Sunday, April 28, 2024
ՀիվանդություններՆորություններ

«Իզմիրլյան» ԲԿ-ի Ընդհանուր պրոկտոլոգիայի բաժանմունքում 20 տարում կատարած վիրահատությունների թիվը գերազանցել է 18 000-ը

«Իզմիրլյան» ԲԿ-ի Ընդհանուր պրոկտոլոգիայի բաժանմունքում ուղիղ աղիի հերթական վիրահատությունն են արել։ Հիվանդը թութք ու անալ ճաք ուներ, ռուտին վիրահատություն էր, «Իզմիրլյան» ԲԿ-ում տարեկան 800-900 նման վիրահատություն է իրականացվում։ Բայց տվյալ բաժանմունքը հենց դրանով է առանձնանում՝ այստեղ է իրականացվում հանրապետությունում արվող նման վիրահատությունների զգալի մասը։ 20 տարվա ընթացքում իրականացված վիրահատությունների թիվը գերազանցել է 18 000-ը։

NEWS.am Medicne-ի թղթակցի հետ զրույցում բաժանմունքի վարիչ, պրոկտոլոգ,  բ. գ. թ. Գարեգին Էքսյուզյանը հայտնել է, որ այս բաժանմունքը գոյություն ունի այն ժամանակվանից, երբ «Իզմիրլյան» ԲԿ-ն պրոկտոլոգիայի ինստիտուտ էր՝ այն ստեղծվել է 1982թ-ին ակադեմիկոս Լեմիկ Նազարովի ղեկավարությամբ։  Ակադեմիկոս Նազարովը եղել է Հայաստանում պրոկտոլոգիայի հիմադիրը: Այնպես որ այստեղ դեռ խորհրդային ժամանակներից լավ ավանդույթներ են ձեւավորվել։ Բաժանմունքում այսօրվա դրությամբ աշխատում են երեք փորձառու բժիշկներ ու մեկ երիտասարդ մասնագետ, որը հենց նոր է ավարտել կլինիկական օրդինատուրան։

Այս ստացիոնար բաժանմունքի ուղղվածությունն է ՝ ուղիղ աղու, շեքի եւ սրբանապոչուկային շրջանի սուր եւ քրոնիկ հիվանդությունների բուժումը։

Բժշկի խոսքով այդ բոլոր պաթոլոգիաները բավականին հաճախ են հանդիպում մեր բնակչության շրջանում։ Առանձնահատուկ ուշադրության է արժանի հարավային տարածաշրջաններում բավականին տարածված հիվանդություններից մեկը՝ շեքի սրբանապոչուկային շրջանի ընդարձակ թարախային ախտահարումները։ Բաժանմունքում մշակվել են այս բարդ հիվանդության վիրահատական բուժման նոր մեթոդներ, կիսավիրահատական մեթոդաբանություն է մշակվել նաեւ անալ ճաքերի համար։

Այդ բոլոր հիվանդությունների՝ բացառությամբ էպիթելային պոչուկային ուղու առաջացման համար ռիսկի հիմնական գործոնները սխալ սննդակարգն է,  նստակյաց կենսակերպը, կանանց դեպքում՝ ծննդաբերությունները։

«Էպիթելային պոչուկային ուղին կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ պոչուկի կիստան՝ բնածին հիվանդություն է, պարզապես որոշակի բարենպաստ պայմաններում այդ կիստան բորբոքվում է ու զգացնել տալիս իրեն ու այդ դեպքում արդեն վիրահատական միջամտություն է պահանջվում»,- պարզաբանեց բժիշկը։

Գարեգին Էքսյուզյանը խորհուրդ է տալիս նրանց, ովքեր ուղիղ աղիի, շեքի կամ սրբանապոչուկային շրջանի հիվանդություններ ունեն, հետեւել հստակ սննդակարգի՝ ներառելով մրգեր ու բանջարեղեն, որպեսզի խուսափեն փորկապությունից ու չհասցնեն վիրահատության։ Նրա խոսքով, պետք է խուսափել կծու սննդից ու ոգելից խմիչքից։ «Գարեջուրն ու գինին առաջին թշնամիներն են թութքի համար»,- նշեց նա։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook