Wednesday, May 1, 2024
Նորություններ

Բազմազավակ ընտանիքի կարգավիճակ ստանալու ընթացակարգը և տրվող արտոնությունները

Իրավաբան.net-ի ընթերցողներից Մարիամ Գրիգորյանը հարց էր ուղղել, թե ո՞րն է  բազմազավակ ընտանիքի կարգավիճակ ստանալու ընթացակարգը և տրվող արտոնությունները:

Պատասխան.

Բազմազավակ ընտանիքի կարգավիճակ ստանալու ընթացակարգը և տրվող արտոնությունները նախատեսված են Բազմազավակ ընտանիքների մասին ՀՀ Օրենքի նախագծով /առայժմ նախագծի տեսք ունի, գտնվում է քննարկումների փուլում/:

Բազմազավակ ընտանիքների մասին ՀՀ Օրենքի նախագծի 2-րդ հոդվածի համաձայն. բազմազավակ ընտանիքը` Հայաստանի Հանրապետությունում բնակվող ընտանիքն է, որում ամուսնական մեկ զույգը, իսկ միածնող ընտանիքի դեպքում` միակ ծնողը, «բազմազավակ ընտանիք» կարգավիճակը ստանալու համար դիմելու պահին ծնել և (կամ) որդեգրել են և խնամում են չորս և ավելի  երեխա: Ընդ որում, երեխաների թվում հաշվի չեն առնվում սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատուն) խնամվող կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ունեցող երեխաները:

Նույն Օրենքի նախագծի 5-րդ հոդվածի համաձայն.

1.Սույն օրենքով սահմանված հիմքերի առաջացումից հետո բազմազավակ ծնողներից մեկը «բազմազավակ ընտանիք» կարգավիճակը (այսուհետ` Կարգավիճակ) ստանալու համար դիմում է իր փաստացի բնակության վայրի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի տարածքային մարմին (այսուհետ` տարածքային մարմին): Կարգավիճակը ստանալու իրավունքը ծագում է դիմողի դիմելու օրվա դրությամբ և տրվում է դիմելու օրվա ամսվան հաջորդող ամսի 1-ից:

2.Կարգավիճակը հաստատող միասնական նմուշի փաստաթղթի ձևը և տրամադրման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3.Կարգավիճակը տրվում է մինչև բազմազավակ ընտանիքում ծնված (որդեգրված) կրտսեր երեխայի 18 տարեկանը լրանալը (պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային կազմի ժամկետային զինծառայող լինելու դեպքում` մինչև պարտադիր զինվորական ծառայության ավարտը, իսկ միջին կամ բարձրագույն ուսումնական հաստատությունում առկա ուսուցմամբ սովորողի դեպքում` մինչեւ ուսման ավարտը, բայց ոչ ավելի, քան 23 տարին լրանալը):

4.Օտարերկրյա քաղաքացի բազմազավակ ծնողին Կարգավիճակ տրվում է, երբ նա առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված է և փաստացի բնակվում է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով:

Նախագծի 6-րդ հոդվածի համաձայն.

Կարգավիճակի տրամադրումը մերժվում է

  1. Կարգավիճակի տրամադրման համար օրենքով սահմանված հիմք(եր)ի բացակայության,
  2. ծնողի կողմից Կարգավիճակի տրամադրման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը սահմանված ժամկետում չներկայացնելու,
  3. Կարգավիճակ ստանալու համար ծնողի կողմից ոչ հավաստի տվյալներ ներկայացնելու դեպքերում:

Բազմազավակ ընտանիքների աջակցության տրամադրումը

Նախագծի 9-րդ և 11-րդ հոդվածներիի համաձայն.

Սույն օրենքով սահմանված աջակցություն ստանալու համար բազմազավակ ծնողը դիմում է իր փաստացի բնակության վայրի տարածքային մարմին` ներկայացնելով կարգավիճակը հաստատող փաստաթուղթը, ինչպես նաև այլ անհրաժեշտ փաստաթղթերը:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` ըստ աջակցության տեսակների: Բազմազավակ ընտանիքներին տրվում են աջակցության հետևյալ տեսակները.

  • սոցիալական աջակցություն,
  • բժշկական օգնություն,
  • բնակարանով ապահովման պետական աջակցություն,
  • կենցաղային ապրանքի ձեռբերման նպատակով արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկ,
  • գյուղատնտեսական տեխնիկայի,  գյուղատնտեսական նշանակության հողատարածքի և անասունների ձեռբերման նպատակով արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկ,
  • երեխաների կրթական աջակցություն:

Վերը նշված աջակցության տեսակների տրամադրման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Բազմազավակ ընտանիքների մասին ՀՀ Օրենքի նախագծի 21-րդ հոդվածի համաձայն. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից: Իրավաբան.net

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://iravaban.net/
© iravaban.net կայք

Leave a Reply

x Close

Like Us On Facebook