Sunday, April 28, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

Թերարժեքության բարդույթ

Թերարժեքության բարդույթ, հոգեբանական և հուզական ապրումների հավաք, որն արտահայտվում է սեփական անձի խոցելիության և շրջապատի գերակայության զգացմամբ։ Թերարժեքության բարդույթը առաջանում է տարբեր պատճառների հետևանքով, ինչպիսիք են՝ խտրականությունը, հոգեկան վնասվածքները, սեփական սխալներն ու անհաջողությունները և այլն:

 Ալֆրեդ Ադլերը առաջինն է նկարագրել թերարժեքության բարդույթը

Թերարժեքության բարդույթը էականորեն ազդում է ինքնազգացողության և մարդու վարքագծի վրա:

Առաջինը ով ուսումնասիրել և նկարագրել է թերարժեքության բարդույթը ավստրիացի հոգեվերլուծաբան Ալֆրեդ Ադլերն էր:

Սահմանումներ

Թերարժեքության բարդույթ տերմինը հոգեբանության մեջ ներմուծել է գերմանացի հոգեվերլուծաբան Ալֆրեդ Ադլերը։ Այն առաջանում է թերարժեքության չափազանցվածության ժամանակ։ Թերարժեքության զգացում և բարդույթ հասկացությունները համարվում են միևնույն երևույթի տարբեր մակարդակներ։ Մարդիկ, ովքեր տառապում են թերարժեքության բարդույթով դիտում են իրենց, որպես չնչին և թերարժեք: Շատ հիվանդների մոտ այդ հողի վրա զարգանում է դեպրեսիա, որի ծանր դեպքերում կարող է հետևել ինքնասպանության վտանգը: Թերարժեքության բարդույթի ախտանիշներից մեկը կարող է լինել ազդանշանների ցուցադրումը, որոնցով տառապող մարդը փորձում է իր վրա հրավիրել շրջապատի ուշադրությունը: Այլ ախտանիշներ կարող են լինել շփման պակասը, վախը մարդկանցից, սխալ գործելու վախը, մշտական անհանգիստ վիճակները: Թերարժեքության բարդույթը երբեմն հանդիսանում է խոսքի թերությունների ենթագիտակցական պատճառ:

Հաճախ սեփական թերարժեքության փոխհատուցման փորձերին բնորոշ է զոհի դեր ստանձնելը: Երիտասարդ տղամարդկանց մոտ սեփական թերարժեքության բարդույթի քողարկման միջոց է հանդիսանում բարձր ագրեսիվությունը և ալկոհոլի օգտագործումը, ինչպես նաև կարգավիճակի ցուցադրումը՝ սպորտային մեքենաներ, բնորոշ հագուստ և այլն:

Չափից ավելի ինքնահավանությունը նույնպես կարող է վկայել սեփական արժանապատվության զգացումի ներքին խախտման մասին:

Թերարժեքության բարդույթը ընդհանուր առմամբ բացասական երևույթ է: Սակայն որոշ դեպքերում այն կարող է դրդել մարդուն հասնել դրական նպատակների:

Թերարժեքության բարդույթի զարգացում

Ալֆրեդ Ադլերը կարծում էր, որ երեխաների մոտ թերարժեքության բարդույթը զարգանում է մի քանի պատճառներով:

  • Ֆիզիկական թերություններ (օիրնակ որոշ օրգանական թերություններ, ցածր հասակ, անհամաչափություն):
  • Ավելորդ ծնողական խնամակալություն, որը թույլ չի տալիս ինքնուրույն լուծել խնդիրները:
  • Ծնողական ուշադրության բացակայությունը նվազեցնում է իր ունակությունների նկատմամբ վստահությունը:

Հաճախ ֆիզիկական թերություները փորձում են կոմպենսացնել մարզումների միջոցով: Օրինակ Դեմոսթենեսը, ով մանուկ հասակից կակազում էր, դարձել է նշանավոր հռետոր: Ադլերը ենթադրեց, որ նշանավոր մարդիկ հաջողության են հասել, գործունեության ընթացքում հաղթահարելով սեփական թերարժեքության բարդույթները: Եթե չի հաջողվում հաղթահարել թերարժեքության բարդույթը, դա կարող է հասուն տարիքում հանգեցնել նևրոզի: Երբեմն թերարժեքության բարդույթը արտահայտվում է գերարժեքության բարդույթի համալիրում՝ պարծենկոտության և մեծամտության ձևով: Թերարժեքության զգացումը և դրանից բխող դեպրեսիան հաճախ արմատներով ձգվում են դեպի վաղ մանկություն: Գիտականորեն ապացուցված է, որ երեխայի նկատմամբ անբավարար ուշադրությունը և մշտական քննադատությունը կարող են խաթարել սեփական արժանապատվության զգացումի լիարժեք զարգացումը դեռահասների մոտ:

Ըստ Զիգմունդ Ֆրոյդի թերարժեքության բարդույթը առաջանում է «Ես»—ի վերաբերմունքից «Գեր-Ես»-ի հանդեպ, որը դրսևորվում է որպես մեղք և դրանց միջև լարվածության արտահայտվածություն։ Մարդը ծնվում է թույլ և անպաշտպան, ունենում է օրգանների թերություն, արտաքին աշխարհը միշտ սպառնում է նրան և այս ամենը խոսում է այն մասին, որ մարդ ծնված օրից ունենում է թերարժեքության բարդույթ։

Հոգեբանական գործոնների հետ մեկտեղ թերարժեքության բարդույթի զարգացման մեջ պակաս կարևոր չէ արտաքին գործոնների դերը՝ ժողովրդագրական, սոցիալական, քաղաքական, կրոնական, էթնիկական, նույնիսկ սեռական: Հաճախ փոքրամասնությունների ներկայացուցիչները, խտրականության զոհ դառնալով տառապում են վերոհիշյալ կատեգորիաների մեկ կամ մի քանի թերարժեքության բարդույթով: Օրինակ, էթնիկական փոքրամասնությունների մեջ հաճախ կարելի է հանդիպել էթնիկական թերարժեքության բարդույթի: Աղքատ ընտանիքներում մեծացած մարդկանց շրջանում այլ մարդկանց ունևորության ֆոնի վրա կարող է ձևավորվել դասակարգային թերարժեքության բարդույթ և այլն:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook