Sunday, April 28, 2024
Նորություններ

Արգելքները ծխելն ավելի «քաղցր» կդարձնեն. հոգեբանը՝ նոր հակածխախոտային ծրագրի մասին

Հոգեբան Ռուբեն Պողոսյանը դեմ է ցանկացած ոլորտում արգելող միջոցներին, քանի որ, նրա կարծիքով, արգելքն արդյունավետ չէ, այն միշտ հակառակ արդյունքի է հանգեցնում. արգելվածն ավելի քաղցր է դառնում:

Հունիսի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսելով առողջապահության նախարարոթյան առաջարկած նոր հակածխախոտային ծրագրի մասին՝ նա նշեց, որ ծխողներին ոչ թե պետք է արգելել ծխել, այլ բացատրել: Հարկավոր է հիշեցնել, որ իրենց կողքին կան չծխող մարդիկ, որոնց իրավունքները պետք է հարգել, ինչպես եւ ծխողներինը:

«Պետք չէ նրանց ասել՝ թողեք ծխելը, հարկավոր է ասել՝ գտեք վայր, որտեղ կարելի է ծխել»,- ասաց հոգեբանը: Նրա խոսքով՝ ծխելը մի ամբողջ մշակույթ է, որը ձեւավորվել է անցյալ դարասկզբին: Այն ժամանակ ծխողներն ավելի բարձր կարգավիճակ եւ իմիջ ունեին: Այդ մոտեցումը սկսեց փոխվել 1970-ականներին, երբ բժիշկները կապ նկատեցին ծխելու եւ ուռուցքային հիվանդությունների աճի միջեւ: Սկսեց ծխելու վնասների մասին կարծիք ձեւավորվել:

Ռուբեն Պողոսյանի կարծիքով՝ չի կարելի միանգամից ջնջել այդ մշակույթը, հարկավոր է աշխատել հանրության հետ, դաստիարակել ու կրթել, արգելքները չեն օգնի: «Հարկավոր է հաշվի առնել, որ ծխելը մշակույթ է: Հետեւաբար՝ հարկավոր է ոչ թե արգելել ծխել հանրային վայրերում, այլ հոգեբանա-մանկավարժական էկոլոգիա ստեղծել: Օրինակ՝ հարց առաջադրել, թե որքանով է բարեկիրթ այն մարդը, որն առանց թույլտվություն հարցնելու ծխում է ուրիշների ներկայությամբ: Կոլեկտիվում, հանրային վայրերում ծխողը միշտ պետք է հարցնի, կարո՞ղ է ծխել: Դա դաստիարակության հարց է»,- ասաց նա՝ հավելելով, որ պետք չէ ծխելը հրեշավորության վերածել:

«Այդ մշակույթը պետք է վերացնել ոչ թե արգելքով՝ ասելով՝ այստեղ չի կարելի ծխել, այլ խոսքերով. այստեղ կան մարդիկ, որոնք չեն ծխում, խնդրում ենք նրանց մոտ չծխել: Թող ծխողներն իրենց սոցիալական շերտն ունենան: Ծխողի հոգեբանություն կա. կարող է ոչ ոքի հետ հաշվի չնստել: Ահա սա պետք է վերացնել: Բայց չենք կարող նրան ստիպել թողնել ծխելը»,- ընդգծեց հոգեբանը:

Հիշեցնենք, որ մայիսի 31-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը հաղորդել էր, որ նախարարությունը նոր հակածխախոտային ծրագիր է ներկայացրել կառավարությունը, որը մի շարք օրենսդրական նախաձեռնություններ է ներառում, այդ թվում՝ հանրային վայրերում ծխելու արգելք, գովազդի արգելք, ակցիզային հարկի բարձրացում եւ այլն:

NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook