Thursday, May 2, 2024
Նորություններ

Կառավարությունը նախատեսում է մինչև 2027 թվականը դեղագործական ոլորտի արտադրության ծավալը ավելացնել 4 անգամ

Կառավարությունը հաստատեց դեղագործական արդյունաբերության զարգացման հնգամյա ծրագիրը և դրա իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիրը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության հերթական նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նա նշեց, որ 2021 թվականին դեղերի արտադրության ծավալների աճը 2011 թվականի համեմատ կազմել է 2,8 անգամ, իսկ արտահանման ծավալների աճը՝ ավելի քան 2 անգամ։

«Այնուամենայնիվ, ոլորտը դեռևս ունի զարգացման զգալի ներուժ։ Ծրագրի հիմնական նպատակն է շարունակական զարգացնել դեղագործական արդյունաբերությունը և բարձրացնել Հայաստանի Հանրապետության դեղորայքային ինքնաբավության մակարդակը։ Դա հնարավոր է՝  ապահովելով հետևյալը․ տեղական դեղերի արտադրության ծավալների աճ, տեղական արտադրության դեղերի արտահանման ծավալների աճ, ներքին շուկայում տեղական արտադրության դեղերի մասնաբաժնի ավելացում, արտադրողականության բարձրացում։ Ծրագրով նախատեսված նպատակների համար նախանշվել են միջոցառումների ուղղությունները և դրանց ներքո անհրաժեշտ գործիքակազմերի ներդրումը՝ օրենսդրական բարեփոխումներ, համապատասխան մասնագիտական կադրերի ապահովում և դեղագործական արդյունաբերության արտադրողականության բարձրացում, ներքին շուկայում տեղական արտադրանքի ավելացում, ոլորտի ճանաչելիության մակադրակի բարձրացում (խոսքը ֆորումներին, ցուցահանդեսներին ընկերությունների մասնակցության աջակցության մասին է), արտահանման շուկաների ընդլայնում և դիվերսիֆիկացում (խոսքը նոր տեղական արտադրության դեղերն արտերկրում և ԵԱՏՄ-ում գրանցման ծախսերի համաֆինանսավորման մասին է), տեղական հումքային բազայի ստեղծում, միջազգային համագործակցության ընդլայնում,  դեղագործական ոլորտում առավել խորը հետազոտությունների իրականացման օժանդակություն, աջակցություն դեղագործական ոլորտի ենթակառուցվածքների ստեղծմանը ( այստեղ նկատի ունենք նաև նախակլինիկական հետազոտությունների կլաստեր-կենտրոնի ստեղծում և բիոտեխնոլոգիական կենտրոնի ստեղծում)»,- ասաց Քերոբյանը։

Նախարարի խոսքով՝ վերոնշյալ գործիքակազմի կիրառման արդյունքում ակնկալվում է դեղագործական ոլորտի արտադրության ծավալները 2027 թվականին հասցնել 40 միլիարդ դրամի( 4 անգամ ավելացնել ), իսկ արտահանման ծավալները՝ 25 միլիարդ դրամի (5 անգամ ավելացնել), աշխատողների քանակը հասցնել 1500 մարդու։ Ծրագրի բյուջեն կազմելու է 2,5 միլիարդ դրամ

Leave a Reply

x Close

Like Us On Facebook