Ինչ սխալներ են մարդիկ գործում սննդային թունավորումների դեպքում հիվանդին բուժօգնություն ցուցաբերելիս
Սննդային թունավորումները ծանոթ են գրեթե բոլորին, քանի որ բավական տարածված խնդիր են: Առավել հաճախ թունավորումը պայմանավորված է լինում բակտերիաներով վարակված մթերքով, որն օրգանիզմում է հայտնվում: Այս խանգարման հիմնական ախտանշաններն են սրտխառնոցը, փսխումը, փորլուծությունը, ստամոքսի ցավերն ու գլխացավերը: Ծանր դեպքերում փսխումն ու փորլուծությունը կարող են բազմից կրկնվել ու հանգեցնել ընդհանուր թուլության:
Սովորաբար թունավորումների դեպքում մարդիկ փորձում են ամեն կերպ օգնել տուժածին ու բարելավել նրա ինքնազգացողությունը, սակայն ձեռնարկված ոչ բոլոր միջոցներն են սովորաբար անվտանգ լինում: Մասնագետները ներկայացրել այն հիմնական սխալները, որոնք մարդիկ թույլ են տալիս թունավորումների դեպքում տուժածին օգնություն ցուցաբերելիս:
Սննդային թունավորումները, որպես կանոն, ուղեկցվում են փորլուծությամբ, ուստի նման դեպքերում մարդիկ փորձում են առաջին հերթին ազատվել այս խնդրից՝ տալով հիվանդին փորլուծության դեմ դեղամիջոցներ, ինչն էլ ավելի է վատթարացնում վիճակը: Նման միջոցներն իսկապես ազատում են փորլուծությունից, քանի որ արգելակում են աղիների պերիստալտիկան, սակայն այս դեպքում աղիներում են մնում մեծ քանակությամբ ախտածին միկրոօրգանիզմներ, որոնք շարունակում են տոքսիններ արտազատել ու թունավորել օրգանիզմը:
Մյուս սխալը, որը մարդիկ գործում են սննդային թունավորումների ժամանակ, կաթնամթերքի գործածությունն է: Կեֆիրն ու այլ կաթնամթերքը պարունակում են պրոբիոտիկներ, որոնք շատ օգտակար են աղիների համար, սակայն մասնագետները խորհուրդ չեն տալիս ընդունել դրանք թունավորումների դեպքում: Բանն այն է, որ նման մթերքը խթանում է աղիների պերիստալտիկան, ինչը վնասակար է վարակով հյուծված աղիների համար: Այս դեպքում կաթնամթերքը կարող է աղիներում անցանկալի գործընթացներ առաջացնել և էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը:
Բացի այդ, սննդային թունավորումների ժամանակ ոչ մի դեպքում չի կարելի.
- հիվանդին տալ գազավորված ջուր,
- արհեստական փսխում առաջացնել հղի կանանց մոտ,
- ինքնուրույն փորձել չեզոքացնել թթվային միջավայրը հիմնային նյութերով,
- հիվանդին տալ փորլուծություն առաջացնող դեղամիջոցներ:
Նյութի աղբյուրը՝ med.tert.am