապատրաստական քննարկումները:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել 2022 թվականի աշնանը համաշխարհային համբավ վայելող Արագ արձագանքման բժշկական թիմերի բարձր մակարդակի 5-րդ գլոբալ հանդիպումն (5th Emergency Medical Teams Global Meeting) անցկացնել Հայաստանում:

Հիշեցնենք, որ ԱԱԲԹ թվով 3-րդ հանդիպումը կայացել է 2016 թվականին Հոնկոնգում, 4-րդը՝ 2019 թվականին՝ Թաիլանդում, որտեղ ամբողջ աշխարհից համախմբվել էին արագ արձագանքման ոլորտի փորձագետներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, ոլորտի քաղաքականություն կերտողներ:

Հանդիպումը Հայաստանում անցկացնելու նախաձեռնությունը ողջունել է նաև  առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ԱՀԿ ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

«Միջոցառումը մեզ համար կարևոր է արտակարգ իրավիճակներին  պատրաստվածության, առողջապահական կարողությունների զարգացման և Արագ արձագանքման բժշկական թիմի գլոբալ ցանցի մաս դառնալու տեսանկյունից»,- նշել է նախարարը:

Հանդիպմանն ընդգծվել է նաև Հայաստանում Արագ արձագանքման ազգային թիմի ստեղծման պաշտոնական մեկնարկից ի վեր հայաստանյան և ԱՀԿ թիմերի արդյունավետ գործակցությունը:

Արագ արձագանքման բժշկական թիմը  Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հավաստագրված մասնագետների խումբ է, որն, ըստ անհրաժեշտության, պատրաստ կլինի արձագանքել արտակարգ իրավիճակներում և բնական աղետների ժամանակ:  Նշված թիմերը ոչ միայն առողջապահական հավելյալ ներուժ են, այլև օգնում են  զարգացնել և ամրապնդել երկրների  առողջապահական համակարգերը:

Արագ արձագանքման բժշկական թիմի ծրագրի ցանցի ղեկավար Ֆլավիո Սալիոն  շնորհակալություն է հայտնել նախարարին՝ առաջիկա գլոբալ համաժողովը հյուրընկալելու հանձնառության համար.

«Հայաստանում կհավաքվեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության ԱԱԲԹ բոլոր 6 տարածաշրջանային թիմերը, Հայաստանը նաև հարթակ կդառնա Եվրոպական տարածաշրջանի թիմերի համար՝ հավաքվելու և քննարկելու Առողջապահական համաշխարհային 75-րդ վեհաժողովից բխող առաջնահերթությունները, աշխատանքային ծրագրերն ու հետագա քայլերը»։

ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջիհան Թաուիլահը բարձր է գնահատել «Առողջապահության նախարարության և նրա ղեկավարության լիակատար հանձնառությունը՝ առաջիկա միջոցառումը Հայաստանում անցկացնելու համար։ Ես շատ ուրախ եմ, որ ԱՀԿ-ն ԱԱԲԹ ցանցի հետ միասին նպաստում է Հայաստանում առողջության անվտանգության ապահովմանը՝ այդպիսով օգուտ բերելով բոլոր քաղաքացիներին»:

Աշնանը նախատեսված եռօրյա միջոցառումը կներառի ինչպես լիագումար, այնպես էլ ԱԱԲԹ մասնագիտացված և տեխնիկական բնույթի նիստեր:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook