Monday, May 6, 2024
ՆորություններԺամանց

Ինչ գինի եք դուք ՝ ըստ կենդանակերպի նշանի

Ձեր խմած գինին շատ բան է պատմում ձեր մասին։ Տանիկ գինին խոսում է լրջության, քաղցրը՝ ընկերության մասին: Փրփրուն գինին կարելի է հիմար համարել, մինչդեռ ծաղկայինը՝  զգայուն: Այսպիսով, ո՞ր գինին է համապատասխանում ձեր կենդանակերպի նշանին:

Խոյ՝ Կաբերնե Սովինյոն

Խոյը սկսում է կենդանակերպի օրացույցը կրակոտ նոտայով: Համարձակ, հավակնոտ եւ տխրահռչակ տաքարյուն. զարմանալի չէ, որ այս նշանը հայտնվում է առաջին տեղում: Բացի նրանց կրակոտ խառնվածքից, Խոյերի ամենավառ բնութագրիչներից մեկը մրցունակությունն է:

Եթե ​​Խոյը գինի լիներ, կլիներ Կաբերնե Սովինյոն: Սա ոչ միայն աշխարհում աճեցվող ամենահայտնի խաղողի տեսակն է, այլեւ համեմատած այլ գինիների հետ, Կաբերնե Սովինյոնը բնութագրվում է որպես ուժեղ եւ հարուստ տեսակ: Խոյերի պես այս գինիները լիարժեք են: Շոկոլադի, հասած հատապտուղների, կաղնու, հողի, մանուշակի, ինչպես նաեւ պղպեղի ու համեմունքների անուշաբույր նոտաներով Կաբերնե գինին շատ համարձակ է, ինչպես Խոյը:

Ցուլ՝ Կիանտի

Քանի որ Ցուլը կենդանակերպի առաջին երկրային նշանն է, տրամաբանական է, թե ինչու է նա հայտնի իր համառությամբ: Իրականում, ցլի կամ քարի տեղաշարժը հավանաբար ավելի հեշտ կլինի, քան այս նշանի տակ ծնվածներին ինչ-որ բանում համոզելը: Սակայն Ցուլերի համառության մեկ այլ, ավելի դրական կողմ կա՝ նրանց կայունությունը:

Ցուլը ամեն ինչից բարձր է գնահատում հետեւողականությունն ու հուսալիությունը:

Այս նշանի գինին ակնհայտորեն պետք է լինի նույնքան կայուն եւ հուսալի, որքան նրանք, եւ իմանալով դա՝ նրանց կարելի է համեմատլ իտալական ամենահայտնի գինիներից մեկի՝ Կիանտիի հետ: Ի տարբերություն Կաբերնեի, Կիանտին ավելի թեթեւ է, այսինքն՝ ավելի քիչ թթվային: Այս գինիներն այնքան էլ համարձակ, հարուստ կամ ամուր չեն, եւ ավելի հավանական է, որ գրավեն նրանց, ովքեր գնահատում են ինչ-որ հարթ եւ ստաբիլ բան:

Երկվորյակ՝ Շամպայն

Կենսուրախ, շատախոս և հետաքրքրասեր Երկվորյակները հեշտությամբ վազում են սենյակներով, զրուցում և բամբասում նույնիսկ ամենաանսպասելի մարդկանց հետ: Նմանապես, նրանք անցկացնում են իրենց հանգստյան օրերը վազելով մի երեկույթից կամ սոցիալական իրադարձությունից մյուսը: Նրանք հազվադեպ են երկար մնում մեկ տեղում, բայց եթե կա մի բան, որը կարող է համոզել նրանց մնալ, դա շամպայնի շիշն է:

Փայլուն, քաղցր, թեթև, փրփրացող և օդային շամպայնի յուրաքանչյուր տեսակ ունի այն տարրերը, որոնք կազմում են այս դինամիկ նշանը, և Երկվորյակների համար երեկույթը չի սկսվում մինչև այն չհայտնվի: Երկվորյակին այն պետք է բավական երկար զբաղեցնի, որպեսզի նա կիսվի և լսի իրեն հետաքրքրող բոլոր «հյութեղ» բամբասանքները:

Խեցգետին՝ Մոսկատո

Թեև կարող է ակնհայտ չլինել, երբ առաջին անգամ եք հանդիպում նրանց, բայց Խեցգետինները փափուկ և զգայուն մարդիկ են: Այնուամենայնիվ, այս նշանը հակված է թաքնվելու կոշտ պատյանի հետևում: Սկզբում նրանք կարող են թվալ սառը, հեռավոր կամ նույնիսկ զավեշտական: Բայց ժամանակի ընթացքում դուք կտեսնեք նրանց այնպիսին, ինչպիսին նրանք իրականում կան: Քանի որ նրանք շատ կարեկից են, Խեցգետինների տրամադրությունը հեշտությամբ ենթարկվում է շրջապատի և մարդկանց ազդեցությանը: Այսպիսով, շփվելու փոխարեն այս նշանը հաճախ նախընտրում է մնալ սեփական տան հարմարավետ պատերի մեջ։

Եթե ​​Խեցգետինը լիներ որևէ գինի, ապա կլիներ Մոսկատո: Այս գինին թեթև և քաղցր է և հաճախ առաջարկվում է գինու հետ առաջին անգամ ծանոթացողներին, որոնց, գուղե, դուր չգա  ավելի չոր, թթվային գինիների գունապնակը: Մոսկատոն իդեալական գինի է, եթե դուք կամաց-կամաց եք սիրահարվում գինուն:

Առյուծ՝ Վարդագույն գինի

Այս նշանը հայտնի է իր կենսունակ անհատականությամբ: Արևի կառավարմամբ նրանք հաճախ վարվում են այնպես, ասես աշխարհը պտտվում է իրենց շուրջը, բայց ոչ ոք չի կարող ժխտել, թե որքան վարակիչ է նրանց կյանքը լիարժեք ապրելու կիրքը: Հուլիսի վերջից օգոստոսի վերջ ծնված Առյուծը իսկապես մարմնավորում է, թե ինչ է նշանակում ապրել ձեր լավագույն կյանքով, իսկ ամռանը կա միայն մեկ տեսակի գինի, որն անում է նույն բանը՝ խոսքը վարդագույն գինու մասին է:

Երբ մտածում եք վարդագույնի մասին, ձեր մտքին գալիս են արևոտ տանիքները, շողշողացող լողավազանները, օվկիանոսի տեսարանները և նավակները: Եթե ​​դուք ամառային օր եք անցկացնում Առյուծի հետ, կարող ենք գրեթե երաշխավորել, որ այս սցենարներից որևէ մեկը տեղի կունենա, և վարդագույն շիշը, նույնպես, ներկա կլինի: Վարդագույն գինին պարզապես ամառային վարդագույն ըմպելիք չէ, այն ապրելակերպի ընտրություն է, որը համապատասխանում է Առյուծի՝ ռոմանտիկ էությանը: Մրգայինից մինչև ծաղկային, քաղցրից մինչև չոր, կան տարբեր գինիներ, որոնք համապատասխանում են յուրաքանչյուր ճաշակի:

Կույս՝ Սովինյոն Բլան

Կույսն ապացուցել է, որ ամենաարդյունավետ նշաններից է: Կույսի մոլուցքը կատարելության նկատմամբ, զուգորդված անսահման բավարարվածության հետ, որը նրանք ստանում են իրենց անելիքների ցուցակը լրացնելով, նշանակում է, որ նրանք ոչ միայն ժամանակին կկատարեն առաջադրանքը, այլև ճիշտ կանեն: Հաշվի առնելով նրանց ճաշակը ճշգրտության, ժամանակի և կատարման համար՝ գինու տեսակը, որին նրանք համապատասխանում են, Սովինյոն Բլանն է:

Թեթև և պայծառ, թարմ ցիտրուսային և հողեղեն բուսական նոտաների հավասարակշռությամբ, ոչ մի գինի չի ներառում Կույսի մոտեցումը ճշգրտության և դետալների նկատմամբ, ինչպես մի բաժակ Սովինյոն Բլանը: Այս գինին թարմացնող է և հեշտությամբ ճանաչելի իր թարմության և խոտի, մրգերի և արևադարձային նոտաների շնորհիվ, սակայն, անկախ նրանից, թե սպեկտրի որ ծայրին է թեքվում, դրա համը միշտ կատարյալ է:

Կշեռք՝ Պինո Գրիջիո

Կշեռքները հայտնի են համաչափության նկատմամբ իրենց հատուկ ուշադրությամբ։ Ահա, թե ինչն է նրանց դարձնում տաղանդավոր դեկորատորներ, ոճաբաններ և արվեստի համադրողներ: Այնուամենայնիվ, հավասարակշռության այս գնահատանքն արտահայտվում է ոչ միայն գեղագիտական, այլև նրանց կյանքի բոլոր այլ առումներով: Կշեռքները հավասարակշռություն և ներդաշնակություն են փնտրում ամեն ինչում՝ հարաբերություններից մինչև կարիերա, առողջությունից մինչև հոբբի: Ինչպես գինին, որը կազմված է թթուների, դաբաղանյութերի, շաքարի և ալկոհոլի հավասարակշռությունից, Կշեռքները լավագույնս են դրսեւորվում, երբ յուրաքանչյուր տարր աշխատում է միասին և ներդաշնակ:

Կա մի  գինի, որը համապատասանում է Կշեռքների այս էությանը, և դա Պինո Գրիջիոն է: Սա հարթ, էլեգանտ,  իդեալական քաղցր, մրգային և հավասարակշռված գինի է:

Կարիճ՝ Շարդոնե

Իրենց առեղծվածով հայտնի Կարիճները Կենդանակերպի ամենաթյուրըմբռնված նշանն են: Կախված այն տրամադրությունից, որով նրանք արթնանում են ձեզ հետ հանդիպման օրը, դուք կարող եք բոլորովին այլ տպավորություն ունենալ նրանց մասին: Կարիճը կրքոտ է և ինտենսիվ, և նրա զգացմունքները՝ և՛ դրական, և՛ բացասական, գրեթե երբեք թույլ չեն արտահայտվում:

Նրանք ինքնին չեն ստի, այլ կպարեն ճշմարտության շուրջ՝ իրենց իշխանությունը պահպանելու համար:

Սրտի խորքում Կարիճները աներևակայելի զգայուն, սիրող և հոգատար մարդիկ են, ովքեր պարզապես կարիք ունեն մեկի, ում կարող են բավականաչափ վստահել, որպեսզի բացվեն: Դրա համար էլ նրանց սազում է Շարդոնեն: Նույնիսկ գինու պրոֆեսիոնալ համտեսողների շրջանում Շարդոնեն համարվում է ամենաթյուրըմբռնվածը։ Ի տարբերություն սպիտակ գինիների մեծամասնության, որոնք համարվում են թարմ և թեթև, Շարդոնեն ծանր է և հարուստ, հաճախ յուղալի, կարագի համով:

Աղեղնավոր՝ Կարմիր գինի

Գաղտնիք չէ, որ Աղեղնավորները արկածներ փնտրողներ են։ Այս կրակային նշանն անվախորեն ուսումնասիրում է անհայտը: Անկախ նրանից, թե դա ուսապարկով ճանապարհորդություն է Ասիայով, շրջագայություն, յոգայի դաս կամ կարիերայի նոր հնարավորություն, այս նշանը փնտրում և օգտագործում է յուրաքանչյուր շանս կամ կյանքի փոփոխություն՝ ընդլայնելու աշխարհի մասին իր պատկերացումները: Նույնիսկ, երբ ամեն ինչ այնպես չի ընթանում, ինչպես սպասվում էր, Աղեղնավորը գիտի, թե ինչպես տեսնել ցանկացած իրավիճակի դրականկողմը:

Աղեղնավորը կլինի այն գինին, որը կմարմնավորի իր արկածախնդիր ոգին` կարմիրի խառնուրդ: Բազմաթիվ տեսակների կուպաժային գինիները աճող միտում են Նապա հովտում, և եթե Աղեղնավորը լիներ որևէ կոնկրետ խառնուրդ, ապա բաղկացած կլիներ Կաբերնե Սովինյոնից ի և Մերլոյից, որը նաև հայտնի է որպես Սովինյոն Մերլո: Համատեղելով աշխարհի ամենասիրված խաղողի երկու տեսակները՝ այս խառը գինիները շոկոլադե, հարուստ, մրգային և դաբաղային են՝ մայրու, կաղնու և համեմունքների, ինչպես նաև կոկոսի և վանիլի բույրերով:

Այծեղջյուր՝ Մալբեկ

Այծեղջյուրները ծնվել են բարձրանալու համար։ Հայտնի են իրենց վճռականությամբ և հաստատակամությամբ, եւ նրանց աչքից երբեք չեն վրիպում իրենց մեծ նպատակները։ Նրանք միշտ կձգտեն հասնել դրանց, և չեն բավարարվի ոչ մի բանով: Այդ իսկ պատճառով, եթե Այծեղջյուրը լիներ որևէ տեսակի գինի, այն կլիներ բարձրլեռնային սորտից։ Բարձրությունը լավ է ազդում գինու համի վրա, և ոչ մի գինու մեջ դա այնքան ակնհայտ չէ, որքան Մալբեկի դեպքում:

Ինչպես Այծեղջյուրը, այնպես էլ Մալբեկը սիրում է բարձրություններ: Ինչպես ցույց է տալիս Արգենտինական Մալբեկը, որն աճեցվում է Անդերում, գինին լավ է ստացվում մաքուր արևի լույսի և ավելի ցածր ջերմաստիճանի պայմաններում, որոնք ապահովում են բարձր լեռները: Ծովի մակարդակից 3000-ից 5500 ոտնաչափ բարձրության վրա աճող Մալբեկ խաղողը դանդաղ է հասունանում, ինչը տալիս է այն ժամանակը, որն անհրաժեշտ է թթվայնության ավելի բարձր մակարդակ և ավելի ուժեղ դաբաղ կառուցվածքներ զարգացնելու համար: Այսպիսով, չնայած այն կարող է ավելի շատ ժամանակ և ջանք պահանջել արտադրողից, պատրաստի արտադրանքը երկարաժամկետ հեռանկարում ավելի լավը կլինի: Սա մի բան է, որն այս աշխատասեր և կենսուրախ նշանը, անշուշտ, կարող է հասկանալ և գնահատել:

Ջրհոս՝ Նարնջագույն գինի

Ջրհոսները միշտ աշխարհը բարելավելու ուղիներ են փնտրում: Այս նշանին գրավում է այն ամենը, ինչը մարտահրավեր է նետում կարծրատիպերին՝ մարդկանցից մինչև գաղափարներ, հագուստից մինչև հոբբի: Սա նկատի ունենալով՝ տրամաբանական է, որ Ջրհոսների գինու տեսակը պետք է լինի նույնքան նորմերին չհամապատասխանող, եզակի և տենդենցային, որքան նրանք:

Ինչպես Ջրհոսը, որը, չնայած իր անվան «ակվա»-ին, իրականում օդային նշան է, նարնջագույն գինիներն իրականում նարինջ չեն պարունակում: Ավելի շուտ, դա, այսպես կոչված, մաշկի հետ շփվող գինի է, այսինքն՝ պատրաստված է մաքուր խաղողից, որը պահպանել է կեղևը: Այս գինիները սպիտակ գինիների նման փխրուն են և թթվային՝ պահպանելով կարմիր գինիների բոլոր համեղ նրբությունները: Ջրհոսի պես, նարնջագույն գինիները կամրջում են կարմիր և սպիտակ գինի խմողների նախասիրությունները՝ ստեղծելով իրենց բազմազանությունը:

Ձկներ՝ Սպիտակ գինի

Ձկներն այն կենդանակերպի նշանն է, որն ամենից շատ է կապված միստիկայի և հրաշքների հետ: Ասում են, որ Ձկները ժառանգում են իրենց նախորդող նշանների ողջ իմաստությունը և կյանքի փորձը՝ դառնալով  հատկապես ինտուիտիվ, զգայուն և կարեկից: Այս նշանները բնածին կարողություն ունեն շփվելու գրեթե բոլորի հետ, սակայն նրանց ստեղծագործական բնույթը նշանակում է, որ նրանց ուշադրությունը հաճախ բաշխվում է ֆանտազիայի և իրականության միջև:

Ձկները ձգտում են փորձառությունների, որոնք արթնացնում են իրենց զգայարանները, ներուժը և զարմանքը: Եթե ​​Ձկները գինի լինեին, այն կմարմնավորեր և՛ նրանց երազկոտ, և՛ ներողամիտ կողմերը, և ոչ մի գինի դա չի անում ավելի լավ, քան կուպաժային սպիտակը:

Իր բույրերի և համերի բարդությամբ ցանկացած տեսակի գինի կարող է հագեցնել Ձկների զգայական փորձառությունների ծարավը: Այնուամենայնիվ, մի քանի տարբեր խաղողի տեսակներ պարունակող սպիտակ խառը գինիները կխրախուսեն Ձկներին հաշվի առնել դրանցից յուրաքանչյուրի բույրերի և համերի բազմազանությունը:

Էլ չենք խոսում այն մասին, որ այս գինիները, լինելով խառնուրդներ, թույլ են տալիս գինեգործներին ընտրել խաղողի մի սորտի բնութագրերը և դրանք համատեղել մյուսի հետ՝ ստեղծելով անհավանական բան: Իր հերթին, սպիտակի երանգները ցույց են տալիս Ձկների ստեղծագործական և գեղարվեստական ​​բնույթը՝ թույլ տալով նրանց ուսումնասիրել և արտահայտել իրենց երևակայությունները:

Աղբյուրը՝ Tasting Table

x Close

Like Us On Facebook