Wednesday, May 8, 2024
ՀիվանդություններՆորություններ

Մասնագետը նշել է՝ ինչ լուրջ խնդիրների պատճառ կարող է դառնալ ծաղկափոշու նկատմամբ ալերգիկ ռեակցիան

Ալերգիաները բավական տարածված խնդիր են, որոնք կարող են դրսևորվել մի շարք տհաճ ախտանշաններով ու ինքնազգացողության զգալի վատթարացմամբ։ Նման ռեակցիայի զարգացման պատճառ հանդիսացող ամենատարածված ալերգեններից մեկը համարվում է ծաղկափոշին, ուստի զարմանալի չէ, որ ծաղիկների ու ծառերի ծաղկման շրջանում ալերգիաներ ունեցողների ինքնազգացողությունը կտրուկ վատթարանում է։ Այնուամենայնիվ խնդիրն այն է, որ մարդիկ հաճախ անուշադրության են մատնում ալերգիկ ռեակցիաներն ու դրանց դրսևորումները՝ հաշվի չառնելով, որ որոշ դեպքերում անգամ առաջին հայացքին նման անկարևոր թվացող խնդիրը կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ։

Իմունաբան Վլադիմիր Բոլիբոկը ներկայացրել է ծաղկափոշու նկատմամբ ալերգիկ ռեակցիայի դրսևորումներն ու հիմնական վտանգները, որոնցից մեկն այն է, որ օրգանիզմի նման ռեակցիան կարող է ի հայտ գալ ոչ միայն այս կամ այն տեսակի ալերգիաներ ունեցողների, այլև երբևէ նման խնդրի չբախված և բացարձակապես առողջ մարդկանց մոտ։

Նրա խոսքով՝ ալերգիան մարդու իմունային համակարգի չափազանց ուժգին ռեակցիան է ամեօրյա խթան հանդիսացող ալերգենին։ Գարնանը մարդիկ առավել հաճախ շփում են ունենում ծաղկող ծառերի ծաղկափոշու հետ, իսկ ամռանը՝ այլ բույսերի։

«Ընդ որում՝ կան մարդիկ, որոնց իմունային համակարգը չափազանց ուժգին է արձագանքում ծաղկափոշուն, և ի հայտ է գալիս ալերգիա։ Այն կարող է զարգանալ ի պատասխան բուսական սպիտակուցին», – նշել է Բոլիբոկը՝ մանրամասնելով, որ տաք ու խոնավ միջավայրում հայտնվելով ծաղկափոշու հատիկները կարևող են «աճել» ու մեծ քանակությամբ սպիտակուց ձևավորել։

Ինչպես պնդում է իմունաբանը, շնչուղիներում հայտնված ծաղկափոշին խթանում է դրանց զգայունությունը սուր ռեսպիրատոր վիրուսային վարակների նկատմամբ, ինչն էլ պարզվել է COVID-19-ի համավարակով պայմանավորված մի շարք հետազոտությունների ժամանակ։ Սա նշանակում է, որ ալերգիկ ռեակցիան կարող է շատ լուրջ հետևանքների հանգեցնել։

«Տվյալ ռեակցիայի վտանգը պայմանավորված է նրանով, որ ծաղկափոշին անցնում է շնչուղիներով, և չափազանց ուժգին ռեակցիայի դեպքում նկատվում է լորձաթաղանթի այտուց և շնչուղիների սպազմ ու խցանում։ Մարդը զրկվում է շնչելու հնարավորությունից, ինչը հանգեցնում է մահվան», – բացատրել է մասնագետը՝ հավելելով, որ ալերգիաների դեպքում կարող են խանգարվել նաև լսողությունն ու տեսողությունը։

«Քիթըմպանի լորձաթաղանթները այտուցվում են, ներքին լսողական անցուղին խցանվում է և նկատվում է լսողության վատթարացում։ Սա հանգեցնում է լսողության կորստի ու ականջաբորբի (օտիտ) զարգացման։ Բացի այդ, մարդը կարող է բախվել նաև կոնյուկտիվիտի (շաղկապենաբորբ) և եղջերաթաղանթի վնասվածքի խնդրին», – ընդգծել է Բոլիբոկը՝ շեշտելով, որ այս ամենից բացի ալերգիաների դեպքում մարդու մոտ կարող է նկատվել նաև աշխատունակության զգալի անկում։

Նյութի աղբյուրը՝ actualnews.org

Leave a Reply

x Close

Like Us On Facebook