Wednesday, May 1, 2024
ՀիվանդություններՄանկան ԱնկյունՆորություններ

Կարևոր է սիրել կյանքը, գնահատել ամեն պահը. ուղեղի քաղցկեղը հաղթահարած 12-ամյա Սելենան երազում է նկարչուհի դառնալ

Կապույտ, մանուշակագույն, նարնջագույն, գազարագույն, դեղին, վարդագույն… Սրանք Սելենա Սիմոնյանի նախընտրած  գույներն են, որոնց միջոցով 12-ամյա աղջնակը Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի խաղասրահում թղթին է հանձնում իր գունեղ երևակայությունը:

«Իմ բուժման ընթացքը չեմ ուզում հիշել»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ընդգծում է առողջական լուրջ խնդիրների բախված ժպտադեմ Սելենան, ով նախընտրում է կիսվել այն հետաքրքրությունների մասին, որոնք իրեն ուրախություն են պարգևում:

«Հիմա ինձ լավ եմ զգում: Սիրում եմ նկարել, պարել: Հաճախում եմ նկարչության, շուտով կգնամ նաև լողի, երևի՝ նաև երաժշտական դպրոց: 6-րդ դասարանում եմ սովորում, հաճախում եմ գերմանական թեքումով Վալդորֆյան դպրոց, օտար լեզուներից նախընտրում եմ ռուսերենը: Գերմաներենը դժվար լեզու է»,- նկատում է նա ու խոստովանում՝ կար շրջան, երբ ցանկանում էր բժշկուհի դառնալ, մարդկանց ատամները բուժել, բայց հիմա նախասիրությունը փոխվել է:

«Ուզում եմ նկարչուհի դառնալ, դա ավելի հեշտ է»,-ասում է նա:

MXO_4117.JPG (815 KB)

8 տարի առաջ ծնողները նկատեցին, որ աղջնակն առավոտյան ժամերին պարբերաբար փսխում է, խնդիրներ առաջացան նաև քայլելու հարցում: Բժշկական հետազոտությունները ցույց տվեցին, որ երեխան 4-րդ փորոքի գլխուղեղի շրջանում մեդուլոբլաստոմա ուռուցք ունի:

«Այն ժամանակ մենք տեղափոխվեցինք Մոսկվայի կլինիկաներից մեկը, որտեղ շտապ վիրահատություն կատարեցին: Նաև ճառագայթային բուժում նշանակվեց: Հայաստան վերադառնալուց հետո վերահսկվել է այստեղի բժիշկների կողմից, քիմիաթերապիա է ընդունել: Բուժման ամբողջ ընթացքը տևել է 1,5-2 տարի: Այժմ 6 ամիսը մեկ ամբողջովին հետազոտվում է՝ բացառելու հիվանդության կրկնությունը»,- պատմում է Սելենայի մայրը՝ Արաքսյա խալաթյանը:

MXO_4077.JPG (511 KB)

Երիտասարդ կինը նկատում է՝ ապաքինման ճանապարհը բավականին բարդ է եղել, բայց երբեք չենք նահանջել: Անգամ այն դեպքում, երբ դուստրը վիրահատությունից հետո 4 օր կոմայի մեջ էր գտնվում, ինքը հույսը չի կորցրել, պայքարել է ու հավատացել: Հիվանդության, դժվարությունների հաղթահարման հարցում Արաքսյան առաջնահերթ կարևորում է ընտանիքի անդամների և ընկերների աջակցությունը.

«Այս պայքարը մեզ հետ հավասար քայլում է արդեն 8 տարի: Շատ կարևոր է սիրել կյանքը, գնահատել ամեն մի պահը, որն ապրում ես: Պետք է զգաս, որ մտերիմներդ քո կողքին են ու հավատում են քո ուժերին»:

MXO_3976.JPG (958 KB)

Մոր  ցանկությունը մեկն է՝ խնդիրներ, հաշմանդամություն ունեցող բոլոր երեխաները հասարակությանն ինտեգրվեն, ապրեն հավասար պայմաններում, տարանջատումներ չլինեն: Նկատել է՝ հասարակության մեջ անառողջ մթնոլորտ, սիրո պակաս կա։

MXO_4008.JPG (610 KB)

«Հասարակության մեջ այդ սիրո պակասը կա։ Ցավոք սրտի, երբեմն ծնողների հետ խոսելիս զգում եմ այն, ինչը ես չպիտի զգամ: Երեխաներն արժանի են սիրո, հոգատարության, և իրենք պետք է այդ սերն ու հոգատարությունն ընդունողն ու փոխանցողը լինեն: Ես իմ երեխային կրթում եմ այդպես, ու վստահ եմ՝ այսպիսի դժվարություն անցնող բոլոր ծնողներն իրենց երեխաներին փոխանցում են սեր դիմացինի նկատմամբ»,- շեշտում է Սելենայի մայրը:

Մանկական ուռուցքաբան-արյունաբան Լուսինե Հակոբյանի խոսքով՝ մեդուլոբլաստոման գլխուղեղի չարորակ նորագոյացությունների մեջ բավականին մեծ տեղ է գրավում: Մասնագետը ծնողներին խորհուրդ է տալիս՝ աչալուրջ լինել երեխայի մոտ ի հայտ եկած յուրաքանչյուր ախտանշանի: Սիմպտոմները կախված են նաև տարիքից ու գլխուղեղում տեղակայման վայրից:

«Սրտխառնոց, փսխումներ, գլխացավեր, առավել փոքրերի մոտ կարող է լինել անընդհատ ճիչ, լաց, ինչը նույնպես կարող է գլխուղեղի ուռուցքի մասին ահազանգել։ Ահազանգ կարող են լինել քայլվածքի խանգարումները, վերջույթների, կամ՝ միակողմանի թուլությունը, խոսքի խանգարումները, ցրվածությունը, երբեմն՝ լսողության, տեսողության խանգարումները։ Այս բոլոր սիմպտոմները, ախտանշանները կախված են նրանից, թե որտեղ է ուռուցքը կոնկրետ տեղակայված: Պետք է նկատեմ, որ գլխուղեղի ուռուցքները վաղ կլինիկական նշաններ են ունենում, ինչն անհնար է չնկատել»,- մանրամասնում է բժիշկը:

MXO_4269.JPG (363 KB)

Մանկական ուռուցքաբանը վստահեցրեց՝ ուռուցքներով հիվանդ երեխաների 70-75 տոկոսը բուժվում են ու վերադառնում իրենց բնականոն կյանքին։ Սովորաբար, բուժումից հետո 5-ամյա հսկողություն է սահմանվում: Հիվանդությունը կրկին կարող է գլուխ բարձրացնել հենց այդ ժամանակահատվածում:

«Մենք բազմաթիվ երեխաներ ունենք, որոնք լիարժեք բուժվել են, նրանցից շատերն արդեն ծնողներ են։ Հիմա մոտեցումը մի փոքր այլ է, մարդիկ ավելի ազատ են խոսում այն մասին, որ հաղթահարել են այդ խնդիրը։ Ունենք այնպիսի երեխաներ, որոնք հպարտանում են  իրենց հաղթանակով։ Իսկապես, մեծ հաղթանակ է, երբ բուժվում ես ու վերադառնում կյանք»:

Հեղ.՝ Նելլի Մարգարյան

Օպերատոր՝ Հովհաննես Մկրտչյան

Լուսանկարիչ՝ Մխիթար Խաչատրյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook