Tuesday, May 7, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Որոնք են լոլիկների ամենաօգտակար ու վնասակար հատկությունները

Լոլիկներն ամռան ամենատարածված ու սիրված սննդամթերքի տեսակներից են, որոնք կիրառվում են ամենատարբեր աղցանների, ուտեստների և անգամ ըմպելիքների պատրաստման համար։ Այս մթերքը համարվում է անչափ օգտակար, քանի որ հարուստ է մեծ քանակությամբ վիտամիններով ու այլ սննդարար նյութերով, սակայն քչերին է հայտնի, որ անգամ նման օգտակար մթերքը որոշ դեպքերում կարող է հակացուցված լինել։ Սննդաբան Քսենիա Պուստովան ներկայացրել է լոլիկների ամենաօգտակար ու վնասակար հատկությունները՝ շեշտելով, թե որ հիվանդությունների դեպքում է դրանց գործածությունը հակացուցված։

Գիտնականները բազմիցս հետազոտություններ են անցկացրել լոլիկների օգտակարությունը հաստատելու համար, և դրանց արդյունքները ցույց են տվել, որ այս բանջարեղենը պարունակում է ոչ միայն տարատեսակ վիտամիններ, այլև մեծ քանակությամբ լիկոպին, որն էլ կարող է նվազեցնել երիկամների քաղցկեղի և շագանակագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը։ Բացի այդ, այն կարող է շատ օգտակար լինել նաև կատարակտով հիվցանդների ու տարեցների համար, որոնց մոտ տարիքի հետ նկատվում է աչքերի ցանցաթաղանթի նյարդային բջիջների քանակի ախտաբանական նվազում։

Առավել շատ լիկոպին է հայտնաբերվել վառ կարմիր գույն ունեցող լոլիկներում (մոտ 7 մգ), սակայն լոլիկի մածուկի կամ հյութի մեջ դրա պարունակությունը երկու անգամ բարձր է լինում (13-14 մգ)։ Բացի այդ, բանջարեղենի այս տեսակը պարունակում է նաև մանրաթելեր ու օրգանական թթուներ, որոնք նպաստում են մարսողության համակարգի աշխատանքի բարելավմանը։

Այնուամենայնիվ, Պուստովան շեշտում է, որ լոլիկները որոշ դեպքերում կարող են նաև խիստ վտանգավոր լինել, ուստի հարկավոր է անպայման հաշվի առնել, թե որ դեպքերում են դրանք հակացուցված։ Հարկ է հիշել, որ խոցային հիվանդության, գաստրիտի, հոդատապի, երիկամների հիվանդությունների կամ ստամոքսի բարձր թթվայնության դեպքում լոլիկների գործածությունը խիստ անցանկալի է դրանցում մեծ քանակությամբ թրթնջուկաթթվի պարունակության պատճառով։ Բացի այդ, լոլիկները կարող են հանգեցնել նաև միզասեռական համակարգի հիվանդությունների սրման, ուստի նման խնդիրների դեպքում ևս խորհուրդ է տրվում խուսափել լոլիկի գործածությունից։

Հարկ է հիշել, որ բանջարեղենի այս տեսակը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել նաև ալերգիաների առկայության դեպքում, քանի որ վառ գույնի պատճառով այն դասվում է նույնքան վտանգավոր ալերգենների շարքին, որքան շոկոլադն ու ցիտրուսային մրգերն են։

Նյութի աղբյուրը՝ actualnews.org

Leave a Reply

x Close

Like Us On Facebook