Saturday, April 27, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ինչպես ազատվել որովայնի փքվածությունից և ինչ անել այդ խնդիրը կանխարգելելու համար

Որովայնի փքվածությունը սովորաբար աղեստամոքսային համակարգում գազերի կամ օրգանիզմում հեղուկի կուտակման արդյունք է, որն անհարմարություն է պատճառում մարդուն, երբեմն էլ կարող է ցավոտ լինել։

Ինչպես արագ ազատվել որովայնի փքվածությունից

Որովայնի փքվածությունից ազատվելու համար կարևոր է նախ դրա առաջացման պատճառը հասկանալը։ Երբ որովայնի փքվածությունն առաջանում է կուշտ սնվելուց անմիջապես հետո, ապա սովորաբար ինքն իրեն անցնում է, իսկ ընդհանուր առմամբ որովայնի փքվածությանը կարող են նպաստել՝

Մարսողական խնդիրները․ փորկապությունը, սննդային ալերգիան և որոշ բաղադրիչների անընդունելիությունը կարող են որովայնի փքվածություն առաջացնել։

Սննդակարգը․ գազավորված ըմպելիքները, աղի և շաքարի չարաշահումը, սննդում բջջանյութի անբավարարությունը ևս կարող են փքվածություն առաջացնել։

Հորմոնալ փոփոխությունները․շատ կանայք որովայնի փքվածություն են ունենում դաշտանից առաջ կամ ընթացքում՝ հորմոնալ փոփոխությունների և հեղուկի կուտակման պատճառով։ Որոշ հիվանդություններ։

Հետևյալ խորհուրդները կօգնեն արագ ազատվել որովայնի փոքվածությունից․
1․ Քայլել․ ֆիզիկական ակտիվությունը, զբոսանքը նպաստում են աղիների աշխատանքին, հատկապես երբ կա փորկապություն։ Թեթև զբոսանքը կարող է օգնել արագ ազատվել գազերից և որովայնի փքվածությունից։

2. Յոգայով զբաղվել․ յոգայի որոշ դիրքերը խթանում են աղեստամոքսային համակարգից գազերի ավելցուկի դուրսբերումը։

3. Օգտագործել անանուխի յուղի պատիճներ․ անանուխի յուղի պատիճները կարող են օգտակար լինել ստամոքսի խանգարման և դրա հետ կապված գազերի կուտակումների դեպքում։ Այդ պատիճները նախատեսված են գրգռված աղու համախտանիշի բուժման համար, սակայն այդ խնդիրը չունեցող մարդիկ ևս կարող են օգտագործել այդ պատիճները որովայնի փքվածությունից ազատվելու համար։ Անանուխը թուլացնում է աղիների մկանները, ինչի շնորհիվ գազերն ու կղանքն ավելի հեշտությամբ են դուրս գալիս օրգանիզմից։ Այդ միջոցն օգտագործելիս պետք է ուշադիր կարդալ հակացուցումները․ օրինակ՝ այրոցի հակվածություն ունեցող մարդկանց խորհուրդ չի տրվում անանուխի յուղի օգտագործումը։
4. Փորձել որոշ դեղամիջոցներ․ Սիմետիկոն պարունակող հաբերն ու հեղուկ դեղամիջոցները կարող են օգնել գազերից ազատվելու հարցում, սակայն դրանց օգտագործումը ևս պետք է համաձայնեցնել բժշկի հետ։

5. Որովայնի մերսում կատարել․ որովայնի մերսումը նպաստում է աղիների աշխատանքին։ Այն իրականացվում է այսպես՝ Ձեռքերը դնել աջ ազդրից մի փոքր վերև, Մերսել որովայնի վերևի հատվածը դեպի ձախ կողոսկրի ուղղությամբ՝ դանդաղ իջնելով դեպի ներքև։ Կրկնել այդ շրջանաձև շարժումները մի քանի անգամ։ Եթե մերսումը ինչ-որ ցավ է առաջացնում, ապա անմիջապես դադարեցնել այն:

6. Եթերային յուղեր օգտագործել․ 2016 թ․-ի հետազոտությունում ուսումնասիրել են կուրկումինի և սամիթի եթերայուղերի համադրության ազդեցությունը գրգռված աղու համախտանիշ ունեցող մարդկանց վրա։ 30 օր անց մարդիկ հայտնել են ախտանշանների բարելավման, այդ թվում՝ որովայնի ցավերի և փքվածության թեթևացման մասին։ Սակայն պետք է հիշել, որ եթերայուղերի օգտագործումից առաջ ևս պետք է խորհրդակցել բժշկի հետ։

7. Տաք լոգանք ընդունել, հանգստանալ․ տաք լոգանքը, ռելաքսացիան կօգնի նվազեցնել սթրեսի մակարդակը, ինչը կնպաստի աղեստամոքսային համակարգի ավելի արդյունավետ աշխատանքին։
Երբ դիմել բժշկին

Եթե որովայնի փքվածությունն ուղեկցվում է հետևյալ ախտանշաններով, ուրեմն պետք է դիմել բժշկին՝ ախորժակի փոփոխություններ, փորլուծություն, փսխում, քաշի կորուստ, որովայնի ուժեղ ցավ, վառ կարմիր արյուն կղանքում, կղանքի սև գույն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook