Sunday, April 28, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

Ի՞նչ է պատերազմը, մայրի՛կ. Երեխան` պատերազմական դրության պայմաններում. զրույց հոգեբան Լյուդմիլա Նանուշյանի հետ

Պատերազմական դրությունը որքան ճգնաժամային է մեծահասակների, կրկնակի անգամ էլ երեխաների համար։ Այդ իսկ պատճառով խիստ կարևորվում է ծնողի ուշադրությունն ու երեխայի հարցերին գրագետ պատասխանելու անհրաժեշտությունը՝ որքան էլ լինի լարված կամ սթրեսային իրավիճակ։

Այս կարևոր թեմայի շուրջ Aysor.am-ը զրուցել է հոգեբան Լյուդմիլա Նանուշյանի հետ՝ օգնելու Արցախից բռնի տեղահանված ծնողներին և անհասարակ բոլորին ճիշտ մոտեցում ցուցաբերել և չանտեսել երեխաների հարցերը՝ պատերազմի և մահվան թեմայի շուրջ։

– Ի՞նչ ու ինչպե՞ս պետք է պատասխանի ծնողը երեխայի «ի՞նչ է պատերազմը»  հարցին։

– Ստեղծված ցավալի իրավիճակը, բնականաբար, հարցեր է առաջացնում, անգամ, ամենափոքր տարիքի երեխաների մոտ։ Նույնիսկ, երբ երեխան հարցեր չի տալիս, նրա հոգեկանը ընկալում է ստեղծված իրավիճակը, երեխան ապրում է տագնապ, անապահովության զգացում։

Ողջունելի է, երբ երեխան տալիս է հարցեր, ծնողը ճիշտ պատասխաններ տալու պարագայում կարող է պաշտպանել երեխայի հոգեկան աշխարհը հնարավոր ցնցումներից։ Իրավիճակը պետք է ներկայացնել երեխաներին, սակայն ոչ մի դեպքում՝ վառ գույներով։ Կարիք չկա երեխային ավելորդ մանրամասներ ներկայացնել պատերազմական գործողությունների, սպանությունների մասին։

Պատերազմի մասին կարելի է տալ հետևյալ բնորոշումը․ պատերազմը այն է, երբ հակառակորդը ցանկանում է վերցնել այն ինչ մեզ է պատկանում և մենք ստիպված կռվում ենք, որպեսզի պաշտպանեք մեզ, որ ապագայում չլինի ավելի վատ։

– Ինչպե՞ս պատասխանները համապատասխանեցնել երեխայի տարիքին ու զարգացման աստիճանին։

– Յուրաքանչյուր տարիք ունի իրեն համապատասխան ներկայացման ձև։ Փոքր տարիքի և կրտսեր դպրոցական տարիքի երեխաներին խորհուրդ է տրվում ներկայացնել պատերազմական իրավիճակը խաղերի միջոցով, օրինակ՝ փոքրիկ զինվորիկների միջոցով խաղարկել և ցույց տալ պատերազմական իրավիճակ, որը կլինի ոչ այնքան սարսափելի։ Հարկավոր է խաղարկել այնպես, որ այն լինի տագնապը հնարավորինս մարող։

Պատանիների և դեռահասների հետ խորհուրդ է տրվում կիրառել զրույցի մեթոդը, այն պետք է լինի ապահովության զգացում տվող. արժե համեմատական տանել կյանքի լուսավոր կողմի հետ, ասել, որ կյանքում ինչպես լինում են դրական երևույթներ, այնպես էլ կարող է լինել բացասականը։

Յուրաքանչյուր տարիքային խումբ բարդ է յուրովի, և զգույշ պետք է լինենք յուրաքանչյուրի դեպքում էլ, քանի որ մարդկային հոգեկանը շատ խոցելի է և տպավորվող տագնապային և անապահովության զգացում առաջացնող իրավիճակներում։

– Ե՞րբ պետք է երեխայի հետ զրուցել մահվան մասին, կամ  ի՞նչ անել, երբ արտաքին ազդակների ազդեցությամբ, արդեն իսկ սկսել է հետաքրքվել պատերազմի ու դրա ելքերի մասին։

