Friday, May 3, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Հակաբիոտիկը չի ազդում վիրուսի վրա․ եթե այս տեմպերով շարունակենք, մինչև 2050 թ․ դեղակայուն մանրէներից մահերը կլինեն ավելի շատ, քան սրտանոթային հիվանդություններից ու քաղցկեղից

Lragir.am-ի զրուցակիցն է ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մերի Տեր-Ստեփանյանը

Տիկին Տեր-Ստեփանյան, ինչպե՞ս եք գնահատում համավարակային իրավիճակը, թվերը նվազո՞ւմ են։

Այո, համավարակը նահանջում է, մենք սա նկատում ենք արդեն չորրորդ անգամ։ Նահանջում է, որովհետև իր բնականոն ընթացքն է՝ սկսում է աստիճանաբար բարձրանալ, հասնել պիկին, որոշ ժամանակ մնալ կայուն թվերի վրա ու հետո իջնել։ Սա բնականոն գործընթաց է, որի վրա միգուցե որոշակի ազդեցություն ունեցավ նաև ուսումնական հաստատությունների կարճ ժամանակով չաշխատելը, դիմակներ կրելը։

Եթե այս իրավիճակին զուգահեռ Հայաստանում պատվաստումների ցուցանիշն աճի, առաջիկա ամիսներին այլ բռնկումներից հնարավոր կլինի՞ խուսափել։

Մենք դեռ շատ անելիք ունենք, որպեսզի պատվաստումը հասնի մեր ցանկալի թվերին, բայց եթե հասցնենք այդ թվերին, եթե անգամ ունենանք հիվանդացության բարձրացում, ապա հիվանդանոցային ծանրաբեռնվածություն չենք ունենա։ Այսինքն՝ ծանր դեպքերն ու մահերը կկանխարգելվեն, մահերի այն թվերը, որոնք ունեցանք ու ունենք այսօր, չենք ունենա։

Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարի համաշխարհային շաբաթն է։ Հայաստանում հակաբիոտիկների կիրառումը անկառավարելի է դարձել հատկապես COVID 19-ի համավարակի ընթացքում։ Ի՞նչ վտանգ է սա պարունակում, որքանո՞վ է ազդում հիվանդության բարդացման վրա։

Մենք անընդհատ ասում ենք, որ հակաբիոտիկը դեղամիջոց է ոչ թե վիրուսի դեմ, այլ բակտերիայի։ Դրանք տարբեր մանրէների տեսակներ են։ Եթե բակտերիան իր ազդեցությունն ունենում է մարդու բջիջից դուրս, ապա վիրուսը ներթափանցում է բջջի մեջ և այնտեղ է ունենում իր ազդեցությունը։ Այսինքն՝ դրանց վրա ազդելու միջոցները նույնպես պետք է լինեն տարբեր։ Երբեք հակաբիոտիկը չի ազդի վիրուսի վրա։ Եվ հենց կովիդի համավարակի սկզբից այս մասին ԱՀԿ էջում շատ հստակ նշվում էր, որ հակաբիոտիկները կորոնավիրուսի վրա չեն ազդում, խնդրում ենք չչարաշահել։ Իսկ ինչո՞ւ է սա անընդհատ նշվում, որովհետև հակաբիոտիկների նկատմամբ անընդհատ ունենալով կայունություն՝ մենք աստիճանաբար վերադառնում ենք նախահակաբիոտիկային ժամանակաշրջանին, այսինքն՝ վերադառնում ենք այն փուլին, երբ բակտերիալ վարակները բուժելի չէին։ Եվ եթե այս տեմպերով մենք շարունակենք, մինչև 2050 թվականը դեղակայուն մանրէներից մահերը կլինեն ավելի շատ, քան սրտանոթային հիվանդություններից ու քաղցկեղից։ Այսինքն՝ այդ մահերը կլինեն առաջին տեղում, սա իրոք սարսափելի վիճակագրություն է, և մենք կվերադառնանք 20-րդ դարի սկզբի վիճակին, երբ ինֆեկցիոն հիվանդությունները բուժելի չէին։ Այդ ռեսուրսը պետք է խնայել, որովհետև 40 տարուց ավելի մենք անտիբոտիկների նոր խումբ չունենք։

Առաջնային օղակի բուժաշխատողներն այսօր կորոնավիրուսի բուժման համար նաև հակաբիոտիկներ են նշանակում, այսինքն՝ հենց բուժաշխատողներից է գալիս այդ սխալը։ Ինչպե՞ս բարձրացնել մարդկանց իրազեկվածությունը։

Նշանակումը նախ պետք է լինի ուղեցույցով, եթե համոզվածություն կա, որ տվյալ խնդիրը պայմանավորված է երկրորդային բակտերիալ վարակով, նոր պետք է նշանակել անտիբիոտիկներ։ Երբեմն օրգանիզմը պայքարում է, մարդը կորոնավիրուսային հիվանդությունից սկսում է առողջանալ, և դա համընկնում է անտիբիոտիկի օգտագործման հետ։ Եվ բուժական էֆեկտը կապում են անտիբիոտիկի կիրառման հետ։ Բայց ես մի թիվ ասեմ՝ 89 տոկոս դեպքերում հակաբիոտիկները կիրառվում են ոչ թիրախային։ Մոտ 10 տոկոս դեպքերում է, որ դրանց կիրառումը ցուցված է։ Այս հետազոտությունն արվել էր ԱՄՆ-ում, ես համոզված եմ, որ Հայաստանում այդ թիվն ավելի բարձր է։ Այսօր նույն «Ազիթրոմցինը» և «Ցեֆտրիաքսոնը» կովիդի դեպքում կիրառվում է համատարած, մենք արդեն տեսնում ենք դրանց նկատմամբ կայունություն։ Դրան նպաստում է ազատ վաճառքը դեղատների կողմից, բուժման սխեման, դոզան ճիշտ չի պահպանվում։ Այս ամենը նպաստում է կայունությանը։ Եվ այն միկրոբը, որը հանդիսանում է նորմալ միկրոֆլորա, դառնում է կայուն ու ագրեսիվ։ Այսինքն՝ մենք ունենում ենք լուռ համաճարակ, դեղակայուն մանրէներով պայմանավորված համաճարակ։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook