Sunday, April 28, 2024
ՆորություններԺամանց

Գրական-երաժշտական երեկո՝ նվիրված Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Եղիշե Չարենցի տունթանգարանի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համագործակցությամբ ս.թ. ապրիլի 4-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Եղիշե Չարենցի 125-ամյակին նվիրված հոբելյանական երեկո:

 

Չարենցյան աշխարհ տանող գրական-երաժշտական երեկոյի ընթացքում անվանի և սիրված դերասանների ընթերցմամբ կհնչեն Չարենցի հայտնի ու անհայտ ստեղծագործությունները: Դրանք կբացահայտեն Չարենցին իր բոլոր դրսևորումներով՝ Կարսի հանդեպ ունեցած նրա ցավը, Նաիրիի տառապանքն ու խոհերը, Չարենց-հեղափոխականին, սիրահարին, ընտանիքի հորն ու ամուսնուն, բանտարկված ու ողբերգական Չարենցին: Կցուցադրվի բանաստեղծին ու իր ժամանակաշրջանին վերաբերող հազվագյուտ քրոնիկա:

Երեկոյին կմասնակցեն դերասաններ Արթուր Ութմազյանը, Բաբկեն Չոբանյանը, Սամվել Թոփալյանը, Սամսոն Ստեփանյանը և Մխիթար Ավետիսյանը, ինչպես նաև տենոր Տիգրան Մելքոնյանը, Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Քրիստինա Ոսկանյան): Նախագծի ռեժիսորը և կոմպոզիցիայի հեղինակը Արամ Սուքիասյանն է: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կկատարի հայ դասական կոմպոզիտորների հայտնի ստեղծագործություններից հատվածներ: Համերգը կղեկավարի դիրիժոր Ռուբեն Ասատրյանը:

Ապրիլի 4-ին կայանալիք համերգից առաջ ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահի ճեմասրահում տեղի կունենա ‹‹Չարենց-125›› նամականիշի մարման արարողությունը (ժամը՝ 18:00-ին): Չարենցյան մթնոլորտը ճեմասրահում առավել կընդգծեն Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հավաքածուից ներկայացված կերպարվեստի ցուցանմուշները:
Միջոցառման սկիզբը՝ ժամը 19:00-ին:

 

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Leave a Reply

x Close

Like Us On Facebook