Sunday, April 28, 2024
ՀիվանդություններՆորություններ

Երիկամաբորբ (նեֆրիտ)

Մեզ խնդրել են գրել երիկամաբորբի մասին ՝armeniamedicalcenter.am: Սակայն երիկամների` արտաթորության այս օրգանի մասին առանց տեղեկություններ տալու, Երիկամը լոբաձև, մուգ շագանակագույն, 10-12 սմ x 5-6 սմ x 3-4 սմ չափսեր ունեցող, արյունից մեզ արտաթորող զույգ օրգան է: Իրենց արտաքին ճարպաշարակցական հյուսվածքներով կպած են որովայնի խոռոչի հետին պատին` ողնաշարի աջ և ձախ կողմերում (նկ. 1):

Երիկամը միանման կառուցվածք ունեցող գոյացությունների (նեֆրոններ) ամբողջական համակարգ է: Երկու երիկամներում նեֆրոնների թիվը հասնում է 2-2,5 միլիոնի: Դրանցից յուրաքանչյուրը բաղկացած է երիկամային մազանոթային մարմնիկից (մալպիգյան կծիկ) և միզային նուրբ խողովակիկներից, որոնք ամփոփված են երիկամի կեղևային շերտից (14) գագաթով դեպի կենտրոն ուղղված բրգաձև գոյացություններում (նկ. 3, երիկամի կտրվածքը,15): Երկու երիկամի մազանոթային կծիկներում մեկ րոպեի ընթացքում արյունից մոտավորապես 120 մլ հեղուկ է ֆիլտրվում: Դա «առաջնային մեզն» է, որից անջատվող խաղողաշաքարը նորից վերադառնում է արյան մեջ, իսկ զտված հեղուկում մնում են օրգանիզմից հեռանալու ենթակա վերջնանյութերը` «վերջնական մեզ»: Այն բրգերից հոսում է նախ փոքր (12), ապա մեծ (11) բաժակիկների մեջ և հավաքվելով երիկամի ավազանում (4)` միզածորանների միջոցով (7) լցվում է միզապարկ: Երիկամից արտաթորվող մեզի քանակն ավելանում և նվազում է` կապված օրգանիզմում զարկերակային արյան ճնշման տատանումների հետևանքով մազանոթային կծիկներում ճնշման փոփոխման հետ: Զարկերակային առավելագույն ճնշման 77 մմ ս.ս.-ից ցածր լինելու դեպքում միզարտադրությունը դադարում է: Օրգանիզմի քաշի ընդամենը 1%-ը կազմող` անխափան ակտիվ գործող երիկամներում արյան շրջանառությունը մոտավորապես 20 անգամ ավելի արագ է կատարվում, քան որևէ այլ օրգանում: Այդ ընթացքում երիկամներով է անցնում արյան րոպեական ծավալի 20-25%-ը: Երիկամները օրգանիզմից հեռացնում են ազոտային փոխանակության արգասիքները (միզանյութ, կրեատինին, միզաթթու), աղերի և ջրի ավելցուկը, ինչպես նաև օտարածին այլ նյութեր և միացություններ: Սակայն այս օրգանի հիմնական դերը օրգանիզմում ջրաէլեկտրոլիտային հաշվեկշռի կարգավորումն է, որով հաստատուն է մնում օրգանիզմում արյան, հեղուկների ծավալն ու օսմոտիկ ճնշումը, որը նյութափոխանակության հիմնական նախապայմանն է: Այս գործընթացը կառավարվում է մակերիկամի (նկ. 2) կեղևային մասի և ստորին մակուղեղի (հիպոֆիզ) հետին բլթի արտադրած հորմոններով: Երիկամները նաև կարգավորում են օրգանիզմի օրվա թթվահիմնային հավասարակշռությունը, դուրս բերելով դրանց ավելցուկը և վնասակար միացությունները:

Երիկամների նորմալ գործունեության պայմաններում մարդն օրվա ընթացքում 4-6 անգամ միզապարկը դատարկելու կարիք է ունենում: Այս հաճախականությունը խախտվում է միզուղիներում տարբեր խցանումների, հարկադրաբար մեզը երկար ժամանակ պահելու, ինչպես նաև արյան ճնշման տատանումների դեպքում:

Երիկամաբորբ (նեֆրիտ)  Երիկամաբորբ (նեֆրիտ) Երիկամաբորբ (նեֆրիտ)
Նկ. 1. Երիկամներ                 Նկ. 2. Աջ երիկամի            Նկ. 3. Ձախ երիկամի

առաջային տեսքը             կտրվածքը (տեսքն առջևից)

Երիկամաբորբը (նեֆրիտ) ընթանում է առավելապես երիկամային կծիկների անոթների սուր և քրոնիկական ախտահարմամբ:

Սուր երիկամաբորբը հաճախ առաջանում է անգինայից կամ նշիկների քրոնիկական բորբոքումից, վերին շնչուղիների ստրեպտոկոկային հիվանդություններից, թոքաբորբերից, դիֆթերիայից, բծավոր և որովայնային տիֆերից, բակտերային ու վիրուսային մի շարք հիվանդություններից հետո, ինչպես նաև գերսառեցումից և այլ գործոնների ազդեցությունից, որոնց հետևանքով ախտահարված երիկամներում հիվանդագին երևույթներին նախորդում է գաղտնի շրջանը, որը սովորաբար տևում է 1-3 շաբաթ:

Սուր երիկամաբորբի բնորոշ ախտանշաններն են առավոտյան դեմքի այտուցները, որոնք երեկոյան պակասում են, իսկ ավելի ուշ կարող են տարածվել ամբողջ մարմնով: Այդ ժամանակ մեզում ի հայտ են գալիս սպիտակուց, արյան ձևավոր տարրեր` Էրիթրոցիտներ, հազվադեպ նաև` լեյկոցիտներ: Բարենպաստ ընթացքի դեպքում դրանք անհետանում են 2-3 շաբաթում: Հիվանդության 2-3-րդ օրը մեզի քանակը սովորաբար նվազում է: Սուր երիկամաբորբը երբեմն մնում է աննկատ և հայտնաբերվում է պատահական հետազոտության ժամանակ: Սուր երիկամաբորբի ախտանշանները կարող են կարճատև լինել, բայց այդպիսի արտաքուստ անվնաս թվացող երիկամաբորբի հետևանքները շատ ավելի մեծ վտանգ են կանխատեսում:

Սուր երիկամաբորբի ախտորոշումը, բուժումը տվյալ հիվանդի համար առավել արդյունավետ դեղամիջոցներով` կատարվում է բժշկի հսկողության ներքո:

Ինքնաբուժման փորձերն անթույլատրելի են և վտանգավոր: Հիվանդը պետք Է խստորեն պահպանի բժշկի հանձնարարած ռեժիմն ու սննդակարգը: Սննդի օրաբաժնի աստիճանական ընդլայնումը կարելի է սկսել միայն բժշկի թույլտվությամբ: Այդ բոլորը նպաստում են սուր երիկամաբորբի առավել արդյունավետ բուժմանը և քրոնիկական ընթացքի անցումը կանխելուն: Ժամանակին և ճիշտ բուժման դեպքում սուր երիկամաբորբը, որպես կանոն, ավարտվում է առողջացմամբ: Առողջանալուց հետո հիվանդները պետք է խուսափեն գերհոգնածությունից, գերսառեցումից:

Սուր երիկամաբորբի կանխարգելումն ամենից առաջ պայմանավորված է օրգանիզմի կոփմամբ` առանց գերսառեցման: Կարևոր նշանակություն ունեն սուր վարակիչ հիվանդությունների կանխարգելումը և վաղ ու արագ բուժումը, օրգանիզմում առկա տարբեր քրոնիկական վարակի օջախների վերացումը:

Քրոնիկական երիկամաբորբի դեպքում պարբերաբար սրացումներ են առաջանում: Հիվանդության ախտանշաններն այդ շրջանում նույնն են, ինչ սուր ձևի ժամանակ, բայց քիչ արտահայտված: Քրոնիկական երիկամաբորբով հիվանդները պետք է լինեն բժշկի հսկողության տակ: Դրա նպատակը նախ և առաջ հիվանդության սրացման կանխումն է: Կարևոր նշանակություն ունի քրոնիկական երիկամաբորբով հիվանդների նշագեղձերի բորբոքման, ըմպանաբորբի և այլ վարակիչ հիվանդությունների (հատկապես ստրեպտոկոկային) ժամանակին բուժումը:

Հատկապես կարևոր Է սննդակարգի դերը` ընդհանուր բավարար վիճակի, ախտահարված երիկամների ֆունկցիոնալ հնարավորությունների պահպանման և առավելագույնս օգտագործման հարցում:

Երիկամաբորբ ունեցողները պետք է խուսափեն վարակիչ հիվանդների հետ շփվելուց, գերսառեցումից, ծանր ֆիզիկական աշխատանք կատարելուց, նյարդային ցնցումներից:

Նրանց խորհուրդ է տրվում բնակվել չոր և տաք կլիմայական գոտում և հիշել, որ ժամանակին բժշկի չդիմելու, ուշացած բուժման, նշանակումները չկատարելու դեպքերում կարող է առաջանալ երիկամային անբավարարություն, որը բերում է օրգանիզմում սպիտակուցային փոխանակության ընթացքում առաջացող թունավոր նյութերի կուտակման, ջրաէլեկտրոլիտային և թթվահիմնային հավասարակշռության խանգարման և միզարյունության: Միզարյունությունից մահացող հիվանդներին օգնության է գալիս ժամանակակից բժշկագիտության մեծ նվաճումներից մեկը` «արհեստական երիկամ» սարքի կիրառումը, որի օգնությամբ կատարվում է արյան մաքրում (հեմոդիալիզ):

Նյութի աղբյուրը՝ armeniamedicalcenter.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook