Saturday, April 27, 2024
ՆորություններԺամանց

Երևանում բացվել է ավտոբուս-սրճարան

Արդեն մեկ շաբաթ է Սարյան1 հասցեում գործում է ավտոբուս-սրճարան։ Հիմնադիրներն ասում են, որ այն Հայաստանի առաջին ավտոբուս-սրճարանն է։ «Starbus»-ի գաղափարը Տիգրան Զալինյանինն ու նրա ընկեր Միշայինն է:

«Starbus» -ը «Իկարուս» մակնիշի ավտոբուս է՝ 1976 թվականի արտադրության: Նախկինում այն Հայաստան է բերվել զբոսաշրջային այցեր կազմակերպելու նպատակով, իսկ այժմ այն կայանված է Սարյան փողոցում: Հիմնադիրները նպատակ ունեն ավտոբուս-սրճարանով շրջել հանրապետության մարզերով։ Հետագայում ավտոբուսը նաև կունենա ուղևորագիծորը հնարավորություն կտա «ուղևորներին» շրջել Երևանի փողոցներով՝ վայելելով պատվերը: Շրջայցի ընթացքում հաճախորդները կա՛մ հետ կվերադառնան սկզբնակետ, կա՛մ կիջնեն իրենց նախնընտրած վայրում։

«Օրերից մի օր հոգնած վիճակով տուն գնացի, պառկած նոր նախագծերի մասին էի մտածում: Էդ մտքերով քնեցի։ Առավոտյան, որ արթնացա, արդեն կիսապատկերացրել էի այս գաղափարը: Զանգահարեցի Միշային՝ ընկերոջս։ Ասեցի՝ արի հանդիպենք: Հանդիպեցինք, սկսեցինք նկարել նախագիծը: Հետո հանդիպեցինք մեր երրորդ ընկերոջը, իրար լրացնելով քննարկեցինք մեր սրճարան-ավտոբուսի գաղափարը»,-ասում է ավտոբուս-սրճարանի համահիմնադիր Տիգրան Զալինյանը:

Այս քննարկումներից հետո ընկերները ձեռք բերեցին «Իկարուս»-ը։ Տիգրանը 26 տարեկան է, հիմնական մասնագիտությամբ հոգեբան է, նաև բիզնես ծրագրեր է գրում և իրագործում: Իր համար կարևոր էր, որ իրենց հիմնադրած բիզնեսը լիներ յուրահատուկ և չկրկնվող:

«Նման պոզիտիվ, հավես պրոեկտները Հայաստանին պետք են։ Պրոեկտներ, որոնք ոչ թե կլինեն մեկօրյա, այլ մնայուն»,-Տիգրանին ավտոբուս-սրճարանի գաղափարում ամենաշատը սրճարանի եզակիությունն է գրավել:

Ավտոբուսը դրսից սպիտակ և կանաչ գույն ունի: Ներսում երկու շարքով դեմ դիմաց նստարաններ են դրված և հաջորդում են միմյանց: Ավտոբուսի վերջնամասում սրճարանի բարն է, որտեղ և պատրաստվում են հաճախորդների պատվերները:

Սարյան փողոցի ընտրությունը ևս պատահական չի եղել: Տիգրանն ասում է, որ փողոցը ֆրանսիական շունչ է հաղորդում:

Բացի այդ, նրան գրավել է փողոցի հանգստությունն ու կոկիկիությունը: Իսկ Սարյան 1 հասցեն ընտրել է՝ առաջին ավտոբուս-սրճարանի համընկնումով:

«Starbus» անվանումը Տիգրանին մայրն է հուշել։ Անունը լեզվի սայթաքման արդյունք է համարում: Ասում է՝ հաշվարկել էր սրճարանի աշխատանքները, ձևակերպել մարքեթինգային քայլերը, մնացել էր անունը։ Առավոտյան մոր հետ սրճելիս է եղել, երբ մայրը «Starbucks» անունը տալիս վերջավորությունը փչացրել է և ասել՝ «Starbus»: Սա էլ Տիգրանին հուշել է սրճարանի ձևաչափին համընկնող անվանումը. «Եթե մինչև այդ որևէ բան կիսատ էր, այդ պահից ամեն ինչ սկսվեց իր տեղն ընկնել»:

Թիմը դեռևս 1-2 ամիս կփորձի հասկանալ գործի հմտությունները, դրանից հետո կսկսի իրագործել սրճարան-ավտոբուսի հետ կապված մյուս նպատակները: Հիմնադիրների հիմնական նպատակը «Starbus»-ը բրենդի վերածելն է:

«Վստահ եմ, որ այս գործը ինձ կգոհացնի։ Վստահ եմ, որ էլ ավելի աճ կունենք։ Չկա էդպիսի գործ, բիզնես որը չի աշխատում, աշխատացնողն է վատ անում։ Չկա էնպիսի պրոդուկտ, որ չես կարող վաճառել»,- ասում է Տիգրանը:

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

Աղբյուրը՝ hetq.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook