Sunday, April 28, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ալցհայմերի հիվանդություն կամ Ալցհեյմերի հիվանդություն (անգլ.՝ Alzheimer’s disease), կենտրոնական նյարդային համակարգի դեգեներատիվ հիվանդություն է

Ալցհայմերի հիվանդություն կամ Ալցհեյմերի հիվանդություն (անգլ.՝ Alzheimer’s disease), կենտրոնական նյարդային համակարգի դեգեներատիվ հիվանդություն է, որը մեծ մասամբ հանդես է գալիս 65 անց մարդկանց մոտ։

Ալցհայմերի հիվանդությունը նկարագրվում է որպես գլխուղեղի նյարդային բջիջների վրա ազդող արագ զարգացող, քայքայիչ խանգարում, որը հանգեցնում է հիշողության ու խոսելու հմտության կորստի և վարքի փոփոխության։

Վաղ փուլերում ամենահաճախ դիտվող նշանը կարճաժամկետ հիշողության խանգարումն է։ Այն կարող է արտահայտվել օրինակ վերջին ժամանակահատվածում ստացած ինֆորմացիան հիշելու անկարողությամբ։ Բժշկի դիմելուց հետո, եթե կասկած կա Ալցհայմերի հիվանդության, ախտորոշման ճշտման համար սովորաբար վերլուծում են հիվանդի վարքը, անցկացնում մի շարք կոգնիտիվ թեստեր, իսկ հնարավորության դեպքում անցկացնում են մագնիսա-ռեսզոնանսային տոմոգրաֆիա(ՄՌՏ)։

Հիվանդության խորացման հետ դիտվում է նաև երկարաժամկետ հիշողության կորուստ։ Օրգանիզմի ֆունկցիայի աստիճանական կորուստը բերում է մահվան։ Անհատական պրոգնոզը դժվարացած է հիվանդության ընթացքի տևողության տարբերակների բազմազանության պատճառով։ Մինչև կլինիկական նշանների դրսևորումը և հիվանդության ախտորոշումը, այն կարող է երկար ժամանակ ընթանալ քողարկված։ Ախտորոշումից հետո հիվանդների կյանքի միջին տևողությունը 7 տարի է, 3%-ից քիչ հիվանդների մոտ այն կարող է հասնել մինչև 14 տարի։

Մինչ այժմ Ալցհայմերի հիվանդությունն ամբողջովին բացահայտված չի և շատ հարցեր մնում են չպարզաբանված։ Հետազոտությունների արդյունքում հիվանդությունը ասոցացվում է ուղեղային հյուսվածքում վահանիկների և նեյրոֆիբրիլյար կծիկների կուտակման հետ։ Թերապիայի ժամանակակից մեթոդները միայն մեղմացնում են սիպտոմները, բայց չեն կարողանում դադսրեցնել կամ նույնիսկ դանդաղեցնել հիվանդության զարգացումը։ Թերապևտիկ մի շարք մեթոդներ, որոնց թիվը 2008 թ. հասել է 500-ի, այժմ կլինիկական փորձարկման փուլում են։ Ամերիկյան երկու կազմակերպություններ, որոնք ժամանակին արտադրում էին բավականին հեռանկարային դեղամիջոցներ, այժմ դադարեցրել են դրանց արտադրությունը, քանզի այդ դեղերը կիլինիկական փորձարկման փուլում հիվանդների մոտ էֆֆեկտիվություն չեն դրսևորել։

Pfizer և Johnson&Johnson կազմակերպությունները հայտարարել են, որ հետազոտությունները այդ ուղղությամբ դադարեցված են։ Ներկայումս Ալցհայմերի հիվանդության բուժման դեղամիջոց գոյություն չունի։ Առաջարկվում են մի շարք կանխարգելիչ միջոցառումներ այս հիվանդության կանխարգելման համար, ինչպես օրինակ զբաղվել ֆիզիկական վարժություններով, խթանել մտածողութունը և օգտվել բալանսավորված դիետայից։

Ալցհայմերի հիվանդությունը պատկանում է այն հիվանդություններին, որոնք շատ ծանր ֆինանսական բեռ են զարգացած երկրների հասարակության համար։

Հիվանդությունը առաջին անգամ հայտնաբերել է գերմանացի հոգեբույժ Ալոիս Ալցհայմերը 1906 թվականին։

Հիվանդության ընթացքը բաժանվում է չորս փուլի, որոնք բնորոշվում են կոգնիտիվ և ֆունկցիոնալ հարաճուն խանգարումներով։

Նախաթուլամտություն 

Հիվանդության առաջին նշանները հաճախ կարելի է շփոթել ծերացման դրսևորումների կամ օրգանիզմի՝ սթրեսին ի պատասխան առաջացած ռեակցիայի հետ։ Մանրամասն նեյրոկոգնիտիվ թեստավորման դեպքում առավել վաղ կոգնիտիվ դժվարությունները հայտնաբերվում են հիմնական հիվանդությունն ախտորոշելուց դեռ ութ տարի առաջ։ Այս սկզբնական դրսևորումները կարող են իրենց մասին զգացնել տալ առօրյա, ոչ շատ դժվար խնդիրներ լուծելիս։ Առավել նկատելի է հիշողության վատացումը, որը դրսևորվում է նոր սովորած նյութերը (փաստերը) մտաբերելու դժվարությամբ և նոր տեղեկությունն ընկալելու անկարողությամբ։

Ալցհայմերի վաղ փուլի ավելի քիչ նկատելի ախտանշաններ կարող են լինել կատարողական ֆունկցիաների՝ կենտրոնացման, ծրագրման, կոգնիտիվ ճկունության և աբստրակտ մտածողության հետ կապված խնդիրները, ինչպես նաև սեմանտիկ հիշողության (բառերի իմաստների, կոնցեպցիաների փոխհարաբերության հիշողությունն է) խանգարումը։

Այս փուլում կարող է դիտվել ապաթիա, որն ամենակայուն նեյրոհոգեբուժական ախտանիշն է և պահպանվում է հիվանդության ողջ ընթացքում։

Նախակլինիկական փուլն անվանում են նաև «mild cognitive impairment» (MCI) (թարգմանվում է ինչպես «կոգնիտիվ հատկությունների թեթև ընկճում» կամ «չափավոր կոգնիտիվ խանգարում»), սակայն այս անվանումն առաջացնում է տարակարծություններ այն հաշվով, թե արդյոք օգտագործել վերջինիս, որպես Ալցհայմերի հիվանդության առաջին աստիճանի անվանում, թե առանձնացնել նրան, որպես անկախ ախտորոշիչ միավոր։

Վաղ թուլամտություն

Հիշողության հարաճուն թուլացումն ու ագնոզիան (կանոնավոր ընկալման մասնավոր խանգարում) Ալցհայմերի հիվանդության դեպքում վաղ թե ուշ հանգեցնում են ախտորոշման հաստատմանը։ Փոքրաքանակ հիվանդների մոտ այդ դեպքում առաջին պլանում են հայտնվում ոչ թե հիշողության խանգարումները, այլ խոսքի, կատարողական ֆունկցիաների, ընկալման խանգարումներն ու շարժողական խանգարումները։ Հիվանդությունը տարբեր ձևով է ազդում հիշողության տարբեր ասպեկտների վրա։ Սեփական կյանքի մասին հին հիշողությունները (էպիզոդիկ հիշողություն), վաղ հիշված փաստերը (սեմանթիկ հիշողություն), թաքնված հիշողությունը (մարմնի անգիտակցական հիշողությունը գործողությունների հաջորդականությունների մասին, օրինակ, այն մասին, ինչպես օգտագործել սպասքը) ավելի քիչ են խանգարվում՝ նոր, թարմ հիշողությունների և փաստերի համեմատությամբ։ Աֆազիան հիմնականում բնորոշվում է բառապաշարի նվազմամբ և խոսքի սահունության խանգարմամբ, որն ընդհանուր առմամբ թուլացնում է բանավոր և գրավոր ձևով մտքերի արտահայտման հնարավորությունը։ Հիվանդության այս փուլում խոսքային հաղորդակցման ժամանակ մարդը սովորաբար ընդունակ է ադեկվատ ձևով գործել հասարակ հասկացությունների միջոցով։

Նկարելու, գրելու, հագնվելու և նուրբ շարժումներ պահանջող այլ գործողությունների ժամանակ մարդը հնարավոր է չկարողանա է հմտորեն գործել՝ շարժումների կոորդինացիայի և պլանավորման խնդիրների պատճառով։ Հիվանդության զարգացմանը զուգընթաց մարդը մասնակիորեն կարող է բազմաթիվ գործողություններ ինքնուրույն կատարել, սակայն հատուկ կոգնիտիվ (իմացական) ներուժ պահանջող գործողություններում նրանք օգնության կարիք են զգում։

