Sunday, April 28, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԴԵՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ԿՈՒՐԾՔԸ՝ ԲՆԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

Հելսինկիի համալսարանական հիվանդանոցի վիրաբույժներ՝ պրոֆեսոր Սինիկա Սուոմինենը եւ Կատարինա Սվարվարը նոյեմբերի 20-24-ը հյուրընկալվել էին Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում, որտեղ Ընդհանուր եւ մանկական ուռուցքաբանության եւ ռեկոնստրուկտիվ վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Մհեր Կոստանյանի հետ համատեղ կատարել են կրծքագեղձի պլաստիկ վերականգնողական վիրահատություններ։

Ինչպես հայտնի է, կրծքագեղձի քաղցկեղի վիրահատական բուժման ժամանակ շատ հաճախ կրծքագեղձը մասնակի կամ ամբողջությամբ հեռացվում է։ Գոյություն ունի կրծքագեղձի վերականգնման մի քանի եղանակ՝ իմպլանտի կիրառմամբ եւ առանց կիրառման։ Սինիկա Սուոմինենը առանց իմպլանտի տեղադրման, սեփական հյուսվածքներով կրծքագեղձի պլաստիկ վերականգնողական վիրաբուժության՝ աշխարհում ամենահայտնի մասնագետներից է։

Մեր հանդիպման ընթացքում բժիշկ Սուոմինենը նախեւառաջ կարեւորեց փորձի փոխանակումը հայ մասնագետների հետ, որոնց հետ այս օրերին աշխատել է սիրով, մեծ ինտուզիազմով եւ անվարձահատույց։ Այս ընթացքում իրականացրել են 5 վիրահատություն, որից 4-ը եղել է կրծքագեղձի, մեկը՝ քթի ամբողջական վերականգնում։

Այս մեթոդի առանձնահատկությունն այն է, որ բնական ճանապարհով՝ սեփական հյուսվածքների հաշվին է վերականգնվում կուրծքը, որն ամիսներ անց դառնում է կնոջ մարմնի լիարժեք մասը։ Հյուսվածքները հատվում են հիմնականում որովայնի, նստատեղի, մեջքի, ազդրերի ներսի հատվածից։

Ամենաբարդ վիրահատությունը, որն արվել է այս օրերին Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում, առնչվում է կրծքագեղձի քաղցկեղի մի այնպիսի դեպքի, երբ հեռացվել է նաեւ կնոջ ավշային ողջ համակարգը, ինչը կանանց մոտ հանգեցնում է մի շարք տհաճ երեւույթների, քանի որ երբ ավիշը չի շրջանառվում, կնոջ ձեռքն ուռչում է, առաջանում են այտուցներ, ցավեր․ «Մենք վերականգնեցինք ոչ միայն այդ կնոջ կուրծքը՝ փորի հատվածի մաշկի ու ճարպի հաշվին, այլ նաեւ աճուկային մասից վերցրինք ավշային հանգույցներ, որպեսզի ձեռքի լիմֆատիկ համակարգը սկսի նորմալ աշխատել»։

Սեփական հյուսվածքներով կրծքագեղձի պլաստիկ վերականգնման մեթոդը մեծ կիրառում ունի աշխարհում։ Բժիշկ Սուոմինենն արդեն 20 տարի այս մեթոդով աշխատում է Ֆինլանդիայում եւ վերադարձնում կանանց լիարժեք կանացիության զգացումը։  Ֆինլանդիայում պացիենտների 80 տոկոսը դիմում է հենց այս մեթոդի օգնությանը ու նաեւ այն հանգամանքից ելնելով, որ համեմատած այլ մեթոդների հետ, սա ֆինանսական տեսանկյունից ավելի մատչելի է։ Եթե պլաստիկ միջամտությունների՝ իմպլանտների կիրառման պարագայում մի քանի տարի հետո կինը ստիպված է լինում նորից վիրահատվել, բնական վերականգնման այս ճանապարհն ամբողջ կյանքի համար է, եւ կրծքագեղձի փոփոխությունն էլ բնական ճանապարհով է լինում։

«Կախված այն բանից՝ դու գիրանում ես, թե նիհարում, ծերանալու պրոցեսին զուգահեռ կուրծքն էլ տարիների ընթացքում ձեւափոխությունների է ենթարկվում, ու եթե, օրինակ, իմպլանտի դեպքում դու ստիպված ես լինում 3-7 տարի հետո նորից վիրահատվել, ինչ-որ բաներ փոփոխել իմպլանտի հետ կապված, այս պարագայում քո կուրծքը վերականգնվում է բնական ճանապարհով։ Դրա համար մեր երկրում կանանց 80 տոկոսը նախընտրում է այս տարբերակով վերականգնել կուրծքը»,- ասում է նա։

Թեպետ մեթոդը նույնն է, բայց մոտեցումները յուրաքանչյուր կնոջ պարագայում տարբեր են, քանի որ յուրաքանչյուրի մոտ տարբեր են կրծքագեղձի հետ կապված թե՛ խնդիրները, թե՛ չափերը։ «Մոտեցումն ամեն մարդու հանդեպ պետք է լինի անհատական, նույնիսկ դժվար է ասել՝ բնական ճանապարհով վերականգնումն իդեալական է բոլորի համար, իսկ իմպլանտը՝ վա՞տ։ Ամեն պացիենտի դեպքում պետք է անհատական մոտեցում լինի, դա նաեւ կախված է կնոջ տարիքից, նախորդ հիվանդության ընթացքից, ինչ ձեւով է այն ընթանում, ու ինչ ռիսկեր կարող են առաջանալ օտարման հետ կապված»,- ասում է պրոֆեսոր Սինիկա Սուոմինեն։  Կանանց մեծ մասը նախընտրում է որովայնի, ազդրերի հատվածից հյուսվածք վերցնելը՝ կրծքագեղձը վերականգնելու համար, ինչի դեպքում օտարման ռիսկը կազմում է մինչեւ 10 տոկոս, իսկ մեջքի հատվածից վերցնելու դեպքում՝ էլ ավելի քիչ։

Պրոֆեսոր Սուոմինենը կատակով ընդգծում է՝ կանայք նախընտրում են, որ որովայնի հատվածից հյուսվածք վերցնեն, քանի որ դրանով 2 միջամտություն է արվում՝ նախ կնոջ փորն է շտկվում, եւ, իհարկե, կուրծքն է վերականգնվում։ Նա նաեւ նշում է, որ այս մեթոդով ամենաշատը կարող են վերականգնել մինչեւ 4-րդ համարի կուրծքը՝ միաժամանակ նկատելով, որ հայ կանայք բավականին փարթամ կուրծք ունեն, բայց քանի որ նաեւ գիրուկ են, այդ խնդիրը բավականին հեշտ է լուծվում․ «Որովայնի հաշվին միաժամանակ լուծվում է թե՛ կրծքագեղձի հարցը, թե՛ հարթ որովայն ունենալու խնդիրը»։

Վիրահատության ընթացքում, որը միջինը տեւում է 7 ժամ, աշխատում է մի քանի թիմ՝ պլաստիկ վիրաբույժները, որոնք որովայնի մասից հատում են այդ հյուսվածքները, եւ կրծքագեղձի հետ աշխատող վիրաբույժները, ովքեր նախապատրաստում են կուրծքը, որպեսզի պացիենտին հնարավորինս քիչ անզգայացում տրվի։ Վիրահատության տեւողությունն էլ այս դեպքում եւս անհատական է եւ խիստ հարաբերական՝ կախված տվյալ պացիենտից։

Բժիշկն ընդգծում է՝ վիրահատությունը, որպես այդպիսին, առաջին քայլն է ընդհանուր վերականգնողական պրոցեսում, դրանից 7 ամիս անց տեղային անզգայացմամբ վերականգնում են պտուկը, իսկ հարպտուկային հատվածը վերականգնում են տատուաժի միջոցով, այլ կերպ ասած՝ 7 ամիս անց կինն ունենում է լիարժեք կուրծք․ «Իհարկե, երբեմն լինում է, որ անգամ 7 ամիս անց որոշ շտկումների անհրաժեշտություն է լինում, դա եւս իրականացվում է տեղային անզգայացմամբ»։

Բժիշկ Սուոմինենը նկատում է, որ Ֆինլանդիայում կանայք պարբերաբար հետազոտվում են, եւ կրծքագեղձի քաղցկեղն ու դրա վաղ դրսեւորումները հնարավոր են լինում շուտ կանխել՝ առանց կուրծքն ամբողջովին հեռացնելու, օրինակ՝ բարորակ գոյացությունների կամ փոքր չափերի ուռուցքների դեպքում իրենք ներսից մաքրում են կրծքի մեջ առկա գոյացությունները՝ պահպանելով մաշկը։ Այս պրոցեսին զուգահեռ, անմիջապես արվում է նաեւ պլաստիկ վիրահատությունը։ Ինչպես նկատում է զրուցակիցս, այս պրակտիկան իրենց երկրում շատ է տարածված՝ հատկապես 45 տարեկանից ցածր կանանց դեպքում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook