Sunday, April 28, 2024
Նորություններ

Իննսունչորս տարեկանում կյանքից հեռացել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը

Իննսունչորս տարեկանում կյանքից հեռացել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Այդ մասին հայտնում է lefigaro.fr-ն: Այս բոթը հայտնվել է Reuters-ի, France-Presse-ի, Le Mond-ի և այլ լրատվամիջոցների առաջին էջերին:

Ինչպես գրում է gala.fr-ը, նա մահացել է լոգարանում՝ սրտի կանգի պատճառով: Այլ տեղեկություններ չեն հաղորդվում:

Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում, ծննդյան անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան: Ազնավուրի հայրը ծնվել է Ախալցխայում, արմատներով Էրզրումից էր, իսկ մայրը՝ Քնար Բաղդասարյանը, Իզմիրից էր, Հայոց ցեղասպանության ականատես փրկվածներից:

Ազնավուրը hամաշխարհային հռչակ է ձեռք բերել 1956 թվականին, Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։ «Ֆրանսիան ազնավուրացված է»,- գրել է ֆրանսիական մամուլը։

Շուրջ հազար երգի հեղինակ է, այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Դրանց կատարողներից են Էդիթ Պիաֆը, Լայզա Մինելլին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Պլասիդո Դոմինգոն, Խուլիո Իգլեսիասը, Շերը, Ժո Դասենը, Ռեյ Չարլզը, այլք։

Այսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն՝ Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»՝ 149 հազար ձայնով։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։

Ինձ տվեցին

Ինձ տվեցին աչքեր և ասացին՝ նայի՛ր,
Նայեցի, բայց կյանքում ոչինչ ես չտեսա:
Ինձ տվեցին մի սիրտ և ասացին՝ պահի՛ր,
Պահեցի, բայց մի օր, ա ՜հ, կորցրի ես այն:
Ինձ տվեցին սերը, որ լոկ բերեց կսկիծ,
Քանզի նա էլ մեկնեց, երբ հավատս հանգավ:
Ինձ տվեցին մարմին, բայց կորցրի ես ինձ
Եվ մարմինս տվի օտարների՛ն անգամ:
Ինձ տվեցին, ինձ տվեցին, այնքա ՜ն…

Ինձ տվեցին երազ, որ գիշերս չզգամ,
Բայց երազս դարձավ մղձավանջ ու տանջանք:
Ինձ տվեցին շրթներ, որ շշնջեն միայն,
Սակայն անհույս բառեր լոկ ասացին նրանք:
Ինձ տվեցին արցունք, որ լամ վիշտ ու խնդում,
Բայց չեմ լալիս – սիրտս սիրտ է անսի՛րտ մարդու:
Ինձ տվեցին նաև մի խիղճ, բայց իմ սրտում.
Ես չեմ լսում երբեք նրա ձայնը հեռու:
Ինձ տվեցին, ինձ տվեցին, ինչո՞ւ…

Ինձ տվեցին գրքեր, որ ես կարդամ կյանքում,
Սակայն դեռ բաց չարած՝ ես այրեցի դրանք:
Ինձ տվեցին ձեռքեր, որ միանան վանքում,
Բայց ճակատիս դժո՞խք, թե՞ դրախտ է գրած:
Ինձ տվեցին հոգի, որ ես պահեմ անեղծ,
Բայց մատնեցի դևի՛ն ես իմ հոգին մաքուր,
Ինձ տվեցին կյանքը, որ կիրակի անեմ
Բայց վատնեցի կյանքս և չգիտեմ, թե ո ՜ւր…
Ինձ տվեցին, ինձ տվեցին, իզո ՜ւր:

Շառլ Ազնավուր

Leave a Reply

x Close

Like Us On Facebook