Sunday, April 28, 2024
ՀիվանդություններՆորություններ

Երկտեսություն

Երկտեսություն, (դիպլոպիա) մեկ օբյեկտի կրկնակի տեսնելու զգացողությունն է, որը կարող է լինել հորիզոնական և ուղղահայաց հարթություններում, ինչպես նաև դրանց զուգակցման դեպքում անկյունագծով, կամ պտտվող միմյանց նկատմամբ։

Այն սովորաբար հանդիպում է ակնաշարժ մկանների գործունեության խանգարման արդյունքում, երբ երկու աչքն էլ տեսնում են, սակայն չեն կարողանում համահավասար թեքվել դեպի տեսադաշտի համապատախան թիրախ օբյեկտը։ Նմանատիպ խանգարումներ կարող են առաջանալ ակնաշարժ համակարգի ցանկացած մակարդակում վնասման հետևանքով՝ մկանների վնասում, նյարդամկանային փոխանցման խանգարում, 3-րդ, 4-րդ, 6-րդ գանգուղեղային նյարդերի կամ դրանց կորիզների վնասում, գլխուղեղում վերկորիզային կենտրոնական ուղիների վնասում, ինչպես նաև ակնագնդի շարժմանը մեխանիկական խոչընդոտի առկայության դեպքում (օր. այտուց կամ ուռուցք ակնակապճի ներսում) և թույների ազդեցության հետևանքով։ Երկտեսությունը կարող է տարբեր համակարգային կամ նյարդաբանական հիվանդությունների առաջին նշանը լինել և խանգարել հավասարակշռության պահպանմանը, սահուն շարժումների իրականացմանը և կարդալու պրոցեսին։

Երկտեսությունը ունի բազմաթիվ պատճառներ՝ ակնաբուժական, վարակային, աուտոիմուն, նյարդաբանական և ուռուցքաբանական։

  • Թարախակույտ
  • Անիզոմետրիա
  • Հակափսիխոտիկ դեղորայք (հալոպերիդոլ, ֆլուֆենազին, քլորպրոմազին և այլն)
  • Ատիպիկ պարկինսոնիզմ, հատկապես մուլտիսիստեմային ատրոֆիա և պրոգրեսիվ վերկորիզային պարալիզ
  • Բոտուլիզմ
  • Գլխուղեղի ուռուցքներ
  • Կանեփ
  • Քաղցկեղ
  • Վնասված երրորդ, չորրորդ, կամ վեցերորդ գանգուղեղային նյարդեր (վերջիններս կարգավորում են աչքերի շարժումները)
  • Կատարակտա
  • Շաքարային դիաբետ
  • Ալկոհոլային հարբեցում
  • Ֆտորքվինոլոնային հակաբիոտիկներ
  • Դիֆուզ տոքսիկ խպիպ
  • Գիյեն-Բարե համախտանիշ
  • Աչքի լազերային միջամտությունների բարդություն
  • Կերատոկոնուս
  • Լայմի հիվանդություն
  • Միգրեն
  • Ցրված սկլերոզ
  • Միասթենիա գրավիս
  • Օփիոիդներ
  • Ակնակապճային միոզիտ (մկանաբորբ)
  • Ֆիզիկական վնասվածքներ
  • Ասպիրինային թունավորում
  • Սինուսիտներ
  • Շլություն
  • Վերնիկեի էնցեֆալոպաթիա
  • Բարձր ներգանգային ճնշում (6-րդ նյարդի սեղմում)

Երկտեսությունը հիմնականում ախտորոշվում է հիվանդի գանգատների հիման վրա։ Բժշկի կողմից կարող են կիրառվել արյան տարբեր քննություններ, զննում, համակարգչային շերտագրություն, մագնիսա-ռեզոնասային շերտագրություն և այլ լաբորատոր-գործիքային հետազոտման մեթոդներ, պատճառը բացահայտելու համար։

Շատ կարևոր է գնահատել ակնաշարժ համակարգը՝ ստուգելով առանձին աչքերի շարժումները բոլոր ուղղություններով (հորիզոնական, ուղղահայաց, անկյունային և պտտական), ինչպես նաև զույգ աչքերի համակցված շարժումները։ Պետք է փորձել հասկանալ պատկերների փոխադարձ դասավորությունը, մշտական է արդյոք երկտեսությունը թե անցողիկ, առկա է բոլոր դիրքերում, թե միայն կոնկրետ ուղղությամբ նայելիս։ Կարևոր է նաև հասկանալ երկտեսության վաղեմությունը և առաջացման հանգամանքները։ Այս ամբողջ ինֆորմացիան մեծապես կնպաստի ավելի արագ կողմնորոշվել պատճառի հայտնաբերման հարցում և խուսափել ավելորդ հետազոտություններից։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook