Wednesday, May 8, 2024
ՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Ինչ է ենթադրում փոխնակ սեռական թերապիան և որ դեպքերում է այն ցուցված․ պարզաբանում է սեքսոպաթոլոգը

Տարատեսակ սեռական խանգարումների դեպքում բժիշկները հիվանդի սեռական առողջության վերականգնման համար սովորաբար կիրառում են բուժման տարբեր մեթոդները, սակայն դրանցից մեկի՝ փոխնակ սեռական թերապիայի մասին միայն վերջերս է հայտնի դարձել։ Tert.am Medicine-ն այս հարցի շուրջ զրուցել է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի սեքսոպաթոլոգ, բ.գ.թ., դոցենտ Սևադա Հակոբյանի հետ՝ փորձելով պարզել՝ ինչ է ենթադրում այս թերապիան և որ դեպքերում է ցուցված։

Մասնագետի խոսքով՝ շատ երկրներում փոխնակ սեռական թերապիայի մեդոդը վիճելի է, ուստի զարմանալի չէ, որ այն լայն կիրառում չունի:

«Փոխնակ սեռական թերապիան ենթադրում է հիվանդի համար որոշակի վարձավճարի դիմաց սեռական գործընկերներոջ «վարձում» սեռական առողջության վերականգնման նպատակով։ Այս մեթոդը վիճելի է և լայնորեն չի կիրառվում, սակայն Իսրայելում, օրինակ, նման բուժումն այժմ հասանելի է այն զինծառայողներին, որոնք ծանր վնասվածքներ են ստացել և կարիք ունեն սեռական առողջության վերականգնման», – բացատրեց մասնագետը։

Բժշկի խոսքով՝ նման թերապիայի ընթացքում փոխնակ զուգընկերը, որը կարող է լինել կին կամ տղամարդ, կատարում է զուգընկերոջ դերը, քանի որ նման թերապիան ենթադրում է երկու զուգընկերոջ մասնակցություն։

«Սեռական թերապիան զույգերի համար է, քանի որ այս դեպքում առանց զուգընկերոջ բուժումը չի հաջողվի ավարտին հասցնել», – բացատրեց մասնագետ՝ հավելելով, որ միևնույն ժամանակ կան որոշակի կանոններ, որոնց հարկավոր է հետևել, և դրանցից մեկն այն է, որ թերապիայից դուրս փոխնակ զուգընկերոջ հետ հարաբերություններ ունենալն արգելվում է։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook