Sunday, April 28, 2024
ՀիվանդություններՆորություններտեսանյութեր

Թոքի քաղցկեղից մեզ և մեր սիրելիներին պաշտպանելու միակ միջոցը ծխախոտից կտրականապես հրաժարվելն է. Բժիշկ-քիմիաթերապևտ (Տեսանյութ)

Բազմաթիվ հետազոտություններ գոյություն ունեն, որոնք ապացուցում են ծխախոտի ծխի և քաղցկեղի փոխկապակցվածության մասին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասում է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժիշկ-քիմիաթերապևտ Աննա Թադևոսյանը։

«Կան մեծ թվով հետազոտություններ, որոնք ապացուցում են, որ թոքի քաղցկեղի զարգացման հիմնական պատճառներից մեկը ծխախոտն է։ Շուրջ 90 տոկոս դեպքերում թոքի քաղցկեղը զարգանում է հենց ծխախոտի օգտագործումից։

Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ թոքի քաղցկեղը հիմնականում զարգանում է տղամարդկանց մոտ շուրջ 8 անգամ ավելի հաճախակի, քան՝ կանանց։

ՀՀ-ում ծխախոտի հետևանքով քաղցկեղի զարգացումը բավականին արտահայտված է։ Մոտ 70 տոկոս դեպքերում հիվանդները դիմում են քաղցկեղի արդեն 3-րդ և 4-րդ փուլերում, հիմնական պատճառը ծխախոտի լայն օգտագործումն է», – ասում է մասնագետը։

Ծխախոտի ծուխը կանցերոգեններ է պարունակում, հետևաբար պասիվ ծխողները համարվում են ռիսկի շրջանում գտնվող անհատներ։

Բժշկի խոսքով՝ քաղցկեղից ինքներս մեզ և մեր սիրելիներին պաշտպանելու միակ միջոցը ծխախոտից կտրականապես հրաժարվելն է։

«Հայաստանում ծխողները հիմնականում 18-40 տարիքային խմբում գտնվող երիտասարդներն են։

Դեռահասների շրջանում գրավիչ գործոն է հանդիսանում մեծահասակներին նմանվելու ցանկությունը։ Եվ երբ սովորությունն արմատավորվում է, սկսում է աշխատել կախվածության գործոնը։ Ուստի մեծահասակներին կհորդորեի գոնե երիտասարդների ու երեխաների մոտ ծխախոտ չօգտագործել», – ասում է բժիշկ-քիմիաթերապևտ Թադևոսյանը։

Թոքի քաղցկեղը, նրա խոսքով, դարձել է ծխողների մահացության ամենատարածված պատճառներից մեկը։

«Ծխողների մեծ մասը կարծում է, թե երբ արդեն քաղցկեղը հայտնաբերվել է, ծխախոտից հրաժարվելն իմաստ չունի, սակայն նույնիսկ այդ պարագայում ծխախոտից հրաժարվելը կարող է ազդեցություն ունենալ հետագա բուժման արդյունքների վրա» , – վստահեցնում է մասնագետը։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook