Sunday, April 28, 2024
Նորություններ

Հայաստանում առաջարկում են էականորեն բարձրացնել չգրանցված դեղերի վաճառքի համար տուգանքները

Հայաստանի Ազգային ժողովի առողջապահության հարցերի հանձնաժողովը հունվարի 12-ի նիստում հավանություն է տվել «Դեղերի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխությունների նախագծին, որով առաջարկվում է խստացնել պայքարը դեղերի ապօրինի ներմուծման դեմ։

Մասնավորապես, ինչպես ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, առաջարկվում է չեղարկել առաջիկա տեսչական ստուգման մասին դեղատների ղեկավարներին դրա անցկացումից երեք օր առաջ ծանուցելու պահանջը, ինչպես նաեւ բարձրացնել Հայաստանում չգրանցված դեղերի վաճառքի տուգանքները։

Նա նշել է, որ ստուգման ծանուցման շնորհիվ դեղատներում տեսուչի այցելության դեպքում ամեն ինչ կարգին է եղել, եւ ստացվել է, որ տեսչական մարմինը միջոցներ, ժամանակ եւ ռեսուրսներ է ծախսել, բայց անարդյունք։ Փոփոխությունների նոր նախագծի համաձայն՝ դեղատան աշխատակիցները ծանուցված են համարվում տեսուչի կողմից ծանուցոաթերթիկը ներկայացնելու պահից, ընդ որում՝ դեղատան ղեկավարի ներկայությունը պարտադիր չէ։ Առաջարկվում է նաեւ տեսչական մարմնին լիազորել կատարել հսկիչ գնում եւ թույլատրել գնված դեղերի վերադարձը հենց տեղում՝ հսկիչ դրոշմապիտակները սքանավորելու միջոցով դրանց օրինականությունը ստուգելուց հետո։

Գործող օրենսդրությամբ մինչեւ 30 տուփ չգրանցված դեղամիջոց հայտնաբերելու համար սահմանվում է տուգանք՝ 150 000 դրամի չափով, իսկ 30 տուփից ավելի՝ 350 000 դրամի չափով։ «Սրանք բավականին ցածր տուգանքներ են, եւ անբարեխիղճ տնտեսվարողները հեշտությամբ վճարում էին, քանի որ ապօրինի ներկրված դեղերը վաճառվում էին բավականին բարձր գնով, եւ դա ձեռնտու էր»,- պարզաբանեց Նարեկ Զեյնալյանը։

Նրա խոսքով՝ փոփոխություններով առաջարկվում է մինչեւ 5 տուփ չգրանցված դեղորայքի հայտնաբերման համար տուգանել 1 միլիոն դրամով՝, իսկ 5 տուփից ավելի՝ 2 միլիոն դրամով։ Մեկ տարվա ընթացքում կրկնակի իրավախախտման դեպքում դեղատան լիցենզիան կկասեցվի 2 ամիս ժամկետով, իսկ եթե դեղատունը կրկին իրավախախտում կատարի, կզրկվի լիցենզիայից։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook