Thursday, May 2, 2024
Նորություններ

Նախարարը մարզի բժիշկների հետ քննարկեց բարեփոխումների ծրագրերը

«Շնորհակալություն, որ նվիրումով կատարում եք ձեր դժվարին աշխատանքը։ Շնորհակալություն, որ անցած 7 տարվա ընթացքում այսպես լավ պահպանել եք հիմնանորոգված ձեր հիվանդանոցը»,- Արմավիրի բժշկական կենտրոնի բուժաշխատողների հետ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի մասնակցությամբ կայացած հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը։

Նա կենտրոնի մի խումբ կին բուժաշխատողների` անմնացորդ աշխատանքի համար և կանանց տոնի կապակցությամբ պարգևատրեց  պատվոգրերով։

«Բոլորս գիտենք, որ մեր առողջապահությունը բուժման կարիք ունի։ Հայտնի են նաև ախտորոշումները»,-ասաց նախարարը`   անդրադառնալով ոլորտում առկա հիմնախնդիրներին։

Լևոն Ալթունյանը հավելեց, որ նախարարության թիմն այդ  խնդիրների լուծման դեղատոմսեր է պատրաստում։

Մատնանշելով բարեփոխումների հիմնական ուղղությունները`  նախարարը կարևորեց  ֆինանսական միջոցների արդյունավետ կառավարումը։

Բարեփոխումների ցանկում ներկայացվեց նաև էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրումը, որը հնարավորություն կտա վերլուծել բժշկի գործունեությունը, հիվանդի անցած ճանապարհը` հիվանդությունից մինչև առողջություն։

Անդրադարձ կատարվեց նաև բժշկական պարտադիր ապահովագրության ներդրմանը։ Լևոն Ալթունյանը նշեց, որ պետությունն իր վրա կվերցնի այսօր պետական պատվերով բժշկական ծառայություններ ստացող,  սոցիալապես անապահով խմբերի բժշկական ապահովագրությունը։

«Վճարունակ քաղաքացիների  պարտադիր ապահովագրավճարի չափերն այժմ հստակեցվում  են»,-ասաց նախարարը`  ներկայացնելով, որ ընդունելի ապահովագրավճարով կտրամադրվի պատշաճ բժշկական օգնության փաթեթ։

Բժշկական պարտադիր ապահովագրության ներդրումը միաժամանակ թույլ կտա իրականացվող ծառայությունների գները դարձնել իրատեսականին մոտ` բարձրացնելով  բուժաշխատողների աշխատավարձները։

«Մեր կողմից իրականացվող բարեփոխումները հիմնականում ուղղված են բժշկի արժանապատվության և հիվանդի համար բուժման հասանելիության ապահովմանը։

Հանդիպման ընթացքում նախարար Ալթունյանը պատասխանեց բուժաշխատողների բազմաթիվ հարցերին։

Նա բոլորին հորդորեց ակտիվորեն ներգրավվել ծրագրերի քննարկմանը։

«Ծրագրերն  ավարտուն տեսք  ստանալուց հետո կներկայացվեն բուժաշխատողներին` ակնկալելով  գործնական առաջարկներ»,-ասաց Լևոն Ալթունյանը` հավելելով, որ նախարարության դռները միշտ բաց են ցանկացած քննարկման համար։

Նշենք, որ մինչև հանդիպումը նախարարը ծանոթացել  էր կենտրոնում մատուցվող ծառայությունների ծավալներին, հագեցվածությանը, հիվանդների բուժման արդյունքներին։ Շրջայցի ընթացքում բարձրացված խնդիրներն առնչվում էին ինչպես բուժական, այնպես էլ`  կազմակերպական հարցերին։ Նախարարն առաջարկել է  մարզի առողջապահական խնդիրներն առաջիկայում համատեղ քննարկել։

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook