Thursday, May 2, 2024
Նորություններ

Որոնք են օրգանիզմում յոդի չափազանց բարձր մակարդակով պայմանավորված թունավորման մասին հուշող ախտանշանները

Յոդը մարդու օրգանիզմի համար ամենակարևոր սննդարար նյութերից մեկն է, իսկ դրա դեֆիցիտը կարող է առողջական լուրջ խնդիրների պատճառ դառնալ։ Այս տարրը մասնակցում է օրգանիզմում ընթացող մի շարք կենսական նշանակություն ունեցող ֆիզիոլոգիական գործընթացներին և շատ կարևոր նշանակություն ունի վահանաձև գեղձի՝ մարդու կարևորագույն օրգաններից մեկի ճիշտ աշխատանքի համար, ուստի զարմանալի չէ, որ մասնագետները հորդորում են անել հնարավոր ամեն բան յոդի դեֆիցիտը կանխելու համար։

Չնայած, որ յոդը խիստ անհրաժեշտ է մարդու օրգանիզին ու սննդակարգում դրանով հարուստ մթերք ներառելն անչափ կարևոր է, միևնույն է դրա չափազանց մեծ քանակությունը կարող է ոչ պակաս վտանգավոր լինել, ուստի այս խնդիրը ևս չի կարելի անտեսել։ Ինչպես նախազգուշացնում են Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ինստիտուտի մասնագետները, այս տարրի չարաշահումը կարող է դառնալ թունավորման պատճառ, ուստի խնդիրը հարկավոր է հնարավորինս շուտ ախտորոշել ու սկսել բուժումը։

Մասնագետների խոսքով՝ յոդը պահպանում է վահանագեղձի գործառույթները, իսկ այս օրգանի վիճակն ազդում է նյութափոխանակության համակարգի աշխատանքի վրա։ Ինստիտուտի տվյալներով՝ հասուն մարդկանց օրական մոտ 150 մկգ յոդ է հարկավոր, մինչդեռ այս չափաբաժինը զգալի գերազանցելը կարող է լուրջ վնաս հասցնել օրգանիզմին՝ դառնալով թունավորման պատճառ։ Բացի այդ, օրգանիզմում յոդի ավելցուկը կարող է դառնալ վահանագեղձի բորբոքման պատճառ ու նպաստել այս օրգանում չարորակ նորագոյացությունների զարգացման։

Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականներն իրենց հերթին նշում են, որ յոդի ավելցուկը հատկապես մեծ վնաս կարող է հասցնել վահանագեղձի լուրջ հիվանդություններ ունեցող մարդկանց, տարեցներին ու նորածիններին, ուստի հարկավոր է շատ ուշադիր լինել խնդրի մասին հուշող ախտանշանները ժամանակին նկատելու և միջոցներ ձեռնարկելու համար։

Օրգանիզմում յոդի ավելցուկով պայմանավորված թունավորման մասին հուշող ամենավառ ախտանշաններից մեկը վահանագեղձի ախտաբանական մեծացումն է՝ խպիպը (зоб)։ Այս հիվանդության դեպքում պարանոցի առջևի հատվածում արտասովոր նորագոյացություն է ի հայտ գալիս, որը որևէ բան կուլ տալիս կարող է շարժվել դեպի վերև և դեպի ներքև։ Խպիպի չափերը կարող են տարբեր լինել՝ կախված խանգարման ծանրության աստիճանից, ուստի հարկավոր է շատ ուշադիր լինել անգամ չնչին փոփոխությունը ժամանակին նկատելու համար։

Մեծացած վահանագեղձի մասին կարող են հուշել այնպիսի ախտանշանները, ինչպիսին են հազը, կոկորդում սեղմվածության զգացումը, ձայնի խռպոտացումը, կլման ու շնչառության դժվարացումը և արտասովոր ձայներով ուղեկցվող շնչառությունը, ուստի նման ախտանշանների դեպքում հարկավոր է անպայման դիմել ներզատաբանին ու բուժզննում անցնել։

Յոդի ավելցուկի հետևանքով թունավորման մասին կարող են հուշել նաև այլ ախտանշանները։ Առավել ծանր դեպքերում յոդի չափազանց բարձր մակարդակը կարող է հանգեցնել սրտի ռիթմի խանգարման ու անոթազարկի թուլացման՝ բարձրացնելով կոմայի վտանգը։ Սա է պատճառը, որ խնդիրը հարկավոր է հնարավորինս շուտ հայտնաբերել։

Այս խնդրի մասին հուշող առավել տարածված ախտանշաններն են բերանի խոռոչի, կոկորդի ու ստամոքսի այրոցը, մարմնի ջերմաստիճանի բարձրացումը, ստամոքսի ցավերը, ինչպես նաև սրտխառնոցն ու փորլուծությունը, ուստի այս տհաճ ախտանշանները ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։

Նման խնդիրներից խուսափելու համար գերակտիվ վահանագեղձ ունեցող մարդկանց մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել յոդի հավելումներ ընդունումից, ինչպես նաև շատ ուշադիր լինել ամենօրյա սննդակարգը կազմելիս։ Հարկավոր է հաշվի առնել, որ գոյություն ունեն յոդով հարուստ սննդամթերքի տեսակներ, որոնց գործածությունը նման դեպքերում հարկավոր է բացառել կամ սահմանափակել։ Սննդամթերքի այդ տեսակների շարքին են դասվում ելակը, լոռամիրգը, լամինարիան, կաթնամթերքն ու կաթնաշոռը, կարտոֆիլը, սալորաչիրը, թյունոսը, ձողաձուկը, հնդկահավի միսը, խովախեցգետիններն ու յոդով հարստացված աղը։

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru

Leave a Reply

x Close

Like Us On Facebook