– Երեխայի համար մահվան թեման չպետք է լինի փակ՝ անկախ նրանից պատերազմական իրավիճակ է, թե՝ ոչ։ Երեք տարեկանից սկսած կարելի է խոսել երեխայի հետ «մահ» երևույթի մասին։

Պատերազմական իրավիճակում մահը ներկայացնել որպես կյանքի անխուսափելի մաս, նշել, որ պատերազմի պարագայում ավելի շատ ենք տեսնում մահեր, սակայն անպայման անհրաժեշտ է խոսել ծնունդներ մասին, որոնք այս շրջանում ևս քիչ չեն։ Երեխան պետք է ընկալի կյանքի սկիզբ և ավարտ եզրույթները, որը ոչ միայն կօգնի երեխային այս իրավիճակում խուսափել անորոշությունից, այլ նաև կօգնի ճիշտ աշխարհայացքի ձևավորման հարցում։

– Ո՞րն է առաջին քայլը պատերազմական դրության մեջ հայտնված երեխային հոգեբանական տեսակետից ցուցաբերելու համար ։

– Անհրաժեշտ է ներկայանալ երեխային, եթե երեխան խոսում է, ապա լսել նրան ակտիվ և ուշադիր, ընդունել երեխայի ապրումները, լսել երեխայի մտահոգությունը։ Կարևոր է հասկանալ, որ միայն զրույցը չէ, որ կարևոր է այս դեպքում, չպետք է մոռանանք մարմնի լեզվի մասին՝ հավասարվել երեխայի հասակին և այդպես խոսել, գրկել նրան, հանգիստ ձայնով ներկայացնել տեղի ունեցածը, լինել անկեղծ, սակայն խոսել երեխային հասանելի ձևով, որը նրան կօգնի չմատնվել խուճապի։ Եթե երեխան խոսում է, լսել նրան մինչև վերջ, հայացքով և հանգստացնող հպումներով հասկացնել, որ ապրումակցում եք նրան։ Փոքր տարիքի երեխայի պարագայում, գրկել և ասել որ այժմ նա ապահով ձեռքերում է, հնարավորության դեպքում միավորել ծնողների կամ ընտանիքի մյուս անդամների հետ։

– Ինչպե՞ս կասեցնել «կորուսյալ սերունդ»  համախտանիշի խորացումը՝ նոր կյանք մտնել փորձող սերնդի մոտ։

– «Կորուսյալ սերունդ» բնորոշումը կիրառվել է ամերիկյան և արևմտաեվրոպական գրողների շրջանում, ովքեր իրենց ստեղծագործություններում արտահայտել են առաջին համաշխարհային պատերազմի շրջանի ողբերգական իրադարձությունները։ Նրանց երկերում տեսնում ենք ցավ, հիասթափություն, օտարացում։ Այդ սերնդի ներկայացուցիչներն են՝ Հեմինգուեյը, Ռեմարկը, Ֆիցջերալդը և այլ սերնդակիցներ։

Պատերազմից և կորստից հետո մարդը չի կարող լինել այն, ինչ նախկինում էր, դատարկությունը, ցավը ներխուժում են մարդու աշխարհ և արտաքին դաշտում տեղի ունեցած փոփոխություններից զատ, խառնում են մարդու ներաշխարհը, որին յուրաքանչյուր անհատ տալիս է իր հոգեկան արձագանքը։

Երեխաների պարագայում չափազանց մեծ է անելիք ունենք, երեխայի հիշողությունից մենք չենք կարող ջնջել տեղի ունեցածը, նրա ապրածը և զգացածը, սակայն մեր անելիքը նոր ամուր հենարանի ստեղծման, ապահովության զգացման առաջացման և ապագայի հանդեպ մոտիվացիա տալու մեջ պետք է լինի, որպեսզի հնարավորինս մեղմենք կորստի ցավը և նոր կյանք մտնող սերունդներին տանք ապագայի հանդեպ վստահություն, ուժ, առաջ ընթանալու կամք։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook