Sunday, April 28, 2024
ՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Ոտքերում ցավը, ծանրությունը, այտուցվածությունն ու հոգնածությունն անոթային խնդրի ահազանգ են

Ոտքերում ցավ, ծանրություն, այտուցվածություն, հոգնածություն. հաճախ շատերը այս խնդիրներին լուրջ չեն վերաբերվում՝ մտածելով, որ աշխատանքային օրվա ընթացքում երկարատև ոտքի վրա գտնվելուց հետո դա նորմալ է, բայց, ցավոք, այս ամենը կարող է բերել լուրջ հետևանքների:

«Արմենպրես»-ի «Հարց Բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում  այս մասին ասաց Միքայելյան համալսարանական հիվանդանոցի անոթային վիրաբույժ Լիլիթ Գալստյանը՝ անդրադառնալով ոտքերի անոթային խնդիրներին, որոնք, կարելի է ասել, ամռանն ավելի են գլուխ բարձրացնում:

Անդրադառնալով անոթային ամենահաճախ հանդիպող հիվանդությանը՝ մասնագետն ընդգծեց, որ վարիկոզ հիվանդությունը դրսևորվում է հիմնականում 6 փուլերով: Սկզբնական փուլում դրսևորվում է ոտքերում հոգնածության, ծանրության զգացումով, երբեմն ցավի առաջացմամբ: Հիվանդության ավելի ուշ փուլերում առաջանում են ոտքերում լայնացած երակներ, որոնք կոսմետիկ առումով հիվանդներին անհանգստացնում են, ինչից հետո նոր սովորաբար առաջին անգամ դիմում են բժշկի:

«Հետագայում ավելանում են հիվանդության մաշկային փոփոխությունները, պիգմենտացիան, իսկ ավելի ուշ փուլերում կարող են առաջանալ խոցային բարդություններ և չլավացող վերքեր: Կախված հիվանդության փուլից՝ մոտեցումը և բուժումը, բնականաբար, տարբեր է: Բոլոր դեպքերում շատ ցանկալի է հետագա բարդություններից  խուսափելու համար, որոնք կարող են լինել արյունահոսության, թրոմբոզների, թրոմբոէմբոլյաների տեսքով, վաղ դիմել բժշկի»,-ասաց մասնագետը:

Ըստ բժիշկ Գալստյանի անոթային խնդիրների կարող է հանգեցնել աշխատանքի բնույթը,  օրինակ՝ երկար ժամանակ ոտքի վրա գտնվելը, նստած դիրքով երկարատև աշխատելը, աշխատանքի բնույթը տաք պայմաններում, ինչպես նաև հղիությունները, ծննդաբերությունները, հավելյալ քաշը:

Անդրադառնալով այն տարածված կարծիքին, որ անոթային խնդիրները սրվում են ամռանը՝ շոգ եղանակով պայմանավորված, մասնագետը փաստեց, որ սովորաբար շոգ եղանակին լինում է անոթների լայնացում և այս դեպքում ավելի արտահայտված են լինում այտուցները, որն էլ պացիենտների հիմնական գանգատն է լինում:

Բժիշկ Գալստյանը խնդիրները մեղմելու, ինչու չէ նաև բուժելու համար խորհուրդ է տալիս հաճախակի քայլել, հեծանիվ քշել, սպորտով զբաղվել, որը նպաստում է արյան շրջանառության լավացմանը, այտուցների նվազեցմանը: Իսկ այն մարդկանց, ովքեր աշխատում են ամբողջ օրը միայն կանգնած կամ նստած դիրքում, խորհուրդ է տրվում անպայման որոշ ժամանակ կտրվել աշխատանքից քայլել, որպեսզի հետագայում չունենան հիվանդության դրսևորումը:

Արդյո՞ք բարձրակրունկ կոշիկները վնաս կարող են հասցնել ոտքերին: Ինչպիսի՞ ախտանշաններն են հուշում բժշկին դիմելու անհրաժեշտության մասին: Այս և մի շարք այլ խնդիրներին ու մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին առաջարկում ենք ծանոթանալ՝ լսելով փոդքաստը:

Շարքի հեղինակ՝ Գայանե Գաբոյան

Լուսանկարները՝ Հայկ Բադալյանի

Leave a Reply

x Close

Like Us On Facebook