Sunday, April 28, 2024
Մանկան ԱնկյունՆորություններSEO

Մանկական օրթոպեդին հաճախ տրվող հարցեր

Օրթոպեդիան մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ախտաբանություններով: Մանկական օրթոպեդիան զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներով:

–   Մանկական օրթոպեդիան ունի՞ սկզբունքային տաբերություն:

–   Մանկական օրթոպեդիան ամբողջովին տարբերվում է մեծահասակերի օրթոպեդիայից: Դրա հիմքում երեխայի ոսկրային եւ մկանային համակարգի առանձնահատկություններն են։ Միշտ պետք է հիշել, որ երեխան աճող օրգանիզմ է, ոսկրերն ունեն աճման գոտիներ, որոնց հաշվին կատարվում է ոսկրի աճը: Ցանկացած հիվանդություն դիտարկելիս պետք է հաշվի առնել երեխայի աճի փուլում գտնվելը, դրա հետեւանքով հիվանդությունը կարող է այս կամ այն ուղղությամբ փոխվել:

–   Ի՞նչ գործոններ են բերում հենաշարժական համակարգի ֆունկցիայի խանգարումների:

–   Հենաշարժական համակարգի ֆունկցիայի խանգարումների կարող են հանգեցնել զարգացման բնածին արատները, որոնց հիմնական պատճառները գենետիկ հիմք ունեն, կամ հղիության ընթացքում առաջացած խնդիրներ են: Կարող են լինել նաեւ արտաքին գործոնների ազդեցությամբ առաջացած խնդիրներ:

–   Ո՞ր ախտանշանների առկայությունն է խոսում օրթոպեդի խորհրդատվության անհրաժեշտության մասին:

–   Կարծում եմ, որ երեխայի նախքան բժիշկ-օրթոպեդի մոտ հայտնվելը, ծնողը պետք է դիմի առաջնային օղակ, զննվի մանկաբույժի կողմից եւ մանկաբույժի որոշմամբ դիմի օրթոպեդին, թեև կան ախտաբանություններ, արատներ, որոնց դեպքում ծնողը կարող է տեսնել, որ երեխան հենաշարժական համակարգի խնդիր ունի:

–   Մի՞շտ են հենաշարժական համակարգի հիվանդությունները կապված վնասվածքների եւ գերբեռնվածության հետ:

–   Հենաշարժական համակարգի հիվանդությունները միշտ չէ, որ պայմանավորված են վնասվածքներով կամ գերբեռնվածությամբ: Ունենք հիվանդությունների մեծ խումբ, որոնք, իհարկե, կապված են արտաքին գործոնների հետ, բայց կան նաեւ այնպիսիք, որոնք կապ չունեն տրավմատիզմի հետ: Նրանց պատճառաբանության մեջ այլ գործոններն ավելի կարեւոր են:

–   Ի՞նչ բնածին եւ ձեռքբերովի ախտաբանություն կառանձնացնեք. ամենահաճախ հանդիպող ախտաբանությունը մանկական օրթոպեդիայում:

–   Մանկական օրթոպեդիայում ունենք մի քանի խնդիրներ, հիվանդություններ, որոնք շատ հաճախ են հանդիպում` կոնք-ազդրային հոդերի զարգացող հոդախախտը` դիսպլազիան, բնածին ծուռթաթությունը: Նաեւ մեծ խումբ են կազմում նեյրոօրթոպեդիկ հիվանդություններն ու ողնաշարի ախտաբանությունը:

–   Ի՞նչ է կոնք-ազդրային հոդի դիսպլազիան:

–   Կոնք-ազդրային հոդի դիսպլազիան կոնք-ազդրային հոդի զարգացման բնածին արատ է։ Այն կոնք-ազդրային հոդի ամբողջականության` ազդրի գլխիկի եւ քացախափոսի, անատոմիական խախտում է:

–   Ի՞նչ է ազդրի բնածին հոդախախտը եւ ինչպե՞ս է արտահայտվում:

–   Ազդրի բնածին հոդախախտի տերմինը ներկայում փոխված է. ճիշտ է անվանել զարգացող հոդախախտ։ Դա վիճակ է, երբ ազդրի գլխիկը գտնվում է քացախափոսից դուրս: Երեխաների մոտ այն անախտանիշ հիվանդություն է և կլինիկորեն արտահայտվում է քայլելուց հետո` կաղությամբ:

–   Ի՞նչ է բնածին ծուռթաթությունը:

–   Բնածին ծուռթաթությունը շարակցական հյուսվածքի ախտաբանություն է, որի հետեւանքով առաջանում է ոտնաթաթի դեֆորմացիա: Ծուռթաթությունն իր մեջ պարունակում է չորս բաղադրիչ. ոտնաթաթի առաջնային հատվածի առբերում, ոտնաթաթի վարուսային սուպինացիոն դեֆորմացիա եւ հետին հատվածի էկվինուսային ու վարուսային դեֆորմացիաներ: Սրանք ծանր ախտաբանություններ են: Կան տարբեր աստիճանի ծուռթաթություններ: Դրանք լինում են ինչպես իդիոպաթիկ, այնպես էլ` համախտանշային:

–   Ի՞նչ է բնածին ծուռվզությունը:

–   Կա ծուռվզության մի քանի տեսակ: Օրթոպեդիկ տեսանկյունից առավել հետաքրքրում են մկանային եւ ոսկրային ծուռվզությունները: Կա նաեւ, այսպես կոչված, ֆունկցիոնալ ծուռվզություն, որը տեսողության եւ լսողության խանգարումների հետ է կապված` դիրքային ծուռվզություն: Կան նաեւ ծուռվզության տեսակներ, որոնք կրած հիվանդություններից առաջացած խնդիրների հետևանք են, օրինակ, սպիների հետ կապված հետայրվածքային ծուռվզությունը:

Առավել հաճախ հանդիպում է պարանոցի կրծոսկրաանրակապտկաձեւ մկանում առաջացած ֆիբրոզ հյուսվածքի առկայությամբ (որը բերում է մկանի կարճացման) պայմանավորված մկանային ծուռվզությունը:

–   Ի՞նչ է հարթաթաթությունը:

–   Հարթաթաթությունն, իրականում, թաթի ֆիզիոլոգիական կառուցվածք է, որը տարբերվում է թաթի ընդունված ճիշտ կառուցվածքից, և ախտաբանություն չի համարվում: Հարթաթաթ են մարդկանց 20 տոկոսը: Այլ բան է, որ կան հիվանդություններ, որոնց դեպքում, թաթը դեֆորմացվելով, ստանում է հարթ դիրք:

–   Ողնաշարային թեքումների ի՞նչ տեսակներ կան:

–   Ողնաշարային ախտաբանություները բազմազան են: Եթե նրանց մեծ խմբերի բաժանենք, ապա լինում են բնածին եւ ձեռքբերովի: Դեֆորմացիայի հարթության մեջ դիտարկման տեսանկյունից լինում են սկոլիոզ եւ կիֆոզ տարբերակներ: Առաջինը ողնաշարի դեֆորմացիան է ճակատային (ֆրոնտալ), իսկ երկրորդը` կողմնային (սագիտալ) հարթության մեջ:

–   Կանգ առնենք նաեւ ոտքերի ու ձեռքերի առավել հաճախ հանդիպող արատների վրա:

–   Սա շատ մեծ խումբ է, եւ տասնյակ հիվանդություններ կան: Առանձնացնենք բնածին արատներն ու ձեռքբերովի խնդիրները: Բնածին արատները կարող են արտահայտվել բնածին դեֆորմացիաներով, ամպուտացիաներով, վերջույթների բնածին կարճությամբ: Ձեռքբերովի խնդիրներ են, երբ կյանքի ընթացքում տեղի են ունենում վերջույթների առանցքի շեղումներ, վերջույթների կարճեցումներ եւ ֆունկցիաների խանգարումներ:

–   Ի՞նչ հիմնական ախտանիշներ է հնարավոր ինքնուրույն նկատել:

–   Ինքնուրույն հնարավոր է նկատել նորմայից տարբերվող դեֆորմացիաները, ֆունկցիայի խանգարումները, ստորին վերջույթների կողմից` կաղությունը կամ ոչ ճիշտ քայլվածքը եւ, իհարկե, ցավը:

–   Ի՞նչ ժամանակակից բուժման մեթոդներ կան կոնք-ազդրային բնածին արատի, ծուռթաթության, ծուռվզության, հարթաթաթության ժամանակ եւ այլ ի՞նչ ակնհայտ նորարարություններ կան:

–   Ինչ վերաբերում է կոնք-ազդրային հոդին, ապա երկար տարիների ընթացքում հանրապետությունում փորձում ենք ներդնել կոնք-ազդրային հոդի սկրինինգ-հետազոտություն` ուլտրաձայնային հետազոտման մեթոդով: Մոտավորապես 40 բժիշկ, ովքեր աշխատում են ծննդատներում, վերապատրաստվել են մեր կենտրոնում: Դրա նպատակը կոնք-ազդրային հոդի դիսպլազիայի ժամանակին ախտորոշումն է, ինչի շնորհիվ ունենում ենք բուժման տեւողության կրճատում և առավել լավ արդյունք: Մեզ մոտ ծուռթաթությունը բուժվում է Պոնսետի եղանակով, որը ներդրել է պրոֆեսոր Պոնսետին, ու, սկսած 2012 թվականից ծուռթաթությունը բուժվում են այս մեթոդով, որն աշխարհում համարվում է այդ ախտաբանության բուժման ոսկե չափանիշը: Բուժման գործընթացում սա մեծ հեղափոխություն է, քանի որ պակաս ագրեսիվությամբ ստանում ենք առավել լավ արդյունքներ:

Մկանային ծուռվզությունn 90% դեպքերում վերականգնողական եւ բուժական ֆիզկուլտուրայի միջոցով բուժվող խնդիր է: 5 տարեկանից հետո միայն 10% երեխաների դեպքում ենք ունենում վիրահատության կարիք:

Հարթաթաթությունն 95% դեպքերում բուժման կարիք չունի, եւ միայն այն դեպքերում, երբ կա ոտնաթաթի դեֆորմացիա, կամ, այսպես կոչված, կոնֆլիկտ կոշիկի հետ, մենք որոշակի միջոցառումներ ենք ձեռնարկում:

–   Ինչպե՞ս ցուցաբերել առաջին օգնություն երեխաների հենաշարժիչ համակարգի վնասվածքների ժամանակ:

–   Հենաշարժիչ համակարգի վնասվածքների ժամանակ առաջին օգնության մեջ պետք է ներառել վերջույթի մոբիլիզացիան ձեռքի տակ եղած պարագաներով, ցավազրկումը եւ հաջորդ քայլը պետք է լինի համապատասխան բժշկական անձնակազմի դիմելը:

–   Ի՞նչ առանձնահատկություններ ունեն երեխաների մոտ վնասվածքները` ախտաբանորեն, կլինիկորեն եւ բուժման մոտեցմամբ:

–   Երեխաների մոտ վնասվածքների կլինիկական պատկերը չնչին է տարբերվում մեծահասակների մոտ առկա կլինիկական պատկերից, բայց ոսկրային համակարգի առանձնահատկությունների շնորհիվ մեծ տարբերություն ունենք բուժման մեթոդների կիրառման հարցում:

–   Ինտենսիվ հասակի աճի ժամանակ կարո՞ղ է երեխան գանգատներ ունենալ:

–   Կա այսպիսի տերմին, կոչվում է աճի ցավ, երբ երեխաներն ակտիվ աճի շրջանում, հատկապես` երեկոյան, և հատկապես այն դեպքերում, երբ օրվա ընթացքում ֆիզիկական մեծ ակտիվություն են ունեցել, ունենում են չտեղակայված կամ ամբողջ սրունքի, կամ ստորին վերջույթի երկարությամբ եւ, հիմնականում, երկկողմանի ցավեր: Այդ ցավերն անցնում են առանց դեղորայքի կիրառման` ուղղակի դիրքի փոփոխությամբ, մերսումով:
 
Վահե Վիկտորի Յավրյան,
«Արաբկիր» ԲՀ օրթոպեդիայի բաժնի վարիչ

Leave a Reply

x Close

Like Us On Facebook