Tuesday, May 7, 2024
Նորություններ

Ձմռան ամիսներին և հատկապես տոնական օրերին ավելանում են վնասվածքների թիվը՝ կապված եղանակային պայմանների փոփոխման հետ

Տոնական եռուզեռի մեջ հաճախ մոռանում ենք ամենակարեւորի՝ մեր կյանքի եւ առողջության մասին, անփութորեն խախտում ենք անվտանգության կանոնները, ինչը, ցավոք, տարբեր փորձանքների կարող է հանգեցնել։

Պատահական չէ, որ այս շրջանում աճում են տարբեր մասնագետներին դիմողների թիվը:
Տոնական շրջանում դիմելիության պատճառների, հետեւանքների մասին «Հրապարակ»-ը զրուցել է Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի օրթոպեդ-վնասվածքաբան Տիգրան Կուպալյանի հետ։

  • Ձմռան ամիսներին եւ հատկապես տոնական օրերին որքանո՞վ են ավելանում օրթոպեդ-վնասվածքաբաններին դիմողների թիվը, ինչո՞վ է դա պայմանավորված։ 
  • Այո, ցավոք ավելանում են վնասվածքների թիվը՝ կապված եղանակային պայմանների փոփոխման հետ։ Մերկասառույցի առկայության ժամանակ մարդիկ ավելի հաճախ են սայթաքում, ցավոք, վթարները ավելի շատ են գրանցվում։ Իսկ տոնական օրերին այս ամենին գումարվում է նաեւ պայթուցիկների օգտագործումից առաջացած վնասվածքները։
  • Հատկապես ի՞նչ վնասվածքներ են ստանում եւ ո՞ր վնասվածքներն են ամենավտանգավորը։
  • Մարդիկ ստանում են տարբեր օրգան համակարգերի վնասվածքներ։ Սայթաքելու հետեւանքով մարդիկ հիմնականում ստանում են իզոլացված վնասվածքներ (օրինակ ճաճանչոսկրի կոտրվածք, իսկ վթարների ժամանակ հիմնականում լինում են համակցված վնասվածքներ, երբ վնասվում է մի քանի սեգմենտ, օրինակ՝ ունենում են կրծքավանդակի և վերջույթի վնասվածքներ։ Պայթուցիկների սխալ կիրառման հետեւանքով առաջանում են հիմնականում վերջույթների վնասվածքներ, այրվածքներ, պատռած վերքեր, տրավմատիկ ամպուտացիաներ և այլն։ Բոլոր տիպի վնասվածքները իրենց մեջ վտանգ են պարունակում.
    Ամենավտանգավորը, իհարկե, ծանր վթարների և վրաերթների ժամանակ ստացած համակցված վնասվածքներն են։
  • Ի՞նչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր նման վնասվածք են ստացել կամ ականատես են եղել նման դեպքի, ինչպե՞ս օգնել, ե՞րբ դիմել բժշկի։
  • Առաջին օգնության մասին խոսելիս նախևառաջ պետք է տարբերակենք, թե ինչ վնասվածքի հետ գործ ունենք։ Վերջույթների վնասվածքների ժամանակ, անկախ նրանից՝ մենք գործ ունենք սալջարդի, կապանային ապարատի վնասման, թե կոտրվածքի հետ, ցանկալի է կատարել անշարժացում․ որը հնարավոր է անել տարբեր միջոցներով, օրինակ՝ շինաներով, տարբեր տիպի վիրակապերով, իսկ դրանց բացակայության պայմաններում անշարժացում կարելի է կատարել անգամ փայտի կտորով:

Անշարժացման ժամանակ պետք է հաշվի առնել վիրակապի ձգությունը, քանի որ վնասվածքի շրջանը շարունակական այտուցվում է, այդ իսկ պատճառով ցանկալի չէ վիրակապը անել շատ ձիգ։ 
Առաջին օգնությունից հետո ցանկալի է դիմել մասնագետի, բայց եթե դա այդ պահին անհնար է, ապա անշարժացումից հետո ցանկալի է սառը դնել, վերջույթին բարձր դիրք տալ, բայց, իհարկե, դա բոլոր վնասվածքներին չի վերաբերում։ Նշեմ նաեւ, որ մեր հանրության շրջանում շատ տարածված մեթոդները՝ վնասվածքի հատվածում կարագ քսելը կամ սոխի կեղև դնելը չեն օգնում։

Վթարի հետեւանքով ստացած համակցված վնասվածքների դեպքում միանշանակ անմիջապես պետք է դիմել հիվանդանոց, որտեղ տուժածը կկարողանա լիարժեք հետազոտվել և բուժօգնություն ստանա հետագա բարդություններից խուսափելու համար:

Ինչ վերաբերում է պայթուցիկների հետեւանքով ստացած վնասվածքներին, դրանք հիմնականում տարբեր տիպի վերքեր են լինում, որոնք կարիք ունեն պատշաճ բուժօգնության հիվանդանոցային պայմաններում: Նման պարագայում առաջին օգնություն ցուցաբերելիս տարածված է սուրճ, ձեթ, կարագ քսելը, որը ոչ միայն չի օգնի, այլեւ կարող է վնասել, օրինակ՝ ինֆեկցիայի պատճառ դառնալ։ Վնասվածք ստանալու դեպքում պետք է վնասված հատվածը փաթաթել մաքուր մատերիալով եւ շտապ դիմել հիվանդանոց։

  • Արդյոք վնասվածքների դեպքերի աճը պայմանավորված է նաեւ մեր առօրյայում ինքնագլորների, մոպեդների թվի կտրուկ աճով, ի՞նչ ոսկե կանոններ կան, երբ ականատես ենք եղել նմանատիպ վթարի և հնարավորություն ունենք օգնել։
  • Ինքնագլորների, մոպեդների կիրառությունը, իհարկե, շատացել է՝ իր բոլոր ռիսկերով հանդերձ։ Հատկապես մերկասառույցի պայմաններում դրանք դառնում են էլ ավելի անկառավարելի՝ այսպիսով վնասելով ոչ միայն վարորդին այլև անցորդներին: Ես կցանկանայի առանձնացնել նաեւ ձմեռային սպորտաձևերով զբաղվողների ստացած վնասվածքները, այստեղ խնդիրը ավելի է բարդանում, քանի որ նրանք վնասվածքները ստանում են բարձր արագությամբ ընթանալիս վայր ընկնելու հետևանքով, և որպես կանոն այս դեպքում համակցված վնասվածքները ավելի հաճախ են հանդիպում:

Առաջին օգնությունը ցուցաբերելիս նախ պետք է գնահատել մարդու ընդհանուր վիճակը՝ ստուգեք պուլսը, գիտակցությունը, շնչառությունը, հետո պետք է փորձել կոնտակտի մեջ մտնել, հասկանալ խնդիրը որ մասում է լոկալիզացված, ցանկալի չէ սաղավարտը հանել եւ առհասարակ տեղաշարժել, տուժածին տալիս ենք ապահով դիրք, եթե կա վերջույթների դեֆորմացիա, առանցքը ուղղելուց հետո պետք է կատարել անշարժացում՝ վերջինիս մինիմալ տեղաշարժելով, մինչեւ մասնագիտացված բուժօգնության ժամանումը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ hraparak.am

x Close

Like Us On Facebook