Saturday, April 27, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

Թերապիայի նոր մեթոդը թույլ է տալիս շիզոֆրենիայով հիվանդներին բուժել առանց հոսպիտալացման․հոգեբույժ

Շիզոֆրենիայի բուժման նոր, նորարարական մեթոդի շնորհիվ հիվանդներին՝ նույնիսկ պսիխոզի վիճակում, կարելի է բուժել առանց հոսպիտալացման, կամ էլ ցերեկային ստացիոնարում։ Սա ստացիոնարափոխարինիչ թերապիա է ու չնայած նոր դեղամիջոցները շատ թանկ են, դրանցով բուժումն ավելի շահեկան է, քան հիվանդների պարբերական հոսպիտալացումը։ Նոր մեթոդը Երեւանում կլոր սեղանի ընթացքում ներկայացրել է «Ալֆա Բետտա» ախտորոշման կենտրոնի հոգեբուժական ծառայության ղեկավար Անահիտ Գեւորգյանը։

Նա հայտնել է, որ բուժման այս նոր մեթոդը արդեն մի քանի տարի հաջողությամբ կիրառվում է «Ալֆա Բետտա» կենտրոնում, ու արդյունքերը առավել քան բավարար են։

Խոսքը ատիպիկ հակապսիխոտիկ՝ պալիպերիդոն դեղամիջոցով բուժման մասին է, որը թողարկվում է հաբերի ու ներարկային պրոլոնգի ձեւով։ Հենց պրոլոնգացված (երկարացված) ներգործությամբ դեղամիջոցներով բուժումն է բազմաթիվ առավելություններ պարունակում թե հիվանդների, թե բժիշկների համար, ու շատ լավ երկարաժամկետ արդյունքներ է ունենում, պատմել է Անահիտ Գեւորգյանը։

Ըստ նրա՝ բժիշկների համար ներարկային մեթոդի առավելություններից է թերապիայի ազդեցության բացակայությունը թերապիայի ռեժիմը չպահպանելուց տարբերելու հնարավորությունը։ Իսկ հիվանդի համար առավելություններից են ՝ դեղամիջոցների ընդունման բարդ սխեմաները պահպանելու անհրաժեշտոթյան բացակայությունը՝ ամսական մեկ ներարկում ու այլեւս ոչինչ անել պետք չէ։ Դա հուսալիորեն պաշտպանում է ռեմիսիայից ու հոսպիտալացումից։

Խոսելով տվյալ թերապիայի տնտեսական առավելության մասին՝ Անահիտ Գեւորգյանը նշեց, որ չնայած դեղամիջոցի բարձր արժեքին, այս բուժումն ավելի շահեկան է, քանի որ վերացնում է շիզոֆրենիայով հիվանդներին ստացիոնարում երկարատեւ պահելու անհրաժեշտությունը։

«Հոբեբուժության մեջ ծախսերի 90 տոկոսը հենց ստացիոնար բժշկական օգնությանն է բաժին ընկնում։ Հաճախակի հոսպիտալացման ծախսերը 10 անգամ գերազանցում են շիզոֆրենիայով հիվանդ մեկ մարդու բուժման ծախսերը ու կազմում են հոգեբուժական ծառայության ընդհանուր բյուջեի 30 տոկոսը։ Շիզոֆրենիայով հիվանդները զբաղեցնում են ստացիոնարների մահճակալային ֆոնդի կեսից ավելին։ Հոսպիտալացումների ավելի քան 30 տոկոսը կլինիկական տեսակետից չհիմնավորված են ու դրանցից կարելի է խուսափել արդյունավետ ամբուլատոր բուժում նշանակելու դեպքում։ Յուրաքանչյուր տասներորդ հոսպիտալացումը կապակցված է սոցիալական ծառայությունների զարգացած չլինելու հետեւանք հանդիսացող սոցիալական պատճառների հետ»,- ասում է նա՝ հավելելով, որ այս հարցում կարեւոր նշանակություն ունի ամբուլատոր օղակի ֆինանսավորումը։

Օրինակ Ռուսաստանում պալիպերիդոնն արդեն ներառված է կենսականորեն անհրաժեշտ դեղամիջոցների ցանկում ու դիսպանսերային ծառայությունը պետպատվերի շրջանակում հիվանդների հիմնական մասին ապահովում է այդ դեղամիջոցով։

Հոգեբույժը պատմեց մի հիվանդի մասին, որի մոտ հիմա կայուն ռեմիսիա է նկատվում ու նա ղեկավար պաշտոն է զբաղեցնում։ Նրա խոսքով, 1984 թ․ ծնված այդ հիվանդը տեղափոխվել է «Ալֆա Բետտա» ախտորոշման կենտրոն ծանր պսիխոզի վիճակում։ Մինչ այդ նա մի քանի անգամ բուժում էր անցել Հայաստանի ու Ռուսաստանի ստացիոնարներում, նրա մոտ շիզոֆրենիա էին ախտորոշել։ Պրոլոնգացված դեղամիջոցով թերապիա ստանալուց հետո 12-րդ օրը նա արդեն ամբողջությամբ դուրս է եկել պսիխոզի վիճակից։ Հիմա նա զբաղեցնում է մասնավոր ձեռնարկության փոխտնօրենի պաշտոնը, մեքենա է վարում, ընկերուհի ունի։ Նրա կենսակերպը առողջ մարդու կենսակերպից միայն նրանով է տարբերվում, որ նա ամսական մեկ անգամ ստանում է երկարացված ներգործության հակապսիխոտիկի ներարկում։

Կլոր սեղանին հրավիրված էին առաջատար հոգեբույժներ՝ Հայաստանի տարբեր կլինիկաներից։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook