Tuesday, April 30, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ծխելը, ճարպակալումը, զարկերակային գերճնշումը կարող են հանգեցնել երիկամի քաղցկեղի

Երիկամի քաղցկեղը համեմատաբար հազվադեպ հանդիպող ուռուցքներից է և կազմում է մեծահասակների մոտ հայտնաբերվող բոլոր չարորակ ուռուցքների 3%-ը: Ավելի հաճախ երիկամի քաղցկեղ  հանդիպում է 50-70 տարիքային խմբում, իսկ  տղամարդիկ հիվանդանում են կանանցից 1.5 անգամ ավելի հաճախ:

Մարտ ամիսը համարվում է երիկամի քաղցկեղի իրազեկման ամիս և այս շրջանակում  «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման ընթացքում Ուռուցքաբանության ազգային կենտրոնի (ՈՒԱԿ) Օնկոուրոլոգիական բաժանմունքի ուռուցքաբան-ուրոլոգ Վարդան Առաքելյանի հետ զրուցել ենք երիկամի քաղցկեղի տարածվածության, պատճառների, հետևանքների բուժման մեթոդների և կանխարգելման մասին:

Մասնագետը նշեց, որ քաղցկեղի այս տեսակը հիմնականում տարածված է արևմտյան երկրներում, այն ամենամեծ տարածումն ունի Չեխիայում և Լիտվայում:

«Հայաստանում՝ ըստ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ռեգիստրի, 2018 թվականին գրանցվել է երիկամի քաղցկեղ 149 առաջնային դեպք, մահացությունը կազմել է 65, իսկ 2023 թվականին հայտնաբերված հիվանդների թիվը կազմել է 176, մահացությունը՝ 59-ը:

Ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ամբողջ աշխարհում դիտվում է հիվանդացության աճ՝ տարեկան մոտ 2 տոկոսի  չափով, բայց սկսած 1990-ական թվականներից նկատվում է մահացության ցուցանիշի նվազում»,-ասաց բժիշկ Առաքելյանը:

Մասնագետի խոսքով՝  կա երիկամի քաղցկեղի առաջացման մի քանի ռիսկի գործոններ, մասնավորապես՝ ծխելը, ճարպակալումը, զարկերակային գերճնշումը և այլն։ Ըստ տարբեր ուսումնասիրությունների՝ ծխողները երիկամի քաղցկեղով հիվանդանում են ամենաքիչը 2 անգամ ավելի հաճախ, քան չծխողները:

Երիկամի քաղցկեղի ախտանշանների, բուժման առաջարկվող մեթոդների և մի շարք այլ կարևոր հարցերի մասին տեղեկատվություն ստանալու և մասնագետի  կողմից առաջարկվող լուծումներին  ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջարկում ենք լսել փոդքաստը:

ԳայանեԳաբոյան

x Close

Like Us On Facebook