Thursday, May 2, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Հնարավո՞ր է քովիդի պատճառով մանկապարտեզները ևս փակվեն. Հայաստանում այս պահին վիրուսի դեմ բուժում է ստանում 70 երեխա

Կորոնավիրուսային հիվանդության 4-րդ ալիքի ընթացքում ավելացել են նաև երեխաների շրջանում վիրուսով վարակվածության դեպքերը: Եթե նախորդ շաբաթվա տվյալներով՝ երեխաների մոտ քովիդով վարակվածության դրական դեպքերը կազմում էին 4 տոկոս, այժմ 7 տոկոսից ավելի են:

Առողջապահության նախարարության գլխավոր մանկաբույժ Սերգեյ Սարգսյանը նշում է՝ սեպտեմբերից երեխաների մոտ քովիդի դեպքերի աճ է գրանցվում: Ծայրահեղ ծանր դեպքերը բաժին են ընկնում միջին տարիքի երեխաներին, ծանր դեպքերը՝ մինչև 2 տարեկաններին և դեռահասության տարիքում գտնվող երեխաներին: Այժմ Հայաստանում քովիդով վարակված 70 երեխա է բուժում ստանում:

«Հոսպիտալացման ենթակա են թոքաբորբով, ձգձգված տենդով, արտահայտված աղեստամոքսային փսխումներով և այլ ախտանշաններով վարակակիրները: Այլ երկրների օրինակով մինչև 100 տոկոսը բաժին է ընկնում «դելտա» շտամին: Ախտանշանները նույնն են: Բուժումը մի քիչ ավելի երկար է տևում, սակայն տարբերությունն այդքան էլ շատ չէ: Շատ հազվադեպ մաշկային արտահայտումներ են լինում, փսխումներ»,- մեզ հետ զրույցում ասաց մանկաբույժը:

Բացի քովիդից, երեխաների շրջանում գումարվել են սեզոնային սուր-շնչառական վարակներն ու այլ վիրուսները: Կողմնակի հիվանդությունների հետևանքով է, որ վիրուսի ընթացքը երեխաների շրջանում երբեմն ծանր ընթացք է ունենում: Ի հայտ են գալիս նաև վիրուսի հետևանքով առաջացած «Կավասակի» հիվանդության դեպքերը, բայց այս տարի դրանք հազվադեպ են:

«Գրիպի դեռ եզակի դեպքեր են գրանցվում, բայց դրանք շատ չեն: Գրանցվում են նաև ռեսպիրատոր սինցիտյալ վիրուսի դեպքեր (շնչառական վիրուսի տեսակ), որը սովորաբար ամռան ամիսներին է ի հայտ գալիս: Բայց քանի որ անցած տարի մեկուսացման միջոցներ էին ձեռնարկվել, նախորդ տարի այդ վիրուսով վարակվածության դեպքեր չկային: Այս տարի սկսվեց ամռանը և շարունակվում է մինչև այսօր: Ադենովիրուսի և պարագրիպի դեպքեր էլ են գրանցվել, սրանց գումարվում է քովիդը, և վիճակը ծանրանում է: Եղել են նաև դեպքեր, երբ այլ հիվանդություններ չի ունեցել, բայց երեխան քովիդը ծանր է տարել: «Կավասակի» հիվանդությունը լինում է, բայց ավելի հազվադեպ, քան անցած տարի էր: Դա էլ «դելտա» շտամի առանձնահատոկությունն է»,- ասաց Սարգսյանը:

Առողջապահության նախարարության գլխավոր մասնագետը շեշտում է՝ հիմա բոլոր մանկաբույժներն ու մանկական կենտրոնները աշխատում են ծանրաբեռնված: Մահճակալային ֆոնդը նույնպես սպառվում է, բայց վիճակը կառավարելի է: Սարգսյանի խոսքով՝ հեռավար դասապրոցեսը որոշակի առումով կնպաստի վիրուսով վարակվածության դեպքերի նվազմանը, սակայն շեշտում է, որ այն կանխարգելելու հիմնական միջոցը պատվաստվելն է: Եթե մեծահասակը պատվաստված լինի, երեխան արդեն պաշտպանված կլինի: Իսկ երեխաների շրջանում պատվաստման հարց օրակարգում չկա:

Ինչպե՞ս է վիրուսային իրավիճակը Երևանի մի քանի մանկապարտեզներում. արդյո՞ք դպրոցների ու բուհերի օրինակով՝ պայմանավորված քովիդով, կփակվեն նաև մանկապարտեզները:

Երևանի թիվ 62 մանկապարտեզի տնօրեն Եկատերինա Բադալյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում նշեց՝ մանկապարտեզում այսօր բացակա է 160 երեխա: Երեխաների բացակայությունը պայմանավորված է և՛ քովիդով, և՛ այլ սեզոնային վիրուսներով վարակվածությամբ: Երեկ մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը եղել է 232, այսօր՝ 218: Աշխատում ենք 13 խմբով, ընդհանուր երեխաների թիվը 378 է: Կան ընտանիքներ, որ քովիդով են վարակված և երեխաներին չեն բերում մանկապարտեզ: 14 օր երեխան մանկապարտեզ չի հաճախում, դրանից հետո մենք պահանջում ենք թեստավորման արդյունքը և նորից ընդունում երեխային, ասաց նա:

Ըստ նրա՝ երեխաների բացակայությունն աճել է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, այսինքն՝ աշնանային ամիսներին: Վարակվածության դեպքեր գրանցվել են նաև դայակների շրջանում. մեկ դեպքի հետևանքով փակվել է մեկ խումբ, հոկտեմբերի 22-ից այդ խմբի դայակն ու իր օգնականը, քովիդով պայմանավորված, պարապուրդի մեջ են գտնվում:

Ավելի կարդացեք ՝ այստեղ

Leave a Reply

x Close

Like Us On Facebook