Չափավոր թուլամտություն

Ինքնուրույն գործողություններ կատարելու ընդունակությունները նվազում են վիճակի հարաճուն վատացման պատճառով։ Խոսքի խանգարումներն ավելի արտահայտիչ են դառնում, քանի որ ընդհանուր բառապաշարի քանակի նվազման հետևանքով մոռացված բառերի փոխարեն հիվանդն առավել հաճախակի է սկսում օգտագործել ոչ ճիշտ բառեր (պարաֆրազիա)։ Թուլանում են նաև կարդալու և գրելու կարողությունները։ Ժամանակի ընթացքում շարժումների կոորդինացիան ավելի է խանգարվում՝ հատկապես բարդ հաջորդական շարժումների ընթացքում, որը նվազեցնում է մարդու ընդունակությունը ամենօրյա խնդիրների մեծ մասի կատարման տեսակետից։

Այս փուլում վատանում է հիշողությունը, հիվանդը կարող է չճանաչել հարազատներին։ Նախկինում չախտահարված երկարատև հիշողությունը նույնպես խանգարվում է և ավելի ակնհայտ են դառնում վարքի փոփոխությունները։

Հանդիպում են նաև նեյրոհոգեկան խանգարումներ՝ աննպատակ թափառել, երեկոյան սրացում (անգլ.՝ sundowning), գրգռվածություն, հուզական անկայունություն, որոնք արտահայտվում են լացով, հանկարծակի ագրեսիայով, իրենց խնամողների և օգնողների նկատմամբ դիմադրություն ցուցաբերելով։

Հիվանդների մոտավորապես 30 %-ի մոտ զարգանում են կեղծ նույնականացման և զառանցանքի այլ ախտանշաններ։ Հիվանդի հարազատների և խնամողների մոտ սրանք կարող են սթրեսի առաջացման պատճառ հանդիսանալ, որը թուլացնելու համար կարելի է հիվանդներին տնային պայմաններից տեղափոխել բուժհաստատություն։

Ծանր թուլամտություն

Հիվանդության վերջին փուլում հիվանդը լիովին կախված է մարդկանց օգնությունից։ Խոսքին տիրապետելը կրճատվում է մինչև առանձին ֆրազաների և, նույնիսկ, մինչև առանձին բառերի օգտագործման աստիճան, որի արդյունքում նորմալ խոսքը լիովին կորում է։

Չնայած վերբալ կարողությունների կորստին, հիվանդները հաճախ ընդունակ են հասկանալ և պատասխանել իրենց ուղղված հոգատոր վերաբերմունքին։ Չնայած այս փուլում նրանց մոտ դեռ կարող են լինել ագրեսիայի երևույթներ, հիմնականում հիվանդների վիճակը բնորոշվում է ապատիայով (հոգեկան անտարբերության հիվանդագին վիճակ, հուլություն) և հյուծմամբ։ Ինչ որ պահից սկսած նրանք չեն կարող կատարել նույնիսկ ամենահասարակ գործողություններն՝ առանց ուրիշների օգնության։

Հիվանդը կորցնում է մկանային զանգվածը, դժվարությամբ է շարժվում և որոշակի փուլում չի կարողանում նույնիսկ անկողնուց վեր կենալ և ինքուրույն սնվել։ Մահը հիմնականում վրա է հասնում կողմնակի պատճառներից, օրինակ՝ խոցերից, պնևմոնիայից, և ոչ թե կոնկրետ Ալցհայմերի հիվանդությունից։

Գենետիկա

Չնայած Ալցհայմերի հիվանդության տարածված ձևի պատճառը դեռևս գենետիկորեն հնարավոր չէ բացատրել, այնուամենայնիվ, հայտնի են հիվանդության հազվադեպ վաղ ձևի առաջացումը պայմանավորող երեք գեներ։ Ներկայումս, առավել արտահայտված գենետիկական ռիսկի գործոնը APOE գենն է, որի տարատեսակները, սակայն, կապված են հիվանդության միայն որոշ ձևերի հետ։

Ալցհայմերի հիվանդությունը չի բուժվում։ Բուժման հնարավոր մեթոդները միայն ազդում են արտահայտվող ախտանշանների վրա և իրենց բնույթով զուտ հիվանդի վիճակը թեթևացնող միջոցներ են։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook