Tuesday, May 7, 2024
ՀայտարարություններՆորություններ

Երևանյան թատրոններն ամանորյա ներկայացումներով փոքրիկ հանդիսատեսին կտանեն զարմանահրաշ հեքիաթների աշխարհ

Երևանյան թատրոնները, որոնք մշտապես ուշադրության կենտրոնում են պահում փոքրիկ հանդիսատեսին, տարվա ընթացքում ներկայացումներ բեմադրելով նրանց համար, ամանորյա հրաշք են խոստանում Նոր տարվան: Թատրոնները ներկայացումների բազմազանություն են առաջարկում և վստահեցնում՝ փոքրիկները կճամփորդեն սիրված հեքիաթների հերոսների աշխարհ, կհանդիպեն Ձմեռ պապին և Ձյունանուշին:

«Արմենպրես»ը ներկայացնում է երևանյան մի քանի թատրոնի առաջարկած ամանորյա ներկայացումները:

Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում փոքրիկները դեկտեմբերի 17-ից կարող են դիտել «Սանտայի հյուրերը» ամանորյա երաժշտական ուրախ ներկայացումը:

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը փոքրիկ թատերասերներին հորդորում է դեկտեմբերի 24-ից բացել հեքիաթի դուռը, մանուկների հետ մտնել թատրոն ու հավատալ հրաշքներին՝ դիտելով «Մոխրոտը» կախարդական ներկայացումը:

Պատանի հանդիսատեսի թատրոնում շուտով հնարավոր կլինի դիտել Գրիմ եղբայրների «Բրեմենյան երաժիշտներ» հեքիաթի հիման վրա բեմադրված ներկայացումը, որը պատմում խենթ ու խելառ, ռոմանտիկ թափառաշրջիկ երաժիշտների մասին:

Կ. Ստանիսլավկսու անվան ռուսական դրամատիկական թատրոնում երեխաները հնարավորություն կունենան դիտելու «Արքայադուստր գորտը» ռուսական ժողովրդական հեքիաթի հիման վրա բեմադրված ներկայացումը: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանը, որը ներկայացման բեմադրիչն է, կարծում է՝ յուրաքանչյուր հեքիաթ հրաշք է և ուրախություն: Ներկայացման առաջնախաղը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին:

Հ. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմ կբարձրանա  «Ընկույզկոտրուկի գաղտնիքը» ներկայացումը: Սուրբծննդյան երեկոյան Ֆրիցը և Մարին՝ բժշկական խորհրդատու Շտալբաումի երեխաները, ծնողներից բազմաթիվ նվերներ են ստանում․ տիկնիկներ, փայտե ձի, խաղալիք հուսարներ, ամաններ, նկարներով գրքեր։ Կնքահայր Դրոսելմեյերը նրանց նվիրում է փոքրիկ ամրոց՝ ոսկեգույն աշտարակներով, որի սրահներով քայլում են տիկնայք և պարոնայք։ Ավելի ուշ երեխաները ծանոթանում են ևս մեկ խաղալիքի՝ փոքրիկ ու տգեղ մարդուկի հետ, որի անունը Մարդուկ-Ջարդուկ էր: Նա կարողանում էր ընկույզ ջարդել: Փոքրիկները ներկայացումը կարող են դիտել դեկտեմբերի 24-25-26-27-ին:

«Թատրոն կայարան»-ում դեկտեմբերի 19-ից ներկայացվելու է «Գրինչ» տոնական բեմադրությունը: Գրինչը եղել է տարբերվող էլֆ իր անսովոր արտաքինով: Մանկության տարիներին մշտապես ծաղրի է ենթարկվել, այդ իսկ պատճառով որոշում է գողանալ Ամանորը, որպեսզի վրեժ լուծի բոլորից: Թատրոնը հայտարարում է, որ բոլոր երեխաները կարող են մուտք գործել թատրոն Ձմեռ պապիկին ուղղված նամակներով:

«Թատրոն կայարան»-ը տոնական նվեր է պատրաստել նաև մեծահասակների համար:

Դեկտեմբերի 22-23-ին բեմ կբարձրանա «Մանդարինի լիկյոր» բեմադրությունը: Ներկայացման հերոսները` Արթուրն ու Սոկրատը, ուսանողական ընկերներ են, որոնք վաղուց չեն հանդիպել և, Նոր տարվա նախաշեմին հանդիպելով, քննարկելու և պարզաբանելու շատ բան ունեն։ Ներկայացումը հոգեբանական կատակերգություն է։ Առանցքում զգացմունքներից ամենաբարձրն է` սերը։ Էմոցիոնալ և միևնույն ժամանակ կատակերգական իրավիճակներում բացվում է ամբողջ սյուժեն, որտեղ վառ արտացոլվում են ընկերության, հավատարմության, հայրենասիրության և ինքնաճանաչողության շերտերը: Ներկայացումը ինքնին ամանորյա խառնաշփոթ է` խառը հույզերով և գալիքի նկատմամբ հավատով։

Դեկտեմբերի 27-28-29-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում փոքրիկները կարող են դիտել «Ձմեռ պապի գաղտնիքը» մանկական ինտերակտիվ ներկայացումը:

«Բոհեմ» թատրոնը դեկտեմբերի 17-ից սիրով հրավիրում է դիտելու ամանորյա մանկական «Քռչո-Տռճո VS Ամանոր» սիրված ներկայացումը: Մոտենում էր Ամանորը, և անտառի բնակիչները որոշել էին հավաքվել բացատում, զարդարել տոնածառը և միասին տոնել Նոր տարին: Այս մասին իմանալով՝ անտառի կախարդները՝ Քռչոն և Տռճոն, որոշում են խանգարել ամանորյա հանդեսին: Տարբեր միջոցներ կիրառելուց հետո հենց իրենք են ընկնում թակարդը: Տոնական հանդեսը կայանում է մեծ ու գեղեցիկ տոնածառի շուրջ, իսկ անտառի բնակիչներին և փոքրիկ թատերասերներին շնորհավորելու են գալիս Ձմեռ պապն ու Ձյունանուշը:

Դեկտեմբերի 29-ին Հ. Մալյանի անվան թատրոնում երեխաները կարող են դիտել «Հրաշագործի ճամպրուկը կամ էլֆերը նոր արկածները» ամանորյա ներկայացումը:

Գոյ թատրոնում էլ առաջարկում է վայելել «Նիրագոնգայի հրաշքը» ամանորյա ուրախ, երաժշտական, հեքիաթային ներկայացումը: Հունվարի 4,5,6-ին երեխաները կհայտնվեն երազանքների աշխարհում, կհանդիպեն հեքիաթների սիրված հերոսներին և  Ձմեռ պապին:

Պատրաստեց Անժելա Համբարձումյանը

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook