Sunday, April 28, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ի՞նչը կարող է այտույցի պատճառ դառնալ. մանրամասնում է անոթաբանը

Այս շոգ օրերին հաճախ ենք հանդիպում այտույցներից գանգատվողների, սակայն շատ հաճախ պատճառը ոչ թե շոգն է, այլ դրանց հիմքում ավել լուրջ հիվանդություններ են:

HayNews.am-ը այտույցների մասին ամենն իմանալու համար զրուցել է Վլ. Ավագյանի անվան ԲԿ Անոթային և լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ, բ.գ.թ Տիգրան Քամալյանի հետ:

«Այտուցը հյուսվածքներում, առավել հաճախ մաշկում և ենթամաշկային ճարպաբջջանքում, հեղուկի ավելորդ քանակի կուտակումն է, ինչը խոսում է օրգանիզմում ջրաաղային փոխանակության խանգարման մասին: Տարբերում են տեղային՝ երբ այտուցները առաջանում են կոնկրետ որևէ օրգանի կամ անոթային ավազանի շրջանում և ընդհանուր այտուցվածություն, ինչը հաճախ նկատվում է մի շարք ծանր պաթոլոգիաների կամ վիճակների ժամանակ»,-նշեց մասնագետն ու հավելեց, որ այտուցների առաջացման պատճառներներից են մազանոթային համակարգում, այս կամ այն պատճառով, ճնշման բարձրացումը և նրանց պատերի թափանցելիության բարձրացումը:

Երբեմն, Տիգրան Քամալյանի խոսքով, ստորին վերջույթները կարող են այտուցվել նաև առանց որևէ կոնկրետ պատճառի, կրել ֆունկցիոնալ բնույթ` տոթից, հոգնածությունից, երկարատև ոտքի վրա մնալուց, ինքնաթիռով ճանապարհորդելուց և այլն: «Սակայն նման դեպքերում այտուցները պարբերաբար բնույթ չեն կրում. բավական է պառկել ոտքերը բարձր դիրքում դրած, այտուցներն անցնում են ինքնուրույն»,-շեշտեց անոթաբանը:

Բժշկը հորդորեց ամեն դեպքում, այտուցները չանտեսել, քանի որ դրանք հաճախ ահազանգում են այն մասին, որ օրգանիզմում ինչ-որ պաթոլոգիական գործընթաց է տեղի ունենում, առավել ևս եթե կրում են պարբերական բնույթ և ուղեկցվում են նաև այլ գանգատներով:

Տիգրան Քամալյանը մեր խնդրանքով առանձնացրեց այտուցներով ուղեկցվող ամենատարածված հիվանդությունները: Շարունակելով միտքը բժիշկը նշեց, որ այդ հիվանդություններից է ստորին վերջույթների վարիկոզ հիվանդությունը, հետ թրոմբոտիկ հիվանդությունը, լիմֆոստազը:

«Սուր երակային թրոմբոզները ևս կարող են բերել արտահայտված այտուցների առաջացմանը: Անոթային էթիոլոգիայի այտուցները հաճախ լինում են ոչ սիմետրիկ, ավելանում են օրվա երկրորդ կեսին, ուղեկցվում են լայնացած երակների, մազանոթների, մաշկի տրոֆիկ փոփոխությունների առկայությամբ»,-նշեց զրուցակիցս ու ավելացրեց, որ սրտային անբավարարությունը ևս ուղեկցվում է ծայրամասային այտուցների զարգացմամբ:

Բժշկի հավաստմամաբ՝ այս կամ այն հիվանդության հետևանքով առաջացած երիկամային անբավարարությունը ևս բերում է այտուցների առաջացման:

«Երիկամային այտուցները լինում են փափուկ, խմորանման, հաճախ դրևսորվում են դեմքի վրա, ընդ որում հենց առավոտից: Բնորոշ է, որ երիկամային այտուցները կարող են արագորեն տեղափոխվել մարմնի դիրքի փոփոխման հետևանքով»,-ասաց մասնագետեը:

Թվելով այտույցներին բնորոշ հիվանդությունները, անոթաբանը չմոռացավ նաև նշել ալերգիկ խնդիրները: «Ալերգիկ այտուցները կարող են դրսևորվել մարմնի ցանկացած հատվածում: Սրանք հաճախ ուղեկցվում են քորով և կարմրությամբ, երբեմն նաև` մանր ցանի դրսևորմամբ»,-մանրամասնեց բժիշկ Քամալյանն ու շարունակեց. «Ռևմատոլոգիական մի շարք հիվանդություններ ևս ուղեկցվում են այտուցներով, տեղակայված հատկապես ախտահարված հոդերի շրջանում»:

Այտուցներ, անոթաբանի խոսքով, կարող են առաջանալ նաև ինֆեկցիոն-բորբոքային պրոցեսների ժամանակ, հատկապես խոսքը վերաբերում է փափուկ հյուսվածքների ինֆեկցիաներին, ինչն ուղեկցվում է մաշկի գույնի կարմրածությամբ, ջերմության առկայությամբ, հաճախ վերքերի առկայությամբ:

«Կարող են այտուցներ առաջանալ որոշ միջատների խայթոցից կամ կարող են կրել նաև հետ տրավմատիկ բնույթ»,-նշեց մասնագետն ու ավելացրեց, որ եթե այտուցները կապված չեն արդեն ախտորոշված, ինչ-որ լուրջ քրոնիկական հիվանդության հետ, ապա կարող են օգնել հետևյալ խորհուրդները. «Ոտքերին տալ հորիզոնական կամ բարձր դիրք, կատարել ոտնաթաթերի ռիթմիկ վարժություններ, կարելի է կատարել թույլ մերսումներ ծայրամասից դեպի կենտրոն, պետք է խուսափել ծանրություն բարձրացնելուց, ավելորդ քաշից, փորկապությունից, չի կարելի կրել սեղմող, ճնշող հագուստներ, լրիվ տափակ կամ բարձրա կրունկ կոշիկներ (5սմ ավելին)»:

Ամփոփելով խոսքը Տիգրան Քամալյանը հորդորեց, եթե այտուցները կրում են պարբերական բնույթ, ուղեկցվում են այլ գանգատներով ևս, կամ արդեն առկա քրոնիկ հիվանդությունների ֆոնի վրա են զարգացել, ապա պետք է խուսափել ինքնաբուժումից և անհապաղ դիմել մասնագետի օգնությանը:

Տաթև Առաքելյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook