Tuesday, April 30, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Մասնագետները ներկայացրել են՝ որ վարժություններն են բարձրացնում սրտի նոպայի հավանականությունը

Ֆիզիկական ակտիվությունն անչափ կարևոր է մարդու առողջության ու լավ ինքնազգացողության համար, սակայն որոշ դեպքերում մարզումները կարող են բավական վտանգավոր լինել՝ բարձրացնելով սրտի նոպայի հավանականությունը։ 2020 թվականին Ամերիկյան սրտաբանական ընկերակցության անցկացրած մետաանալիզը, որի արդյունքները հրապարակվել են Circulation պարբերականում, ցույց է տվել, որ բարձր ինտենսիվությամբ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է շատ վտանգավոր լինել։ Խոսքը, մասնավորապես, մարաթոնների ու տրիատլոնի մասին է, որոնք կարող են լուրջ վնաս հասցնել օրգանիզմին։

Գիտնականները վերլուծել են ավելի քան 300 գիտական հետազոտություն ու պարզել, որ սրտի նոպաների ու առհասարակ սրտամկանի հետ կապված այլ խնդիրների, այդ թվում նաև սրտի կանգի հավանականությունը ֆիզիկական նմանատիպ ծանրաբեռնվածությունների դեպքում կտրուկ բարձրանում է։

Դիտարկված հետազոտություններում գիտնականները նկատել են, որ ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածություններից հետո մեկ ժամվա ընթացքում սրտի նոպայի հավանականությունը բարձր է լինում 2-10 անգամ։ Ավելին՝ հետազոտություններից մեկն անգամ ցույց է տվել, որ վտանգը կարող է բարձր լինել մարզումն ավարտելուց հետո մինչև երկու ժամվա ընթացքում։

«Ավելի ու ավելի շատ մարդ է վազում մարաթոնների ժամանակ, մասնակցում տրիատլոններին ու կատարում բարձր ինտենսիվությամբ ինտերվալային մարզումներ։ Հարկավոր է գնահատել նման մարզաձևերի առավելություններն ու վտանգները», – նշել է հետազոտության հեղինակներից մեկը՝ բժիշկ Բարի Ֆրանկլինը։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook