Sunday, April 28, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

ՀՀ-ում սիրտանոթային հիվանդություններից մահացության ցուցանիշի նվազեցման ուղղությամբ լուրջ արդյունքներ են գրանցվել

Հայաստանում առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններից մահացության թիվը կազմում է 85 տոկոս, որում մեծ մասնաբաժին ունեն արյան շրջանառության համակարգի հիվանդությունները՝ կազմելով 45 տոկոս: Ցուցանիշները բարելավելու, սրտանոթային հիվանդություններից մահացության դեպքերը կրճատելու համար արդեն մի քանի տարի է գործում է «Սրտի անհետաձգելի վիրահատություններ» (stand for life) ծրագիրը: Սուր ինֆարկտի ծանր դեպքերում, բժշկական համապատասխան ցուցումների առկայության պարագայում իրականացվում է անվճար ստենտավորում: Ծրագիրն իրականացվում է 2015 թվականից:

«Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախադրության բժշկական օգնության քաղաքականության վարչության hիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Լիանա Բարսեղյանը նշեց, որ ծրագիրը տարիների ընթացքում բավական բարելավվել է. ինչպես ֆինանսավորումն է ավելացել, այնպես էլ բուժման հնարավորություններն են ընդլայնվել:

«2018 թվականից միջամտությունը կատարվում է դեղապատ ստենտով: Դրանից բացի, արտոնյալ պայմաններով իրականցվում է աորտոկորոնար շունտավորման վիրահատություն: Ծրագիրը մեկնարկի ժամանակ իրականացվում էր շուրջ 10 բժշկական հաստատություններում, որոնց հիմնական մասը Երևանում է, 2-ը՝ մարզային: Հետագայում ընդլայնվել է ծրագրի իրականացման աշխարհագրությունը»,-ասաց Լիանա Բարսեղյանը:

Տարիների ընթացքում ավելացել է նաև շահառուների թիվը: Եթե 2015 թվականին ծրագրի շրջանակում սպասարկվել է 1500 բուժառու, ապա 2021 թվականին արդեն սպասարկվել է 2200 անձ: Հիմնականում ծրագրի շահառուները 60-65 տարեկան անձինք են: Նրանց 70 տոկոսն արական սեռի ներկայացուցիչներն են:  Լիանա Բարսեղյանն ընդգծեց, որ տարիների ընթացքում ծրագրի ֆինանսավորումն ավելացնելու շնորհիվ որևէ բուժառու դուրս չի մնացել: Այսօր էլ այնքան ֆինանսավորում կա, որ պահանջարկի դաշտն ամբողջությամբ փակվում է:

«2015 թվականին ծրագրի մեկնարկի համար նախատեսված է եղել շուրջ 500 մլն դրամ: Նույն տարվա ավարտին արդեն իսկ ծախսվել էր 950 մլն դրամ, այսինքն՝ լրացուցիչ ֆինանսավորում  է կատարվել: Ներկայում, 2022 թվականի համար բյուջեով նախատեսված է 1 մլրդ 650 մլն դրամ: Եթե ախտորոշումը կա, ապա ամբողջ ծախսերը ծրագրով փակվում են»,-ասաց Լիանա Բարսեղյանը:

ՀՀ առողջապահության նախարարության սրտաբանության գծով խորհրդատու Համլետ Հայրապետյանի խոսքով, ծրագրի իրականացմամբ լուրջ արդյունքներ են գրանցվել Հայաստանում սիրտանոթային հիվանդություններից մահացության ցուցանիշի նվազեցման ուղղությամբ:

«Եվրոպական երկրներում հիվանդանոցային մահացությունն այսպիսի ինֆարկտներից կազմում է 4-6 տոկոս: Մինչ ծրագրի մեկնարկը, մեր հանրապետությունում սրտամկանի ինֆարկտից հիվանդանոցային մահացությունը կազմում էր 8-10 տոկոս: Մեզ մոտ հիմա սրտամկանի ինֆարկտից հիվանդանոցային մահացության ցուցանիշը հասել է եվրոպական երկրների տվյալներին: Ու դա շնորհիվ այս ծրագրի»,-ասաց Համլետ Հայրապետյանն՝ավելացնելով, որ սա եզակի ծրագիր է, որը ոչ մի օր, ոչ մի ժամ չի խափանվել, չի դադարել գործել:

Մասնագետի խոսքով, նկատվում է միտում, երբ ծրագրի շահառուները, որոնք ստենտավորվել են, որոշ ժամանակ անց կրկին վերադառնում են: Նրանց հիմնական մասը չի հետևում բժշկի խորհուրդներին ու առաջանում է կրկնակի ինֆարկտի ռիսկը:

«Հիմնականում պատշաճ ձևով չեն հետևում բժշկի խորհուրդներին: Ոգևորվում ենք այս կյանք փրկող ստենտավորման ծրագրով, բայց շատ դեպքերում հենց հիվանդների մեղքով պայմանավորված կրկին վիրահատության կարիք է լինում: Նրանք պարտավոր են ընդունել դեղորայք, չծխել, սակայն հիմնականում չեն հետևում»,-ասաց մասնագետն՝ ընդգծելով, որ սա անպատասխանատու վերաբերմունք է առաջին հերթին սեփական առողջության նկատմամբ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook