Sunday, April 28, 2024
ՀիվանդություններՆորություններտեսանյութեր

Մարդիկ, որոնք ունեցել են սրտի հիվանդություն ու հաջողվել է թողնել ծխելը, մեծ տարբերություն են զգում. կամք դրսևորեք ու թողեք ծխելը. Սրտաբանի կոչը (Տեսանյութ)

Մայիսի 31-ը Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրն է:

Աշխարհում տարեկան 6 միլիոն մարդ մահանում է ծխելու հետևանքով առաջացող հիվանդություններից, իսկ 600 000 մարդ՝ «պասիվ ծխելու» հետևանքով առաջացող հիվանդություններից:

Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ Aysor.am-ը զրուցել է ՀՀ առողջապահության նախարարության ընտանեկան բժշկության գծով խորհրդատու, սրտաբան Սամվել Հայրումյանի հետ։

«Երբ համեմատվում ենք ուրիշ երկրների հետ, նույն հարևան Վրաստանի, իրենց մոտ 2017 թվականին են ընդունել փակ տարածքներում ծխելը արգելելու օրենքը, էլ չեմ ասում, որ եվրոպական երկրներում 2005-2007 թվականներին են անցել այդ կարգավորումներին։ Մեր մոտ, ինչպես մնացած դեպքերում, ամեն ինչ ավելի դժվարությամբ է ընդունվում, հատկապես, հասարակության մեջ, մարդիկ անսովոր են՝ ինչպես կարելի է գնալ սննդի կետ, ուտել, սուրճ խմել ու չծխել, մարդիկ կան, որ սուրճը չեն պատկերացնում առանց սիգարետի։ Մի քիչ ժամանակ է պետք, որ մարդիկ քիչ-քիչ ընտելանան ու գիտակցեն, որ ծխելը վնաս է. ծխելու վնասների մասին պետք է լրացուցչ ինֆորմացիա փոխանցել ու դա պետք է սկսել մանկապարտեզներից, դպրոցներից, առողջ ապրելակերպի դասընթացներ պետք է ավելացնել, որ մարդկանց մոտ ամրապնդվի այդ տեսակետը, թե ծխելն ինչքան վնասներ է տալիս», – նշում է նա։

Պետք է նաև ուժեղացնել վերահսկողությունը. ըստ մասնագետի՝ Երևանի կենտրոնում լավ պահվում է սահմանափակումները,  մինչդեռ, ծայրամասերում ու մարզերում այդքան էլ խիստ չէ։

«Չկա այսպիսի հասկացողություն՝ ծխողների իրավունք, կա առողջության իրավունք», պնդում է բշիշկ Հայրումյանը։

Հայաստանում, 2016 թվականի տվյալներով, 15-ից 19 տարիքային խմբում մոտ 15 տոկոս են կազմում ծխողները, 20-ից 34 տարեկանում թվերն արդեն աճում են, 35-ից 40 տարեկանների մոտ թիվը հասնում է 64,4 տոկոս, բարձր է նաև 50-ից 64 տարիքային խմբում՝ 56,6 տոկոս, իսկ 65-ից հետո սկսում է նվազել՝ մոտ 30 տոկոս:

«Նվազելն է գալիս է նրանից, որ մարդիկ սկսում են շատ հիվանդություններ ձեռք բերել, հիվանդություններն այնքան են խեղճացնում, որ սկսում են գիտակցել՝ ծխելը բերել է սիրտ-անոթային հիվանդություն, շնչառական հիվանդությունների շատացում ու ստիպված սկսում են պակասեցնել»,-ասում է ԱՆ ընտանեկան բժշկության գծով խորհրդատուն։

Ամբողջ աշխարհում տվյալներ կան, որ թոքի քաղցկեղի 90 տոկոսը ծխելու հետևանք է. մահերի 75 տոկոսը ծխելու հետևանքով է, սիրտ-անոթային հիվանդությունների հետևանքով մահվան դեպքերի մոտ 25 տոկոսն էլ ծխելու հետևանքով է։

Բժշկի խոսքվով՝ կան պացիենտներ, ովքեր վիրահատված են, պարտաճանաչ խմում են դեղերը, բայց, եթե շարունակում են ծխել, ցավոք սրտի, հիվանդությունը շարունակում է զարգանալ։ Հակառակ փաստն էլ գոյություն ունի. մարդիկ, որոնք ունեցել են սրտի հիվանդություն ու հաջողվել է թողնել ծխելը, մեծ տարբերություն են զգում ինքնազգացողության, սկսում է պակասել հազը, ախորժակն է լավանում։

Ծխող կանանց շրջանում, ցավոք սրտի, թվերը աճում են. «Եվրոպական զարգացած երկրներում ծխելն արդեն նորաձև չէ, մեր մոտ, հակառակը, թվում է, թե ծխելով ուզում են ցույց տալ իրենց դիրքը։ Կանանց մոտ, հատկապես, ունի բացասական հետևանքներ. ազդում է  պտղաբերության վրա, օրինակ, երբ ասում ենք՝ եկեք ու պատվաստվեք  կորոնավիրուսի դեմ, չգիտես որտեղից նյութեր են գտնում, որ, իբր թե, դա կարող է բերել չբերության, բայց այդ նույն մարդը ծխում է ու ազդում է դա պտղաբերության վրա», – պատմում է մասնագետը։

Բժիշկ Հայրումյանը կոչ է անում, որ ծխողները, նախևառաջ, մտածեն իրենց առողջության մասին, հետո՝ հարազատների. «Հաճախ ծխողը չի էլ նայում, որ տանը փոքր կա, մեծ կա, սկսում է ընտանիքի անդամների կողքը ծխել՝ առանց գիտակցելու, որ նրանք ենթարկվում են ռիսկի, հետևաբար, աշխատեք ձեր վրա, կամք դրսևորեք ու թողեք ծխելը»։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook