Saturday, April 27, 2024
ՀիվանդություններՆորություններ

Բրոնխիալ ասթման քրոնիկ հիվանդություն է, որն ունենում է սրացման և նահանջի էպիզոդներ

Բրոնխիալ ասթման քրոնիկ հիվանդություն է, որն ունենում է սրացման և նահանջի էպիզոդներ։

Դրանց տևողությունն ու պարբերականությունն անհատական են՝ կախված օրգանիզմի յուրահատկությունից, արտաքին գործոններից։

Ժամանակակից բժշկությունը թույլ է տալիս դեղորայքային բուժման և առողջ կենսակերպի միջոցով վերահսկել հիվանդությունը՝ հնարավորինս երկար այն պահելով նահանջի մեջ։

Սրացման պատճաները կարող են լինել բազմազան․ դրանք սովորաբար անհատական են յուրաքանչյուր մարդու համար, բայց ամենից հաճախ պատճառները տարբեր ալերգիկ գործոններն են, շնչուղիների վարակները, աղտոտված օդը, սթրեսը։

Եթե Ձեզ մոտ ախտորոշվել է բրոնխիալ ասթմա, ապա հարկավոր է խստորեն հետևել ձեզ հսկող թոքաբանի ցուցումներին, պարտաճանաչ ընդունել դեղորայքները՝ ըստ բժշկի նշանակման։ Ցանկացած նոր գանգատի ի հայտ գալու, կամ նախկինում առկա գանգատի սրացման դեպքում անհրաժեշտ է դիմել Ձեզ հսկող թոքաբանին՝ հնարավոր բարդությունները ժամանակին կանխելու նպատակով։

Եթե Ձեզ մոտ դիտվում են ստորև նշված երևույթները, ապա հարկավոր է դիմել թոքաբանի և հետազոտվել, այդ թվում՝ բրոնխիալ ասթմայի կապակցությամբ․

➡️ սուլոց հիշեցնող հազ, որը հաճախ ուղեկցվում է մածուցիկ խորխի խիստ դժվարացած դուրսբերմամբ

➡️ գիշերային ժամերին առաջացող նոպայաձև /հաճախ սուլոցանման/ հազ

➡️ մրսածության, որևէ շնչառական վարակի, ալերգենի հետ շփման դեպքում արագ զարգացող հազ

➡️ նոպայաձև հազի արդյունքում խեղդվելու զգացում, արտաշնչման դժվարացում:

Մարդու մոտ բրոնխիալ ասթմայի զարգացման ռիսկի գործոններից են․

▪️ որոշ վիրուսային վարակներ

▪️ օդի աղտոտվածություն

▪️ ծխախոտի ծուխ

▪️ ժառանգականություն

▪️ սթրես:

Հիվանդության սրացման կանխման համար կարևոր է․

✔️ ըստ բժշկի ցուցման կիրառել համապատասխան դեղորայքներ

✔️ պահել ճիշտ սննդակարգ

✔️ադեկվատ ֆիզիկական մարզումներ /բժշկի հետ քննարկումից հետո՝ կախված հիվանդության փուլից/,

✔️հնարավորինս խուսափել մրսելուց, շնչառական վարակներից:

x Close

Like Us On Facebook