Wednesday, May 1, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Ինֆարկտի քիչ հայտնի նախանշաններ, ճնշման մեկ նորմա բոլորի համար, ստենտավորում. հարցեր սրտաբանին

Սրտի ծակոցն ինֆարկտի նախանշան չէ, իսկ ճնշման նորման մեկն է բոլորի համար և տարիքի հետ կապ չունի։

Ինչու՞ չի կարելի ցավազրկող խմել կրծքավանդակի ցավերի ժամանակ, որքա՞ն է ծառայում ստենտը, եղանակն ազդու՞մ է սրտի հիվանդությունների վրա, կարելի՞ է արդյոք քնել ձախ կողմի վրա կամ սպորտով զբաղվել սրտի խնդիրների դեպքում։

Ինչու՞ են երիտասարդների շրջանում շատացել ինֆարկտները, և ինչու՞ են տղամարդիկ ավելի հաճախ ունենում սրտի հիվանդություններ։

 Բժշկիմոտ շարքում այս անգամ զրուցել ենք ՀՀ գլխավոր սրտաբան, «Էրեբունի» ԲԿ անհետաձգելի սրտաբանության բաժանմունքի վարիչ, ԵՊԲՀ սրտաբանության ամբիոնի պրոֆեսոր Համլետ Հայրապետյանի հետ։
Հայաստանում մահվան ամենատարածված պատճառներից են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները (ԱՇՀՀ)՝ 49,3 %-ը, որոնց մեջ գերակշռում են սրտի իշեմիկ և քրոնիկ հիվանդություններից մահացությունները։ Ձեր պրակտիկայում աճի տենդենց նկատու՞մ ենք։

Միշտ էլ սրտանոթային հիվանդությունները մահվան առաջին պատճառ են եղել Հայաստանում, և ոչ միայն. երկրների մեծ մասում մահվան առաջին պատճառը սրտանոթային հիվանդություններն են, ավելի շատ, քան օնկոլոգիան, ավելի շատ, քան տրավմաները։ Մեզ մոտ, իմ տվյալներով, մոտ կեսն է՝ մի տարի մի քիչ ավել, մի քիչ պակաս: Բոլոր մահերի կեսը սրտանոթային հիվանդություններն են։ Թվում է, թե դրա պատճառը սրտանոթային հիվանդությունների վատ բուժումն է, կամ՝ դրանց շատանալը, սակայն, եթե մենք բացարձակ թվերի անցնենք, թիվը չի շատանում, մի բան էլ պակասում է, ուղղակի ընդհանուր մահերի տոկոսի մեջ այն տոկոսային առումով միշտ մնում է առաջինը։

 Բայց վերջին տարիներին, հատկապես՝ մեկ-երկու տասնամյակների ընթացքում և’ նոր մեթոդներն են կիրառվում, և’ նոր վիրահատություններ են կատարվում մեզ մոտ, և’ նոր դեղորայք է համալրվում, ու ոչ միայն մեզ մոտ, ընդհանրապես աշխարհում, որոնք բավական բարձացրել են ապրելիության տարիքը և իջեցրել մահացությունները։

Տարբեր ոլորտների բժիշկների հետ մեր զրույցների ժամանակ, նրանք նշում էին, որ հիվանդությունները երիտասարդացել են, բայց կարծրատիպ կա, որ սրտի հետ կապված խնդիրները լինում են մեծ տարիքում, և երիտասարդներին դրանք չեն սպառնում։

Այո’, ճիշտ է, ու ցավոք սրտի, դա շփոթեցնում է, որ մտածում են, ասենք, 20-30 տարեկան միջակայքում ինֆարկտ չի լինում։ Բայց տարբեր պատճառներ, այդ թվում՝ թմրամիջոցների օգտագործումը, բերում են սրտամկանի ինֆարկտի։

Հղիների մոտ նույնպես, հազվադեպ, բայց կարող է լինել սրտամկանի ինֆարկտ։

Երիտասարդ տարիքն ունի իր առանձնահատկությունները, իր պատճառները և պրոբլեմները, որոնք նույն Հայաստանում, իմ կարծիքով, շատացել են։

Վերջին տարիներին երիտասարդների մոտ ինֆարկտների թվի աճ կա՞:

Ավելի շատացել է երիտասարդների ինֆարկտը՝ կապված թմրամիջոցների հետ։ Մեզ մոտ, իմ տպավորությամբ, շատ երիտասարդներ են գալիս սրտամկանի ինֆարկտով, որոնք թմրամոլ են, կամ հաճախակի են օգտագործում թմրանյութեր։

Միգուցե նաև շատացել է, լավացել է դիագնոստիկան. առաջ չէին կարծում, որ ինֆարկտից մահացավ կամ ինֆարկտ ուներ։ Հիմա հեշտ է, լավ է դիագնոզվում։

Իսկ գենետիկ գործոնն այստեղ դեր ունի՞:

Իհարկե, նշանակություն ունի։ Էստեղ մի քանի գործոններ են իրար գումարվում։ Առաջին հերթին՝ գենետիկա, գումարած՝ սթրեսային կյանք, գումարած՝ շատ կարևոր ֆակտոր Հայաստանի համար, ծխամոլությունը. Հայաստանը Եվրոպայում գրավում է ամենաբարձր տեղերից մեկն այն թվերով, որոնք պաշտոնապես արձանագրված են, բայց կան չարձանագրված շատ ծխողներ։ Ծխելու տարածվածությունը Հայաստանում, կարծեմ, մոտ 50-60% է տղամարդկանց մոտ, 15%-ի սահմաններում՝ կանանց մոտ։ Բայց, նաև կարծում եմ՝ սրանք լիարժեք տվյալներ չեն՝ հատկապես կանանց մոտ։ Ծխելը սրտանոթային հիվանդությունների հիմնական ռիսկի գործոններից մեկն է։

Տղամարդկանց մոտ ծխելու տարածվածության գործոնը մեծացնու՞մ է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը։

Ոչ միայն ծխելու գործոնը, այլև գենետիկորեն, բնության կողմից տրված է, որ տղամարդիկ ավելի հաճախ են հիվանդանում սրտամկանի ինֆարկտով և սրտի քրոնիկ իշեմիկ հիվանդություններով, քան կանայք՝ մոտ 3-4 անգամ ավելի շատ, երբեմն՝ մինչև 5 անգամ։

Կանայք պաշտպանված են, երբ ռեպրոդուկտիվ տարիքում են, երբ որոշակի տարիք է վրա հասնում, և նրանք արդեն ի վիճակի չեն սերունդ ունենալ, նրանց մոտ օրգանիզմի պաշտպանվածությունը թուլանում է, և տարբերությունը տղամարդկանց և կանանց մոտ այդ տարիքից որոշակիորեն պակասում է։

Որպես ռիսկի գործոն կարո՞ղ ենք դիտարկել նաև դիաբետը, ճարպակալումը, ալկոհոլի կիրառումը և այլն։

Այո’, նաև՝ խոլեստերինի բարձրացումը, ավելորդ քաշը, հիպոդինամիան, գենետիկական ֆակտորը, բարձր զարկերակային ճնշումը։ Այս բոլորը հանդիսանում են սրտի իշեմիկ հիվանդության՝ ինֆարկտի ռիսկի գործոններ։

Կան ռիսկի գործոններ, որոնք մենք ի վիճակի ենք վերացնել, ենթադրենք, ավելորդ քաշը, կամ ծխելը, բայց կան ռիսկի գործոններ, օրինակ՝ գենետիկան, որը մենք չենք կարող վերացնել։

Այս դեպքում միայն պետք է պարբերաբար վերահսկե՞լ։

Դա ուղղակի պարտադրում է ավելի խիստ ուշադրություն և հետազոտություններ։

Այն կարծիքը, որ եթե տնեցիներն ունեցել են սրտի հետ կապված խնդիր, ուրեմն երեխայի մոտ էլ կարող է դրսևորվել, ճի՞շտ է։

Անպայման չէ, բայց բարձր է հավանականությունը, որ արյունակից հարազատների մոտ կյանքի ընթացքում նույնը լինի։

Մարդիկ կարծում են, որ ինֆարկտի հիմնական նախանշանն է, երբ սիրտը ծակում է։ Եթե նման բան չկա, ասում են՝ սիրտս չի ծակում, ուրեմն լավ եմ, հանգիստ եմ, բայց կան նաև մի շարք թաքնված նշաններ, չէ՞, օրինակ՝ սրտխառնոցը և այլն։

Այո։ Կան, այդպիսի ոչ սրտային գանգատներ, ցավեր։ Նրանք և’ իրենց տեղակայումով, և’ բնույթով տարբեր են, օրինակ՝ ծակոցը, կետային ցավերը, սրտի ձախ կողմում, կրծքավանդակի ցավերը, բնորոշ չեն սրտին, դրանք սրտի ցավեր չեն, բայց մեծ մասը վերագրում է դա սրտին։

Սրտի ցավերը, ընդհակառակը, տեղակայված են լինում կրծքավանդակի մեջտեղը, կրծոսկրի հետևում, ճառագայթում են դեպի ուսերը, դեպի թիակները, կարող են ուղեկցվել հևոցով։ Կարող է լինել նաև ոչ թե ցավ, այլ այրոց, հաճախ դա վերագրում են ստամոքսին, ցավոք սրտի, երբեմն անում են ստամոքսի լվացումներ, որովհետև դա մեջտեղն է տեղակայված, ստամոքսից դեպի կոկորդ է տարածվում, և ինքն ավելի շատ նման է լինում այրոցի՝ այսպես ասած՝ իզժոգայի, և մարդիկ կատարում են լվացումներ, որը ոչ միայն չի օգնում, այլև վատացնում է վիճակը։

Կանանց և տղամարդկանց մոտ նախանշանները նույն կե՞րպ են դրսևորում, թե՞ կան տարբերություններ։

Սովորաբար, ավելի տիպիկ նկատվում է տղամարդկանց մոտ։ Կանանց մոտ կարող է լինել ատիպիկ։ Օրինակ, տղամարդկանց մոտ տիպիկ ցավերը շատ ավելի հաճախ են։ Կանանց մոտ դա կարող է լինել մի քիչ քողարկված. երբեմն, սրտի հիվանդությունները կանանց ախտորոշելն ավելի դժվար է, քան տղամարդկանց։

Երբ որ այդ գանգատները լինում են, մարդիկ սովորաբար կիրառում են «Վալոկարդին», «Կարվալոլ» և այլ հանգստացնող դեղեր։ Դրանք կարելի՞ է կիրառել, թե՞ պատկերը կարող է փոխվել։

Չէ’, չի կարող։ Դրանք թեթև հանգստացնող դեղեր են, որոնք եթե չեն օգնում, չեն էլ վնասի։

Իսկ ցավազրկողների կիրառումը կարո՞ղ է հիվանդության պատկերը փոխել, և դժվար լինի հետո ախտորոշել սրտամկանի ինֆարկտը։

Երբ ցավազրկում են անում, հիվանդի գանգատն անցնում է, և նա չի դիմում բժշկի, չի հետազոտվում, և, ցավոք սրտի, պրոցեսը կարող է խորանալ։

Ռիսկի գործոն համարվող խոլեստերինի բարձրացումը նույնպես կարծրատիպորեն համարում են ավելորդ քաշ, ճարպակալում ունեցողների խնդիր։

Այդ ամենը պետք է դիտարկել կոմպլեքս ձևով։ Եթե հիվանդի մոտ կա ժառանգական նախատրամադրվածություն, բարձր զարկերակային ճնշում, շաքարային դիաբետ, նույնիսկ եթե երիտասարդ տարիք է, կամ դիաբետ չկա, բայց սրանցից որևէ մեկը կա, անձը պարտավոր է մի անգամ գոնե առաջնային հետազոտություն անցնել։

Սրտաբանների կողմից գնահատվում է նրա ռիսկը. կա այդպիսի սանդղակ, որով մենք որոշում ենք տվյալ անձի մոտ սիրտ-անոթային հիվանդություններից մահացությունն առաջիկա 10 տարիներին ինչքան է, քանի տոկոս է։ Գնահատվում է՝ շատ բարձր, բարձր, միջին, ցածր, և ըստ դրա՝ որոշվում են անելիքները. խոլեստերինն ինչքան իջեցնել, ճնշումն ինչպես պահել, խորհուրդներ են տրվում քաշի, ֆիզիկական ակտիվիության մասերով։

Անեմիաները սրտային հիվանդություններ ունենալու ռիսկի գործոն կարո՞ղ են լինել։

Անեմիաներն իրենք արդեն առաջացնում են հևոց, որը որ լինում է նաև սրտային հիվանդի մոտ։ Այլ բան է, որ սրտային անբավարարությամբ հիվանդների մոտ զարգանում է անեմիա, արդեն անեմիան լինում է սրտային հիվանդության պատճառ։ Այսինքն, առաջնայինը սրտային հիվանդությունն է լինում, որը բերում է անեմիայի, շատ ավելի հաճախ քրոնիկ երիկամային անբավարարության ժամանակ է լինում անեմիան։

Ասում են, որ սննդի որակը վատացել է, դա էլ է նպաստում սրտային հիվանդությունների առաջացմանը։

Որպես ռիսկի գործոն մենք չեն դասում սնունդը։ Այստեղ ավելի շատ սննդի հետ կապված արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակն է, ուղղակի ես բազմիցս նշում եմ, որ մենք չունենք սնվելու մշակույթ, շատ հազվադեպ որևէ մեկը սնունդ ընտրելիս կարդա՝ ինչ է նրա բաղադրությունը, ինչքան ճարպեր կան մեջը, ինչ այլ բաղադրություն կա, ինչքան է խոլեստերոլը։

Ճնշման մասին խոսենք։ Մարդիկ մտածում են, որ երիտասարդ տարիքում «ճնշում ունենալն» իրենց չի սպառնում:

Սովորաբար, զարկերակային հիպերտենզիան (զարկերակային ճնշման կայուն բարձրացում 140/90մմ Hg ավելի), կամ գերճնշումը, որոշակի չափով կապված է տարիքի հետ, որովհետև տարիքի հետ աթերոսկլերոտիկ պրոցեսը խորանում է, և սա էլ իր հերթին բերում է անոթների կարծրացման, վերջինս էլ՝ հիպերտոնիայի (բարձր զարկերակային ճնշում, հեղ.)։ Բայց նույն հիպերտենզիա դիագնոզը մենք հաճախ գտնում ենք երիտասարդների մոտ. ճիշտ է` այս դեպքում այն կախված է լինում այլ օրգան համակարգերի հիվանդությունների հետ, այսինքն՝ կարող է լինել երկրորդային, բայց նշանակություն չունի, պատճառը՝ հիպերտոնիան, պետք է բուժել՝ անկախ տարիքից։ Էնպիսի սխալ կարծիք կա, որ տարիքի հետ պետք է ճնշման նորման բարձր լինի, նման բան չկա. նորման բոլոր տարիքների համար նույնն է։

120/80 մմ Hg

Մենք, որպես զարկերակային գերճնշում համարում ենք եվրոպական երկրներում ընդունված 139 սիստոլիկ և 89 դիաստոլիկ թվերը։ Դրանցից բարձր ցանկացած ցուցանիշ արդեն համարվում է հիպերտոնիա։

Օպտմիալ ճնշում կա, դա հենց Ձեր նշած 120/80մմ Hg ճնշումն է։

Այսինքն՝ որ ասում են՝ «այս ճնշումն ինձ համար նորմալ է», նման բան չկա՞:

Չկա այդպիսի բան՝ իմ համար, քո համար, նրա համար։ Բոլորի համար նույն նորման է։

Օրինակ, եթե մեկի ճնշումն 90/60մմ Hg է, ու նա հանգիստ է զգում և 110-ի դեպքում վատանում է, նշանակում է, որ իր մոտ հիպոտոնիա է, ու դա պետք է բուժվի՞։

Չէ’։ Կան մարդիկ, որոնց մոտ մանկուց ճնշումը լինում է ավելի ցածր, քան ընդհանուր պոպուլյացիայինը։ Դա չի նշանակում, որ դա հիպոտոնիա է։

Այդ դեպքում ուղղակի պետք է հսկե՞լ։

Չէ’, ուղղակի այդ մարդիկ պետք է իմանան, որ դա իրենց սովորական ճնշումն է։ Կան անձինք, ում մոտ հանգիստ վիճակում ճնշումն այդքան է՝ առանց ախտանիշների, առանց պաթոլոգիական նշանների։

Եղանակն ազդու՞մ է սրտային հիվանդություն ունեցող մարդկանց վրա:

Այո’։ Մարդիկ կան, որոնք մետեոկախյալ են, և մթնոլորտային ճնշման ցանկացած փոփոխություն ազդում է նրանց ճնշման վրա, ազդում է նրանց ինքնազգացողության, սրտի ռիթմի վրա։ Ընդհանրապես, բոլորի վրա է դա ազդում, բայց կան մարդիկ, որոնք շատ զգայուն են ու իրենց վրա ավելի խիստ է ազդում։ Եվ, իհարկե, այդ կտրուկ փոփոխությունները սիրտ-անոթային հիվանդների մոտ կարող են բերել բարդությունների, հիպերտոնիկ կրիզների (զարկերակային ճնշման կտրուկ բարձրացում, հեղ.), սրտի ռիթմի խանգարման, կրծքավանդակի ցավերի։

Սրտի ստենտավորման անվճար ծրագիրը, որն իրականացվում է Հայաստանում, նախատեսված է անհետաձգելի դեպքերի համար։ Եթե դեպքը սուր կամ անհետաձգելի չէ, կա՞ ցուցում սիրտը ստենատավորելու, թե՞ բժիշկը պետք է որոշի։

Եթե չկա սուր ինֆարկտ, չի նշանակում, թե ստենտավորում պետք չի անել, կամ միջամտություն պետք չի անել. դա որոշում է բժիշկը։ Ուղղակի այդ դեպքերում ստենտավորումը կլինի վճարովի հիմունքներով։

Երբ պետությունը ներդրեց այս համակարգը (2015թ. հունվարի 1-ից, հեղ.), ես՝ որպես անմիջական մասնակից, ականատես, տեսնում եմ՝ ինչքան մեծ օգուտ տվեց և ինչպես նվազեցրեց մահացությունը հիվանդների հոսպիտալային էտապում։ Բացի դրանից, դա նաև մեզ՝ բժիշկներիս, ազատեց գիշերվա կեսին տարբեր ժամերին հիվանդների հարազատների հետ, բժշկական հարցերը թողած, քննարկել ֆինանսական հարցերը։

Ծրագրի շնորհիվ ոչ միայն հիվանդը ստացավ անվճար վիրահատվելու հնարավորություն, այլև մենք ազատվեցինք այդ տհաճ խոսակցություններից և քննարկումներից։ Երբեմն, հիվանդների հարազատները կամ հիվանդները սկսում են առևտուր անել, քննարկել և կասկածել բժիշկներն, որ իրենց հասնում է պետպատվեր, բայց մենք չենք անցկացնում։ Մենք ունենք հստակ չափորոշիչներ՝ որոնք են անցնում պետպատվերով, որոնք չեն անցնում։

Մեր խմբագրություն դիմողներից երբեմն նշում էին, որ իրենց օգտագործված ստենտ են տեղադրել։ Նման բան հնարավո՞ր է։

Չէի լսել, էդպիսի բանե՞ր են ասում։ Իհարկե, դա բացառված է, տխմարություն է։ Եթե ստենտը մեկ անգամ բացվում է, օգտագործվում է, այն հնարավոր չէ երկրորդ անգամ օգտագործել, եթե նույնիսկ մեծ ցանկություն ունենանք։

Ստենտները ժամկետ ունե՞ն:

Ստենտների ծառայելու ժամկետը կախված է նաև և առաջին հերթին հիվանդից։ Ստենտավորումը բուժման մի էտապն է։ Մնացածն արդեն՝ դեղորայքային բուժում, վիճակի հսկում և’ հիվանդի, և’ բժշկի կողմից։

Սրտի վիրահատություն տարած մարդիկ սպորտով կարո՞ղ են զբաղվել։

Խոսքը ոչ թե սպորտի, այլև ֆիզիկական ակտիվության մասին է, որով նրանք պարտադիր պետք է զբաղվեն՝ իրենց բժշկի խորհրդով։ Ֆիզիկական ակտիվությունն անհրաժեշտ է սրտային հիվանդներին. վազքը, լողը, դահուկներ, հեծանիվ քշելը և այլն։ Ուղղակի ամեն ֆիզիկական ակտիվություն չէ, որ ցանկալի է և կարելի է, ենթադրենք՝ ծանրություն բարձրացնել։

Հղիության ժամանակ սրտային հիվանդությունները կարո՞ղ են ինչ-որ խնդիր առաջացնել։

Այո’, ցավոք սրտի, կան սրտային հիվանդություններ, որոնց դեպքում հղիությունը հակացուցված է, կամ որոնց դեպքում հղիությունը որոշակի ռիսկ է մոր համար։

Մենք շատ ենք ունենում այդպիսի հղիներ, որոնց մոտ կա այս կամ այն սրտային խնդիրը, և ամբողջ հղիության ընթացքում հսկում ենք նրանց սիրտ-անոթային համակարգը. կատարում հաճախակի հետազոտություններ, էխոկարդիոգրաֆիա, բժշկի զննում։ Չեմ հիշում որևէ այնպիսի դեպք, որ եթե թույլ ենք տվել հղիություն, վատ ելք ունենա։

Խոսենք ոլորտի խնդիրներից. դուք ձեր հարցազրույցներից մեկում նշում եք, որ  խնդիրներից մեկն այն է, որ մարզային բուժհաստատությունները այնքան էլ հագեցված չեն, և սովորաբար անմիջապես ուղղորդում են Երևան, ինչը մեծացնում է ծանրաբեռնվածությունը։

Իսկապես, դա լուրջ խնդիր է։ Հիմա Առողջապահության նախարարությունում ստեղծվել է Սրտանոթային հիվանդությունների կառավարման խորհուրդ, որը մեր՝ Սրտաբանական ասոցիացիային զուգահեռ, վերհանում է այն խնդիրները, որոնք ընդհանրապես կան հայաստանյան սրտաբանության մեջ։ Այդ խորհրդի նպատակն է ներկայացնել առաջարկություններ՝ մասնագիտական տեսանկյունից։ Այնտեղ մասնագետներ են հավաքված, որոնք ամեն օր աշխատում են, և տեսնում են այդ խնդիրները, և նրանք նախարարին առաջարկում են այսինչ հարցերը շտկել, կամ լուծել, կամ այսինչ ծրագիրը մտցնել։ Խորհրդի աշխատանքի ուղղություններից մեկն այն է, որ կարողանանք գոնե մոտեցնել մարզերի և Երևանի տարբերության մակարդակները սրտաբանության ոլորտում։

Նախ, սրտաբանությունը Հայաստանում առաջատարներից մեկն է բժշկության տարբեր ճյուղեր մեջ։ Երկրորդը, բացվել են կենտրոններ, այդ թվում նաև՝ ստենտավորման՝ երեք մարզերում՝ Սյունիքում, Լոռիում և Շիրակում։ Սա որոշակի չափով թույլ է տալիս գոնե այդ մարզերի համար խնդիրը լուծել. այստեղ և’ ժամանակի գործոնն է, և’ ֆինանսական հարցերն են, և’ հիվանդի տեղափոխման անհարմարություններն են, վտանգը, ռիսկը։ Բայց մնացած մարզերի հիմնական մասերում դեռևս գործում է որոշ բժիշկների մոտ պատասխանատվությունից ազատվելու, խուսափելու, վախի զգացում, նաև՝ որոշ դեպքերում՝ հիմնավոր, երբ չունեն հնարավորությունները, գործիքները, որ հիվանդին լիարժեք ծառայություն մատուցեն։ Դրա համար նրանք, երբեմն արդարացված, փորձում են շուտ ուղարկել հիվանդին երևանյան կլինիկա։

Բացի գործիքային անբավարարությունից, գուցե կադրայի՞ն խնդիրներ էլ կան։

Իհարկե, մենք հիմա գործիքագրում ենք անցկացրել մարզերում՝ որտեղ, ինչ սարքավորումներ կան, ինչ կադրեր ունենք, օրինակ, որտեղ սրտաբանի պակաս ունենք։ Այդ բոլորը մենք կուսումնասիրենք և հնարավորինս շուտ նախարարությանը կառաջարկենք մեր լուծումները։

Կարծրատիպ կա, որ սրտի խնդիր ունեցող մարդիկ չպետք է ձախ կողմի վրա քնեն։

Էդպիսի խնդիր չկա։ Այո’, կա այդպիսի կարծրատիպ, որ ձախի վրա չեմ պառկում, որ սիրտս չտրորվի, բայց դա սխալ կարծիք է։

Բոլոր անհրաժեշտ դեղերն ունե՞նք:

Հիմնականում կան, որոշ բաներ կան, որ մենք հիմա կուզենայինք, որ գրանցված լինեին Հայաստանում։ Այդ հարցերը մենք հիմա Առողջապահության նախարարության հետ պետք է լուծենք։

Ինչ-որ բան կուզենա՞ք ավելացնել:

Հետևե’ք ձեր սրտին, սիրտն ամենակարևոր օրգանն  է։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook