Tuesday, April 30, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Մաշկի խնամքն անհրաժեշտություն է

Ժամանակակից բժշկության գերխնդիրը մարդու կյանքի որակի բարելավումն է: Ժամանակակից էսթետիկ բժշկության գործունեության առանցքը՝ երիտասարդության ապահովում:  Դուք կարող եք նշանակալի գումար ծախսել՝ տարիներ շարունակ բոտոքսով անշարժացնել մկանները, ֆիլլերներով նոր ուրվագծեր հաղորդել, ի վերջո ձգել մաշկն ու կրկնակզակը վերացնել: Սակայն դրանք չեն տալու իրենց արդյունքը, եթե անխնամ է մաշկը:  Հատկանշական է, որ խնամված մաշկն ուղիղ համեմատական է երիտասարդ մաշկի հետ: Դրանք փոխլրացնում են միմյանց:

Որո՞նք են չխնամված մաշկի ռիսկերը:

Այո, չափազանց ռիսկային է մաշկը չխնամելը: Իսկ ի՞նչ է նշանակում չխնամել մաշկը: Մեր մաշկի առաջին թշնամին ուլտրամանուշակագույն ճառագայթներն են ու կոսմետիկան: Դրանք միասին իրական ատոմային ռումբ են մեր դեմքին հատկապես: Մեզ մեծամասամբ հասանելի կոսմետիկան հեռու է բնական լինելուց, որքան էլ այն գովազդվում է որպես այդպիսին: Դրանց տևական ժամանակ մաշկի վրա մնալն արդեն իսկ ռիսկ է: Քանի որ ժամանակի ընթացքում չորացնում, քայքայում է բնական հյուսվածքը, անհնարին է դարձնում օդի փոխանակությունը: Դադարում է նորմալ տեղային նյութափոխանակությունը: Բոլոր կոսմետիկ միջոցներն անխտիր վնասում են մաշկի բնական միկրոֆլորան, սնունդ հանդիսանում տեղային միկրոբների համար: Մաշկի տեղային իմունիտետը պայքարում-պայքարում է իր նախնական տեսքի համար, ու մի գեղեցիկ օր, պարզապես դադարում է ռեսուրսներ ունենալ: Քիչ ժամանակ անց այն չորանում է, հասանելի ու խոցելի դառնում տարատեսակ վարակների ու մանրէների նկատմամբ: Պայմանական պաթոգեն միկրոֆլորան ակտիվանում է: Իսկ այն դեպքերում, երբ մաշկի վրա ժամանակ առ ժամանակ այլ միջամտություններ են արվում, մասնավորապես բոտոքսի, հիալուրոնաթթվի ներարկումներ, առավել նկատելի է դառնում խնամքի բացակայությունը: Չոր, առաձգականությունը կորցրած, ճաքճքած մաշկն էլ հենց ծերության տեսողական էֆեկտ է ապահովում:

Ինչպե՞ս խնամել ինքնուրույն:

Ինքնուրույն խնամքը ևս իրատեսական է: Պետք է նախ ճանաչել սեփական մաշկը, հասկանալ դրա տեսակն ու այն բոլոր միջոցները ֆիքսել, որոնցից այն գրգռվում ու անհանգստանում է: Իսկ դրանք հիմնականում մի քանիսն են՝ շոկոլադ, տապակած կերակրատեսակներ, մասնավորապես կարտոֆիլ, մայոնեզ, արհեստական հավելումներ շատ պարունակող մթերքներ, սուրճ, թեյի ակտիվ տեսակներ, գազավորված ընպելիքներ: Այո, ցանկը երկար է, բայց հանուն գեղեցկության կարելի է սահմանափակումներով ապրել:

Ինքնուրույն խնամքը ենթադրում է մաշկի տիպին համապատասխան խոնավացնող, իսկ տարիքի հետ նաև՝ սնուցող քսուքների կիրառություն: Կարևոր է արևի ճառագայթներից պաշտպանելը:

Ո՞ր դեպքում է այցը մասնագետի պարտադիր

Բժիշկ կոսմետոլոգին այցը պարտադիր է այն դեպքում, երբ խոնավացումը, սնուցումը, ինչպես նաև քսուքների կիրառությունը հակառակ ազդեցությունն են բերում:  Դա կարող է պայմանավորված լինել մաշկային սնկային ախտահարումներով, ալերգիկ ռեակցիաներով: Ինչպես հայտնի է, մաշկը մեր օրգանիզմի հայելին է: Նյութափոխանակային խանգարումներն ու հորմոնային հավասարակշռության խախտումները հաճախ են դրսևորվում հենց դեմքի մաշկի վրա: Իսկ դրանց դեմ ինքնուրույն պայքարը ոչ միայն անիմաստ է, այլև՝ անթույլատրելի: Դրանց հետևում կարող են թաքնված լինել լրջագույն հիվանդություններ, որոնց օր առաջ հայտնաբերումը չափազանց կարևոր է բուժման արդյունավետության տեսանկյունից:

Այսպիսով, ինքնուրույն նախնական խնամքը, մշտապես առողջ սնունդը, նյութափոխանակության նորմալ վիճակը այն կարևորագույն բաղադրիչներն են, որ մաշկից կհեռացնեն տարիների դրոշմը: Իսկ հակառակ պարագան մեր գերզարգացած բժշկության ու կոսմետոլոգիայի դարում պարզապես անթույլատրելի է:

Նյութի աղբյուրը՝ healthmag.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook