Wednesday, May 1, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ինչ է հեմանգիոման և որոնք են դրա տեսակները, առաջացման պատճառներն ու բուժման եղանակները.tert.am

Այս մասին հաղորդում է tert.am-ը: Հեմանգիոման բարորակ անոթային ուռուցք է, որը լինում է ուռուցիկ և ունենում է անկանոն եզրեր: Նման ուռուցքները կարող են ի հայտ գալ մարմնի ցանկացած հատվածում, սակայն առավել հաճախ լինում են մեջքին:

Այս հիվանդությունը կարող է առաջանալ ցանկացած տարիքում, սակայն ավելի հաճախ հանդիպում է երեխաների (հատկապես՝ աղջիկ երեխաների) մոտ: Ուռուցքն առաջանում է էմբրոգենեզի ժամանակ երակների ու զարկերակների սխալ զարգացման հետևանքով:

Որևէ օրգանի սեղմվածությունը հանգեցնում է ոչ միայն ախտահարված օրգանի, այլև հարևան օրգանների ֆունկցիաների խանգարման: Օրինակ՝ արտաքին ականջի հեմանգիոման կարող է տարածվել և ախտահարել նաև թմբկաթաղանթը, ինչը կհանգեցնի երեխայի մոտ լսսողական խանգարումների առաջացման և անգամ լսողության կորստի:

Հեմանգիոմաների դասակարգումը

Ըստ ախտահարման հատվածի.

Նորածինների մոտ հեմանգիոմաները հաճախ նկատվում են դեմքի հատվածում, մինչդեռ ավելի մեծ տարիքի երեխաների մոտ՝ մարմնի տարբեր հատվածներում: Կախված ախտահաման հատվածից՝ տարբերվում են.

· մակերեսային ուռուցքներ (մաշկի վրա),

· լորձաթաղանթի հեմանգիոմաներ,

· ներքին օրգանների վրա (գլխուղեղ, փայծաղ, էնդոկրին գեղձեր) առաջացող հեմանգիոմաներ,

· կմախքային հեմանգիոմաներ (հանգեցնում են հենաշարժիչ համակարգի ձևավորման խանգարումների): Այս հեմանգիոմաների շարքին են դասվում նաև ողնաշարի հեմանգիոմաները, որոնք առաջանում են ողերում և դառնում սաստիկ ցավերի պատճառ: Նմանատիպ ուռուցքները կարող են քայքայել ողը և հանգեցնել վերջույթների կաթվածի:

Ըստ հյուսվածքաբանական առանձնահատկությունների.

Կախված բջջային կառուցվածքից՝ հեմանգիոմաները լինում են.

· մազանոթային (հաճախ շատ արագ գերաճում է),

· խոռոչավոր ուռուցք (անոթային խոռոչներ՝ լցված թրոմբոտիկ զանգվածով),

· ռացեմիկ ուռուցք (առաջանում է գլխի մակերևույթին և ունենում է շատ տգեղ տեսք),

· համակցված տիպ (առաջանում է մաշկի տակ):

Առաջացման պատճառները

Հեմանգիոմաների առաջացումը պայմանավորված է ներարգանդային զարգացման ընթացքում անոթների բջջային զարգացման խանգարումներով: Ուռուցքի առաջացումը կապված է անոթային հյուսվածքների բջիջների հիպերպլազիայի հետ: Ներկայում այս հիվանդության առաջացման հստակ պատճառները դեռ պարզված չեն: Ենթադրվում է, որ երեխայի զարգացման խանգարումների պատճառ կարող են դառնալ հղիության ընթացքում որոշ դեղամիջոցների ընդունումը:

Հեմանգիոմաների առաջացմանը նպաստող հիմնական գերծոններն են ժառանգական նախատրամադրվածությունը, ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը և անոթային հիվանդությունները: Բացի այդ, բացասաբար կարող են ազդել նաև տվյալ տարածաշրջանի էկոլոգիական պայմանները և վաղաժամ ծննդաբերությունը:

Փոքրիկ անոթային ուռուցքները սովորաբար ի հայտ են գալիս երեխայի գլխին: Առաջին 6 ամսվա ընթացքում դրանք շատ արագ աճում են, սակայն հետագայում զարգացումը կանգ է առնում: Այս նորագոյացությունները կարող են լուրջ կոսմետիկ արատ դառնալ:

Հիվանդության ախտանշանները կախված են ուռուցքի առաջացման հատվածից: Հեմանգիոմաներով ծնվում է երեխաների 3%-ը, իսկ 10%-ի մոտ դրանք ի հայտ են գալիս մեկ տարվա ընթացքում:

Պարզ անոթային հեմնգիոմաները կարող են անհետանալ առանց որևէ միջամտության: Այս գործընթացը տեղի է ունենում երեք փուլով՝ առաջին (մինչև 12 ամիս), երկրորդ (1-5 տարի) և երրորդ (մինչև 16 տարի):

Հեմանգիոմաների տեսակների առանձնահատկությունները

· Տափակ հեմանգիոման հարթ է կամ աննշան ուռուցիկ: Գույնը կարող է տարբեր լինել՝ վարդագույնից մինչև կապտավուն: Այս ուռուցքների վրա սեղմելիս դրանք գունատվում են, իսկ դրանց վնասվածքն առաջացնում է արյունահոսություն:

· Խոռոչավոր հեմանգիոմաները փափուկ են ու առաձգական և բաղկացած են արյունով լցված ենթամաշկային խոռոչներից: Սեղմելիս այս հեմանգիոմաները փոքրանում են:

· Համակցված ուռուցքները կարող են ունենալ տարբեր տեսք՝ կախված հյուսվածքների բջջային կառուցվածքից:

· Ներքին օրգանների հեմանգոմաները դրսևորվում են ցավով ու օրգանի աշխատանքի խանգարմամբ:

· Ողնաշարի հեմանգիոմայի դեպքում առաջանում է ուժգին ցավ և խանգարվում է վերջույթների շարժունությունը:

Հեմանգիոմաների բուժումը

Դեմքի վրա, բերանի խոռոչում կամ աճուկային հատվածում առաջացած հեմագիոմաները հարկավոր է անպայման հեռացնել: Բացի այդ, հարկավոր է բուժել նաև բոլոր զարգացող, վարակված, քայքայվող ու արյունահոսող հեմանգիոմաները: Ուռուցքների հեռացման մեթոդները հետևյալն են.

· Ռադիոթերապիա (կիրառվում է դժվար հասանելի հատվածներում),

· Անոթների լազերային կոագուլյացիա,

· Էլեկտրակոագուլյացիա (կիրառվում է մանր գոյացությունների դեպքում),

· Կրիոդեստրուկցիա (սառեցում հեղուկ ազոտով),

· Սկլերոդեստրուկցիա (սկլերոզող նյութի ներարկում),

· Հորմոնային թերապիա (կիրառվում է հեմանգիոմայի զարգացումը դադարեցնելու համար),

· Վիրահատական միջամտություն (կիրառվում է ներքին օրգանների հեմանգիոմաների դեպքում):

Շատ հաճախ հեմանգիոմաների բուժման համար կիրառվում են համակցված մեթոդներ: Օրինակ՝ ճառագայթային թերապիան կարող է համակցվել կրիոդեստրուկցիայի և հորմոնային թերապիայի հետ:

Բարդությունները

Հեմանգիոմաները կարող են վարակվել, ինչի հետևանքով հետագայում անոթների պատերը կարող են թարախակալվել, արյունահոսել ու բորբոքվել: Սակայն այս նորագոյացությունների մեծ մասը բարորակ է լինում և չի գերաճում, իսկ որոշ տեսակներ էլ կարող են անհետանալ առանց որևէ միջամտության:

Նյութի աղբյուրը՝ love-mother.ru

Leave a Reply

x Close

Like Us On Facebook